Լրահոս
Օրվա լրահոսը

Դաժան սպանության ականատեսները

Ապրիլ 18,2003 00:00

Դաժան սպանության ականատեսները Ծնողազուրկ եւ անչափահաս 3 փոքրիկ աղջիկներ մնացել են 21-ամյա ավագ եղբոր խնամքին, որը ոչ մի տեղ չի աշխատում եւ չգիտի՝ ում դիմել։ Մինչեւ 1995թ. Վ. Հ.-ն կնոջ եւ 5 զավակների հետ ապրել է Արտաշատ քաղաքում։ Նույն թվականին ընտանիքը մեկնել է Լեռնային Ղարաբաղ եւ բնակություն հաստատել Քաշաթաղի շրջանի գյուղերից մեկում։ Այնտեղ մոտ 2 ամիս առաջ տեղի է ունեցել ահավոր ողբերգություն. հայրը երեխաների աչքի առաջ գազանաբար սպանել է կնոջը։ Արդարադատության մարմիններին թողնելով այդ սպանության հետ կապված բոլոր հարցերի պարզաբանումը, նշենք, որ երեխաների մորաքույրը անօգնական երեխաներին իր հետ բերել է Հայաստան եւ հանձնել Վերին Արտաշատ գյուղում բնակվող, ոչ մի տեղ չաշխատող հորեղբոր խնամքին։ Վերջինս իր վարձակալած խարխուլ շենքից մի փոքրիկ հարկաբաժին է հատկացրել երեխաներին։ Ընտանիքի 20-ամյա ավագ դուստրը ամուսնացել է Ղարաբաղում, բայց սոցիալապես անապահով ընտանիք ունի եւ օգնել չի կարող։ Ավագ եղբայրը հրաժարվում է քույրերին մանկատուն տանելու մտքից, նա չի ուզում բաժանվել մանկահասակ երեխաներից, որոնց գյուղում դպրոց չեն ընդունում՝ գրանցում չունենալու պատճառով։ Անօգնական ընտանիքը մի կերպ գոյատեւում է հարեւանների գթասրտության եւ կարեկցանքի շնորհիվ։ Շատերն են օգնում՝ ինչով կարող են (հագուստ, սննդամթերք, կենցաղային իրեր)։ Երեխաների վիճակը օրեցօր ավելի անհուսալի է դառնում։ Մոր կորուստը՝ դաժան մահը, ծանր հիշողությունները անընդհատ հետապնդում են նրանց, իսկ բանտում գտնվող հոր անունը նրանք լսել անգամ չեն ուզում։ Երեխաները անելանելի վիճակում են. չգիտեն ում դիմեն, ինչպես գոյատեւեն, ցավոք, բարեկամները նույնպես անզոր են։ Իսկ օգնել պետք է, փոքրիկները պետք է նպաստ ստանան, դպրոց հաճախեն, իսկ մեծերը՝ աշխատեն։ Դիմում ենք բոլոր բարեգործական կազմակերպություններին, կարեկից հոգու տեր եւ մարդասեր մեծահարուստներին եւ սոցապ նախարարությանը, Արտաշատի սոցիալական ծառայության եւ կրթության բաժինների աշխատակիցներին. օգնության ձեռք մեկնեք այս անապահով ընտանիքին, կարեկցեք փոքրիկներին, որոնք այսքան շատ դառնություն են ճաշակել։ ՄԵԼՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ Օգնել ցանկացողները կարող են զանգահարել հեղինակին՝ (022)- 3-33-23 հեռախոսահամարով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել