Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐ ՀԻՄԱ ԱՄԵՆ ՏԵՂ ԷԼ ՊԵՏՔ ԵՆ

Ապրիլ 18,2003 00:00

ԼԱՎ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐ ՀԻՄԱ ԱՄԵՆ ՏԵՂ ԷԼ ՊԵՏՔ ԵՆ Ըստ օրենքի, մինչեւ մարտի 25-ը կուսակցությունները պետք է հրապարակած լինեին իրենց ֆինանսական հաշվետվությունները։ Սա չի արվել առաջին հերթին երեւի այն պատճառով, որ սույն պահանջը սահմանող կուսակցությունների մասին օրենքը վերահսկողության մեխանիզմ չի նախատեսում։ Ֆինանսական հոսքերի թափանցիկության հարցն, ըստ էության, թողնված է կուսակցությունների հայեցողությանը։ Այս պայմաններում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունը այլ եղանակով է նախատեսում թափանցիկության ապահովումը, որը քննարկելու համար երեկ «Կոնգրես» հյուրանոցում հրավիրել էր քաղաքական գործիչների։ Կազմակերպությունը մտադիր է կուսակցություններից ստանալ նախընտրական արշավների ժամանակ ծախսված գումարների մասին տվյալներ, այնուհետեւ դրանք համեմատել լրատվամիջոցների անկախ մոնիտորինգի (որը կանցկացնի Երեւանի մամուլի ակումբը) արդյունքների հետ՝ համապատասխանությունը՝ հետեւաբար՝ թափանցիկությունն ու օրինականությունը որոշելու համար։ Իսկ թափանցիկությունը, հատկապես Հայաստանում, խոստանում է մի շարք նրբություններ ի հայտ բերել։ Արտասահմանյան մի շարք երկրներում, օրինակ, դեպքեր են գրանցվել, երբ շարքային քաղաքացին կուսակցության ինտերնետային էջից տեղեկացել է, որ այն ֆիրման, որտեղ ինքն աշխատում է, հարյուր հազարավոր դոլարներ է փոխանցել կուսակցության հաշվեհամարին այն դեպքում, երբ շարքային աշխատողն ամիսներ շարունակ աշխատավարձ չի ստացել։ «Թրանսփարենսի ինթերնեշնլը» հուսով է գոնե սրան հասնել, չնայած հարկ է նկատել, որ այս նախաձեռնությունը կուսակցությունների ֆինանսական հոսքերի թափանցիկության ապահովման համար ընդամենը փոքրիկ քայլ է։ Բանն այն է, որ իրականությունն այլ է. Հայաստանում ընտրությունների ընթացքում իշխանությունն ու իշխանական կուսակցություններն «անխղճորեն» օգտագործում են ոչ միայն պետական լծակները, այլ նաեւ ֆինանսները, եւ այդ անելիս ոչ միայն հանրությանն ու հարկատուներին չեն հաշվետու լինում, այլեւ իրենք իրենց հաշիվ չեն տալիս։ Հեռու չգնալով նշենք նախընտրական արշավների ժամանակ նախագահին ուղեկցող պետական չինովնիկներից ու համակիրներից կազմված շքախմբերը, որոնք երթեւեկում էին պետական ավտոմեքենաներով, օգտագործվում էր պետական ապարատի աշխատուժը, այդ թվում եւ մեծ մասամբ՝ աշխատանքային ժամերին։ Այս ընթացքում բարձրաստիճան պաշտոնյան կամ նախագահին սատարող կուսակցության ներկայացուցիչները, որոնք նաեւ չինովնիկներ են, թեկնածուին մարզեր էին ուղեկցում ոչ թե անձնական ավտոմեքենաներով, այլ ծառայողական։ Պետական միջոցների չարաշահման մի շարք օրինակներ կարելի է բերել։ Այս պայմաններում արդյոք հնարավո՞ր է ոչ իշխանական կուսակցություններից առավելագույն թափանցիկություն պահանջել։ Հարցի պատասխանը խնդրեցինք իշխանական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանից. «Նախագահը փոքրաթիվ կազմով էր գնում (ընտրարշավի), ինքն էր եւ իր անվտանգությունը, որն, ի դեպ, պահպանում էր ոչ թե նախագահի թեկնածուին, այլ նախագահին»։ Ինչ վերաբերում է չինովնիկներին, ապա պետք է որ պարոն Խաչիկյանն ընտրարշավի ընթացքում նախագահին ուղեկցած չլինի, որովհետեւ կարծում է. «Նախարարները քաղաքական պաշտոն զբաղեցնողներ էին եւ չեմ կարծում, թե հարկատուի հաշվին էին երթեւեկում։ Իսկ պետբյուջեով տրամադրվող միջոցները, որ տրամադրվում էին, բավականին սահմանափակ էին ձեր մատնանշած ծախսերը կատարելու համար»։ Այս ամենով հանդերձ, «սեւ» փողերը, որոնք, ի դեպ, օգտագործում են ոչ միայն իշխանական կուսակցությունները, ավելի մեծ մտահոգության առարկա են, որովհետեւ դրանց ոչ ծագումն է հիմնավորվում, ոչ էլ ծախսն է ձեւակերպվում։ Պարզվում է, կուսակցությունները երբեմն ուղղակի ստիպված են գաղտնի պահում կուսակցությունը անգամ օրինական կարգով ֆինանսավորած կազմակերպության կամ անձի անունը։ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի խոսքերով, «մեր երկրի պարագայում այդ թափանցիկությունը չապահովելը ինքնապաշտպանական մեխանիզմ է, որպեսզի ֆինանսական օրինական մուծումներ կատարած անձին չվնասեն, որպեսզի ապահովվի նրա անվտանգությունը, նաեւ ֆիզիկական անվտանգությունը»։ Մյուս կողմից, պարոն Զեյնալյանը կարծում է, որ «կարելի է փոխակերպել այն կապիտալը, որ կոչվում է վարկանիշ, հեղինակություն, ինչ-որ գումարի։ Նախագահական ընտրությունների ժամանակ ահռելի, անլսելի գումարներ վատնվեցին, ծախսվեցին թեկնածուներից մեկի կողմից, սակայն արդյունքում անհրաժեշտ եղավ, որպեսզի հաշվելուց հետո թվերն ուղղակի նկարվեն։ Այսինքն, իրենց դրած կապիտալն անհամարժեք էր թեկնածուի ունեցած վարկանիշին, հեղինակությանը»։ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ է կարծում, որ վարկանիշի ու հեղինակության առումով ընդդիմադիրները անհավասար լավ պայմաններում են գտնվում իշխանությունների նկատմամբ. «Բայց ժողովրդի համակրանքների առումով մենք ունենք առավելություն իշխանական թեւի նկատմամբ։ Հենց դա է այն հիմքը, որ մենք դեռ շարունակում ենք քաղաքական պայքարը»։ Իսկ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը անիմաստ է համարում ֆինանսների թափանցիկությանն ուղղված ցանկացած քայլ, «եթե ընտրության օրը, արեւի տակ մարդկանց փող է բաժանվում ու ոչ մեկը ընտրակաշառք տալու համար չի պատժվում։ Թե չէ՝ միշտ կարելի է լավ հաշվապահ ճարել, որը կուսակցության ֆինանսական հոսքերի վերաբերյալ անթերի հաշվետվություն կներկայացնի»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել