«ՍԴ-Ն ԽՈՐԱՑՐԵՑ ՃԳՆԱԺԱՄԸ» Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հայցի առնչությամբ Սահմանադրական դատարանի որոշումից հավասարապես դժգոհ են ե՛ւ իշխանամետները, ե՛ւ ընդդիմադիրները: ՀՀԿ-ն կողմ է հանրաքվեին «Միասնության» ղեկավար Գալուստ Սահակյանը մեր հարցին, թե արդյոք նոր ԱԺ-ում կընդառաջե՞ն ՍԴ առաջարկին եւ «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխմամբ հնարավորություն կստեղծե՞ն կազմակերպել վստահության հանրաքվե, պատասխանեց. «Իմ կարծիքով՝ այդ մասն ավելի շատ քաղաքական որոշում էր. մի տեսակ՝ հաշտեցնելու հասարակության մեջ առկա երկու բեւեռներին: Երդման արարողության ընթացքում այդ մասին խոսեց նաեւ նախագահը, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի հավատը վերականգնվի եւ հասարակությունը զերծ մնա այս բեւեռացումներից: Կարծում եմ՝ այդ նույն խնդիրն իր առջեւ դրել էր նաեւ ՍԴ-ն»: Նաեւ վստահություն հայտնեց, որ ՍԴ այդ առաջարկը կկատարի իր դերը. «Այո, խնդիր կա, որ պիտի կարողանանք լուծել՝ եւ ինչո՞ւ չէ՝ մեկ տարվա ընթացքում կարողանանք գտնել այդ բոլոր հակադրությունների պատասխանը: Եվ դա արժեւորում ենք, քանի որ եթե չդառնա իրողություն՝ էապես վատ ազդեցություն կունենա մեր հետագա զարգացումների վրա»: Սակայն նորից շեշտեց. «Իմ կարծիքով՝ այդտեղ խնդիրը քաղաքական, այլ ոչ իրավական հարթության մեջ է»: Վերջինիս առնչությամբ հիշեցրինք, որ ՍԴ որոշման այդ՝ 6-րդ կետում մատնանշված է իրավական հիմքը եւ հղում կա Հիմնական օրենքին, թե «Հանրաքվեի մասին» օրենքը պիտի համապատասխանեցվի Սահմանադրության 2-րդ հոդվածին: Ըստ այդմ՝ ՀՀ-ում ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է նաեւ հանրաքվեների միջոցով եւ ամենակարեւորը. «Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Հիշեցումից հետո պրն Սահակյանն ասաց. «Բնականաբար, չեմ ասում, թե ՍԴ-ն իրավունք չուներ դա անելու: Պարզապես պարզաբանում եմ, թե դա ինչպես պետք է հասկանալ ու նաեւ դրա հետեւանքները»: Նրա տեսակետով՝ ՍԴ որոշման այդ կետը պետք է հասկանալ այսպես՝ «առաջարկությունը կունենա ավելի շատ քաղաքական հետեւանքներ, քան իրավական»: Իշխանամետ թերթերից մեկի թղթակցի զայրացած հարցին՝ «Փաստորեն, ստացվում է, որ եթե ՍԴ առաջարկն ընդունվի՝ կունենանք մի նախադեպ, որ հետո արդեն պրակտիկա կդառնա՝ ամեն ընտրություններից հետո մի հատ էլ հանրաքվե պետք է անել ու հարցնել՝ ժողովուրդ, համաձա՞յն ես ընտրությունների արդյունքներին, թե՞ ոչ»՝ «Միասնության» ղեկավարը պատասխանեց. «Ես էլ կողմնակից չեմ նախադեպերի, որոնք կարող են առաջացնել անընդհատ լարվածություններ մեր պետության ներսում: Բայց համոզումս այս է՝ անկախ նրանից, թե ՍԴ-ն ինչպիսի առաջարկ կաներ, այդ խնդիրը մենք ունենք»: Որոշակիացրեց՝ նույնիսկ եթե ՍԴ-ն չառաջադրեր տվյալ լուծումը՝ պետությունը որեւէ կերպ պիտի լուծեր առճակատման խնդիրը: Ի դեպ, վկայակոչելով ՍԴ նիստերում իր ստացած տեղեկատվությունը՝ Գալուստ Սահակյանը պնդեց. «Չսահմանազատվեց, թե ընտրախախտումների մասնակիցներն ովքեր են՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության ներկայացուցիչները»: Սակայն երբ մատնանշեցինք, որ ՍԴ որոշմամբ ոչ հավաստի արդյունքները կրճատվել են առավել ձայներ ստացած թեկնածուից, այսպիսով ընդունելով, որ խախտումները կատարվել են հօգուտ Քոչարյանի՝ պրն Սահակյանն ասաց. «Խախտումը որ կողմից էլ ուզում է լինի՝ պատասխանատուն, ըստ օրենքի, լինում է շատ ձայներ հավաքածը»: ՀՅԴ-ն էլ է կողմ հանրաքվեին Առավել կտրուկ էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի մեկնաբանությունները, որը նշեց, թե ՍԴ որոշման մեջ իրավական գնահատականներին խառնվել է նաեւ «քաղաքական հայտարարագիր»: Խոսքն էլի վստահության հանրաքվեի վերաբերյալ առաջարկի մասին էր, որն «առնվազն տարակուսելի» է համարում ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչը. «Այդ առաջարկը՝ այն է, մեկ տարվա ընթացքում հանրաքվեի ճանապարհով վերահաստատել նախագահի իրավասությունները, լիազորությունները, լեգիտիմությունը՝ խորը հակասության մեջ է փաստաթղթի մնացած ողջ բովանդակության եւ տեքստի հետ, որը հաստատում է նախագահի ընտրված լինելը եւ լեգիտիմությունը»: Վահան Հովհաննիսյանի ուշադրությունը հրավիրեցինք, որ ՍԴ որոշման ամբողջ տեքստում բազմաթիվ են արտահայտությունները, թե «տեղ են գտել այնպիսի խախտումներ, որոնք իրենց բնույթով անհարիր են երկրի ժողովրդական հետագա զարգացումներին», անհամատեղելի են մարդու իրավունքների վերաբերյալ այն դաշնագրերին, որոնց միացել է Հայաստանը, եւ մեր երկրի ստանձնած պարտավորություններին: Որոշման մեջ նաեւ մատնանշված են նույն տեղամասում էապես տարբեր ամփոփիչ արձանագրությունները, «իրավական առումով հիմնավոր փաստարկված է, որ տեղ են գտել քվեաթերթիկների լցոնման, ձայների սխալ հաշվարկի, այլոց փոխարեն սխալ հաշվարկի» եւ այլ էական խախտումներ: Այնպես որ՝ այս որոշման ողջ բովանդակության եւ տեքստի հետ առավել «խորը հակասության մեջ» է այդ թվարկումից հետո Քոչարյանին ՀՀ նախագահ ընտրելու մասին ԿԸՀ որոշումն անփոփոխ թողնելը: Մեր այս դիտարկումների առնչությամբ պրն Հովհաննիսյանն ասաց, թե որոշման «մեխը» համարում է այն կետը, ըստ որի՝ ԿԸՀ որոշումը մնում է անփոփոխ, թեեւ «Հսկայական քանակությամբ փաստեր կարող էին նշված լինել կամ չլինել: Նշված է նաեւ, որ երկուստեք են կատարվել այդ բոլոր խախտումները: Այդ մասին բազմաթիվ նիստերի ժամանակ խոսվել է»: Ստիպված էինք նրան էլ հիշեցնել, որ ՍԴ որոշման մեջ որեւէ բառ չկա երկուստեք խախտումների մասին, փոխարենը՝ ոչ հավաստի արդյունքները կրճատվել են Քոչարյանի ձայներից: Վահան Հովհաննիսյանը որոշակիացրեց, թե նիստերի ընթացքում է խոսվել երկուստեք խախտումների մասին. «Ինչ վերաբերում է որոշմանը՝ բնական է, հանում են հաղթողից, բողոքողին բավարարելու համար: Եվ ճի՛շտ են անում. ի դեպ, որոշման այս մասը մենք ողջունում ենք: Սա թող դաս լինի բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ իրենց լպրծուն կեցվածքով կարող են օգտակար լինել այս կամ այն իշխանավորին: Նրանց, ովքեր իրենց պահվածքով իսկապես մաքուր հաղթանակը կեղտոտելով՝ ե՛ւ երկիրը, ե՛ւ հասարակությանը դրեցին դժվար կացության մեջ»: Առաջարկեցին հրապարակել այդ անունները, սակայն նա հայտնեց, թե սպասելու է, որ դրանով զբաղվեն պետական ինստիտուտները: «Առավոտի» մյուս հարցն էլ վերաբերում էր այն պնդմանը, թե վստահության հանրաքվեի մասին առաջարկը քաղաքական է. մեր հիշեցմանը, որ այդ առաջարկում հղում կա Սահմանադրության 2-րդ հոդվածին՝ պրն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Ինձ համար բացարձակապե՛ս հստակ չէ այդ պարբերության կապը Սահմանադրության տվյալ կետի հետ: Եթե արվում է ակնարկ, որ երկրում տեղի է ունեցել իշխանության բռնազավթում՝ ուրեմն մեր ՍԴ-ն պետք է ունենար այնքան քաղաքացիական խիզախություն, որ ասեր, թե տեղի է ունեցել բռնազավթում կամ կա դրա կասկածը, ու ԿԸՀ որոշումը սխալ է, ուժի մեջ չէ, եւ պետք է տեղի ունենան նոր ընտրություններ: Բայց եթե ՍԴ-ն ասում է՝ ո՛չ, նախագահը լեգիտիմ է… ապա այդ դեպքում հասկանալի չէ՝ այդ ի՞նչ նկատի ունեն այս վկայակոչմամբ, Սահմանադրության հենց այդ կետի հետ կապելով այս պարբերությունը»: Հետաքրքրվեցինք, թե հաջորդ ԱԺ-ում Դաշնակցությունը չի՞ աջակցելու վստահության հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին: «Ցանկացած ժողովրդավարական զարգացմանը մենք լինելու ենք «կողմ», այդ թվում՝ նաեւ «Հանրաքվեի մասին» օրենքի բարեփոխմանը եւ այն Սահմանադրության համապատասխան հատվածների հետ համապատասխանեցմանը,- պատասխանեց Վահան Հովհաննիսյանը:- Մենք հստակ կողմ ենք լինելու, որովհետեւ մեզ համար ավելի կարեւորը ոչ թե այդ (փաստորեն՝ սիստեմատիկ ցնցումների մեջ երկիրը գցող) իշխանության լեգիտիմության վերահաստատումներն են, այլ մի խնդիր: Գաղտնիք չէ, որ մեր երկիրը կարող է կանգնել շատ լուրջ, վճռական հարցերի առջեւ, եւ որպեսզի նախագահն այդ հարցերում վստահ լինի, որ հասարակության մեծամասնության տեսակետն իր մոտեցումներին համապատասխանում է՝ կարող է անցկացնել նման հանրաքվեներ»: Պա՛րզ խոսիր «Ժողովրդի ձայն» խմբի ղեկավար Գրիգոր Հարությունյանը տարակուսած էր, թե ինչո՞ւ են իշխանամետները դժգոհում ՍԴ որոշումից. «Դժգոհ են, որ Ռոբերտ Քոչարյանին անօրինական ձեւով ՍԴ-ն թողեց պաշտոնավարել եւս 5 տարի՞»: Հարցին, թե ՍԴ որոշումը նպաստելո՞ւ է քաղաքական դաշտի առաջացմանը, հետեւեց պատասխան. «Այս որոշումը երբե՛ք չի տանում նրան, որ մեղմվի հասարակության մեջ առկա լարվածությունը: Ընդհակառա՛կն: Անհասկանալի արտահայտությունները, մյուսը… Է՜, կոնկրետ ասա՝ կա՛մ այսպես է, կա՛մ այնպես»: Նրա համար ընդունելի չէր նաեւ 1 տարում ԱԺ-ին օրենքի փոփոխություններ առաջարկելու ՍԴ նախաձեռնությունը. «Օրենսդիրն ինչ կուզի՝ կանի, կուզի՝ ժամկետ կդնի, կուզի՝ ժամկետ չի դնի: Դու ո՞վ ես»: Գրիգոր Հարությունյանն անդրադարձավ ՍԴ որոշման հետեւյալ պարբերությանը, թե ԼՂՀ-ում ընտրատեղամասեր ստեղծելու վեճը «իրավական դիրքորոշման առարկա չէ», մասնավորապես «ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին չմիջամտելու եւ չվտանգելու առումով»: «Ամոթ էլ է: Իսկ ինչո՞ւ է ՍԴ-ն քաղաքականացնում հարցը»,- ասաց ՀԺԿ քարտուղարը: Նա չընդունեց, որ ընդդիմությունը պարտվել է ՍԴ-ում. «Կարծում եք՝ Ռոբերտ Քոչարյանը հաղթե՞լ է երեկ: Կարծում եմ, որ իշխանական ճգնաժամն էլ ավելի է խորացել: Այս ի՞նչ հաղթանակ է: Ոստիկաններով շրջապատված երդումը հաղթանա՞կ է: Իրենք իրենց ստվերից էլ են վախենում արդեն»: Հռոմի պապից ավելի կաթոլիկ Թեեւ անգամ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն էին կողմ վստահության հանրաքվեի անցկացմանը՝ Կոմկուսի խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանը գերազանցեց իշխանամետ ուժերին, եւ այդ առաջարկի մասին ասաց. «Մեր դիրքորոշումը միանշանակ է՝ հիմա պետք չի խոսել վստահության հանրաքվե անցկացնելու մասին: Հարկավոր է ստեղծել ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն եւ մեր ներքին հարցերը լուծել այդ ճանապարհով»: Իսկ ամենազուսպը «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանի գնահատականն էր ՍԴ վճռին. «Այսօրվա իրականության մեջ ուրիշ բան ենթադրելի չէր»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ