Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԵԿՈՒՅՑԸ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Ապրիլ 18,2003 00:00

ԶԵԿՈՒՅՑԸ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԼՂՀ հարցերով ԵԽ ԽՎ-ի (Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով) զեկուցող Թերի Դեւիսը երեկ ժամանեց Երեւան։ Մինչ այդ պրն Դեւիսը այցելել էր Բաքու։ «Զվարթնոց» օդանավակայանում պատասխանելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին, Թերի Դեւիսն ասաց. «Իմ աշխատանքն է գրել զեկույց ԵԽ ԽՎ-ի համար, Լեռնային Ղարաբաղի շատ բարդ խնդրի վերաբերյալ։ Իմ նպատակը չէ ԵԱՀԿ-ին փոխարինելը, սակայն իմ զեկույցում կընդգրկվի նաեւ այն, ինչ անում է ԵԱՀԿ-ն»։ Իսկ ի՞նչ նշանակություն կունենա այդ զեկույցը. «Այն կքննարկվի ԵԽ ԽՎ-ում, որովհետեւ մենք շատ շահագրգիռ ենք այդ խնդրով։ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն երկու տարի ԵԽ անդամ են եւ շատ բնական է, որ մենք հետաքրքրված ենք այդ հարցով, որովհետեւ այդ խնդիրը վերաբերում է մեր երկու անդամ երկրներին։ Ես կցանկանայի աջակցել այդ հարցում, եւ դա է պատճառը, որ ստանձնեցի այդ պատասխանատվությունը։ Սակայն մինչեւ տարվա վերջ այդ զեկույցը ես չեմ հրապարակի»։ Պրն Դեւիսն ասաց, որ այդ բանը կարվի երկու երկրներում ամեն տեսակի ընտրությունների ավարտից հետո։ Արդյո՞ք ԵԽ ԽՎ-ի զեկուցողը իր զեկույցը գրելուց առաջ չի պարտավորվում լինել նաեւ Արցախում. «Ես հուսով եմ, որ մինչեւ զեկույցն ավարտելը հնարավորություն կունենամ Ղարաբաղ այցելել, բայց ոչ այս անգամ։ Հայաստանյան այս այցի ընթացքում հանդիպում եմ ունենալու նաեւ Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Իմ գործընկեր Հովհ. Հովհաննիսյանը ասել էր, որ ես կարող եմ գնալ, հնարավորություն կլինի գնալ Ղարաբաղ։ Բաքվում նույնպես ասացին, որ լավ միտք է Ղարաբաղ գնալը»։ Ե՞րբ կլինի Արցախի հիմնահարցի վերջնական խաղաղ լուծումը. «Ես չգիտեմ, դա է պատճառը, որ այստեղ եմ գտնվում եւ զեկույց եմ գրում։ Ես դեռեւս չեմ որոշել, թե ի՞նչ եմ գրելու զեկույցում, ի՞նչ եմ զեկուցելու։ Ինչպես ես մի քանի անգամ ասացի՝ ե՛ւ ադրբեջանցիներին, ե՛ւ հայերին, որ լսելու եմ երկու կողմերին, այնուհետեւ կորոշեմ, թե ի՞նչ ասել»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել