Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿԴ ՊԱՀԻՐ ՔԵԶ

Ապրիլ 18,2003 00:00

ԱՌԱՋԱՐԿԴ ՊԱՀԻՐ ՔԵԶ Մարտի 16-ին ՀՀ Սահմանադրական դատարանի հրապարակած լիրիկական զեղումներով հագեցած եզրակացությունն, ըստ էության եւ ուղղակիորեն ամրագրեց ԿԸՀ մարտի 11-ի որոշումը, որով ՀՀ ընտրված նախագահ էր ճանաչվել Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որում, սա էր ՍԴ հրապարակած եզրակացության միակ կետը, որով վերջինս միանշանակ ու սպառիչ պատասխան էր տվել ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի՝ ՍԴ-ին ուղղված դիմումին: Մնացյալը, ինչպես ՀՀ Գլխավոր դատախազության երեկ տարածած հաղորդագրության մեջ է ասված, միայն «բարոյաքարոզչական, ընդհանուր ուսուցողական եւ լոկ հռչակագրային» բնույթի փաստաթուղթ էր, ինչը բացառությամբ մեկ-երկու դրույթի, իրավական հետեւանք չի ունենալու: Խոսքն այս դեպքում անգամ «վստահության հանրաքվե» անցկացնելու մասին է, որն արված է ընդամենը առաջարկության ձեւով: Թեմայից շեղվելով հիշեցնենք, որ նման մի առաջարկություն էլ նա արել էր «ԱրմենՏելի» մենաշնորհը հինգ տարվա ընթացքում վերացնելու եւ «Հեռահաղորդակցության մասին օրենքը» այդ մասով ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար: Հինգ տարին արդեն լրացել է, բայց այս մասով էլ ոչինչ չի փոխվել: Ասել կուզենք, որ նույնիսկ իրավական ուժ ունենալու դեպքում էր կասկածելի, թե ՀՀ իշխանություններն ու մասնավորապես օրենսդիր մարմինն այդ՝ «Հանրաքվեի մասին» օրենքը ՀՀ Սահմանադրությանը համահունչ դարձնելու եւ վստահության հանրաքվե նշանակելու առնչությամբ ՍԴ առաջարկը կկենսագործեին: Այդուհանդերձ, ՍԴ նիստի ավարտից անմիջապես հետո հստակ էր, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ընթերցած խուճուճ ու, ըստ էության, գործնական բնույթ չկրող նախադասությունները, նույնիսկ մեկ տարվա ընթացքում «վստահության հանրաքվեի» մասին առաջարկությունը, ամենեւին էլ չեն ոգեւորել ընդդիմությանը: Թվում էր, ՍԴ այս եզրակացությունից պետք է գոհ մնային գոնե իշխանությունները: Գուցե նրանք նույնիսկ նախընտրեին լռել, առավել եւս, որ որոշ տեղեկություններով, ՍԴ եզրակացությունը գրվել է արդարադատության նախարարությունում: Որքանով է դա հավաստի եւ ինչու էր իշխանություններին պետք եղել այս տեքստը, այլ քննարկման խնդիր է, բայց, փաստն այն է, որ հետաքրքրասեր լրատվամիջոցներն իրենց հարցադրումներով փաստորեն սադրեցին իշխանություններին տեսակետ հայտնել՝ դժգոհելու որոշումից: Չի կարելի ասել, թե նրանք այդ անելու հիմքեր չունեն: Ռ.Քոչարյանի մամլո գրասենյակը անդրադառնալով ՍԴ որոշմանը՝ հայտարարեց, որ ՍԴ որոշման մեջ «միմյանցից հստակորեն տարանջատվել են ընտրությունների արդյունքը հաստատող դրույթը եւ հասարակական վստահությունը կարեւորող առաջարկները: ՍԴ որոշման այդ մասը պարզապես առաջարկ է, որը ճիշտ կլիներ ամրագրել ոչ թե դատական ակտի մեջ, այլ ներկայացնել որպես առանձին անհատների առաջարկ: Նման առաջարկն առնվազն զարմանք է հարուցում եւ բնականաբար չի կարող իրավական որեւէ ազդեցություն կամ հետեւանք ունենալ: Ռոբերտ Քոչարյանը վստահության քվե ստացել է ընտրությունների արդյունքում՝ հաղթելով 67,5% համոզիչ առավելությամբ, եւ չի պատրաստվում ընդունել որեւէ առաջարկ»: Եվ, իրոք, ծիծաղելի է, երբ ընտրություններ կեղծած իշխանություններին ոչ թե պարտադրում են, կամ անվավեր են ճանաչում նրա անցկացրած ընտրությունները, այլ ընդամենը առաջարկում են այն կրկնել մեկ տարվա ընթացքում: Բնական է, որ այդ իշխանության պատասխանը հենց այդպիսին էլ պետք է լիներ: ՍԴ որոշման մեջ կետեր կային, որոնք վերաբերում էին ընտրական հանձնաժողովների կամայականություններին, ընտրախախտումներին: Անդրադառնալով դրանց՝ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը մեզ փոխանցեց, որ «դրանք տեղի են ունեցել ընտրատարածքներում» եւ ԿԸՀ-ին ուղղակիորեն ուղղված չեն, ավելին՝ ասաց, թե նույնիսկ դրանք «վիճելի» են: ՍԴ որոշման մեջ կային դրույթներ, որոնք անմիջականորեն ուղղված էին ՀՀ Գլխավոր դատախազությանը, ու բնական էր, որ վերջինս էլ երեկ ստիպված եղավ արձագանքել դրան իր հաղորդագրությամբ՝ արձանագրելով, որ ՀՀ դատախազության սահմանադրական կարգավիճակին առնչվող մի շարք դրույթներ «ակնհայտորեն դուրս են դատական որեւէ ատյանի լիազորությունների շրջանակից»: Ամեն ինչ, կարծես, հաշվված լինի ու նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ եթե ՍԴ որոշումից դժգոհ են բոլոր կողմերը, առավել եւս՝ իշխանությունները, ուրեմն այստեղ ինչ-որ բան կա, որ ձեռնտու չէ Ռոբերտ Քոչարյանին, ուստի բնական կլիներ, եթե դրանով ոգեւորված լիներ ընդդիմությունը: Գուցե հենց այս է եղել իշխանությունների ուզածը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել