Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Ապրիլ 17,2003 00:00

ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների մրցույթն անցկացվում է 6-րդ անգամ։ Բայց առաջին անգամ այն կկայանա ոչ թե Սայաթ-Նովայի, այլ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ «Դա բոլորովին կապ չունի այն բանի հետ, որ Սայաթ-Նովայի անվան դպրոցի տնօրենն այժմ Հեքեքյանն է»,- երեկ մրցույթի առիթով հրավիրված մամլո ասուլիսում լրագրողների կասկածները շտապեց փարատել «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի երեւանյան մասնաճյուղի տնօրեն Ռոբերտ Հակոբյանը։ Մրցույթն անց է կացվում 1986 թվականից, կազմակերպիչները հավաստում են, որ մրցանակների համար նախատեսված դրամագլուխն ամեն անգամ աճում է։ Այս անգամ էլ է աճել՝ նախորդի համեմատ մոտ 20%-ով։ Միայն կազմակերպչական աշխատանքների համար մշակույթի նախարարությունը տրամադրել է 1 մլն 810 հազար դրամ։ Ռ. Հակոբյանը խնդրեց չհետաքրքրվել, թե որքան է «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի ներդրումը եւ բավարարվել այն տեղեկությամբ, որ ֆոնդը սահմանել է 2-3 խրախուսական մրցանակ՝ լավագույն երաժիշտ-կատարողների համար։ Ժյուրիի նախագահը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Ռոզա Թանդիլյանն է։ Նա նշեց, որ ապագայում պետք է մտածել նաեւ 2-4-րդ դասարանների «դաշնակահարների» միջեւ մրցույթ կազմակերպելու մասին, քանի որ «նրանց մեջ էլ կան շատ տաղանդավոր երեխաներ, որոնց կարելի է վաղ տարիքից ի հայտ բերել եւ հատուկ ուշադրության տակ պահել»։ Որպես կանոն, ամեն անգամ մրցույթին մասնակցում են 60-70 պատանիներ ողջ հանրապետությունից։ Այս անգամ հայտնի է ընդամենը 51 մասնակցի անուն, 2-3 մարզերից հայտատուներ չեն եղել ընդհանրապես։ Մեկ տարբերություն նույնպես՝ նախորդ անգամ մրցույթի երեք փուլերն ընդգրկել են մեկամսյա ժամկետ։ Դա այն դեպքում, երբ մասնակիցների մեջ կան 8-րդ՝ ավարտական դասարանցիներ, եւ զուգահեռել մեկժամյա համերգային ծրագրի նախապատրաստությունը ավարտական քննություններին պատրաստվելու հետ, հեշտ չի եղել։ «Հետո էլ, չմոռանանք, որ նրանք 12-14 տարեկան երեխաներ են ընդամենը։ Իսկ ծրագիրը գերծանրաբեռնված է»,- չգիտես ումից եւ ում բողոքեցին ժյուրիի անդամները։ «Ուզում ենք ասել, որ մրցութային ծրագիրը բարդ է եւ կհաղթեն միայն տաղանդավոր ու լավ պատրաստված երեխաները»,- պարզաբանեցին նրանք։ Առիթն օգտագործելով, հարցրինք նաեւ Առնո Բաբաջանյանի «տարաբախտ» արձանի ճակատագրի մասին։ Հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Հակոբյանը «սփոփեց» մեզ, ասելով. «Ամեն ինչ կավարտվի այս ամսվա վերջին։ Արձանը ձեւափոխված է, մնում է Արայիկ Բաբաջանյանը գա-տեսնի ու հավանություն տա, որ այն տեղադրվի նախկին տեղում»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930