ՆՈՐԸ ԼԱՎ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆՆ Է Գաղտնիք չէ, որ ժամանակակից մեծ սպորտը ֆինանսական հսկայական ներդրումներ է պահանջում։ Այս առումով Հայաստանի նման երկրների հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Պետություններ կան, որոնց մարզական ոլորտին հատկացված գումարների չափը գրեթե հավասար է մեր երկրի ամբողջ բյուջեին։ Ճիշտ է, մեզանում արվում է հնարավորը ու դեռ մի բան էլ ավելին, կազմակերպական որոշ խնդիրներ էլ կարգավորվում են հովանավորների աջակցությամբ ու բարի կամքով, սակայն դա հարցի արմատական լուծում չէ։ Անհրաժեշտ է մարզիկների (հատկապես՝ երիտասարդ) վարպետության բարձրացման, մարզումների, հավաքների կազմակերպման, մրցափորձի կուտակման նոր, այլընտրանքային ուղիներ գտնել։ Հենց այս ճանապարհով է ընթանում ՀԱՕԿ-ի՝ արտասահմանյան կապերի գծով փոխնախագահ, Երեւանի պետական օլիմպիական հերթափոխի մարզական ուսումնարանի տնօրեն Դերենիկ Գաբրիելյանը։ Երկար տասնամյակներ լինելով սպորտում՝ նա ժամանակին բազմաթիվ կապեր է հաստատել արտասահմանի իր գործընկերների հետ, որոնք պահպանվել, չեն խզվել նույնիսկ 90-ականներից հետո։ Հիմա, երբ հանրապետությունում մարզական բնագավառը սկսել է աշխուժանալ, Դերենիկ Գաբրիելյանի հեղինակությունն ու շրջապատը օգտակար են դառնում հայկական սպորտի համար, որի արդյունքներն արդեն իրական են։ Նրա նախաձեռնությամբ այս տարի իր ղեկավարած ուսումնարանի 20 ազատ ոճային ըմբիշներ շուրջ մեկ ամիս հյուրընկալվեցին Մոսկվայում, իսկ այսօր ՌԴ մայրաքաղաք են մեկնում պատանի ու երիտասարդ բռնցքամարտիկները։ Մեր աշխատակիցը երեկ զրուցեց պարոն Գաբրիելյանի հետ։ – Մեր իրականությունում միայն պետության հատկացրած գումարներով մեծ սպորտում հաջողությունների հասնելը շատ դժվար է,- ասաց նա։- Ու չի կարելի ձեռքերը ծալած նստել։ Սրտացավ կազմակերպիչը, ղեկավարը, պատասխանատուն պետք է ինքն իր ոլորտի առաջխաղացումն ապահովելու ելքեր գտնի։ Իմ համոզմամբ, դրա լավագույն ու ամենամատչելի տարբերակը Ռուսաստանի հետ գործնական կապերը վերահաստատելն է, որն էլ ես փորձում եմ անել։ – Հայ երիտասարդ մարզիկները Մոսկվայում մարզվում են հրավիրող կողմի հաշվին։ Դա ինչպե՞ս է հաջողվել։ – Դա իր նախապատմությունն ունի։ Երբ 2001-ին նշում էինք մեր՝ այն ժամանակ դեռ ՕՀՀՈՒ-ի 30-ամյակը, ԱՊՀ երկրների մարզական շատ կազմակերպություններից շնորհավորանքներ ստացանք։ Իսկ Մոսկվայի թիվ 1 օլիմպիական ուսումնարանի տնօրեն Վալերի Ասեեւը անձամբ՝ իր աշխատակիցների հետ ժամանեց Երեւան։ Եվ այդ ժամանակ մեր զրույցներում ծնվեց համագործակցելու գաղափարը։ Գաղտնիք չէ, որ խորհրդային տարիներին հավաքական կազմերի հիմնական մատակարարները ՕՀՈՒ-ներն էին։ Այն ժամանակ տարբեր հանրապետություններում գործում էին շուրջ 50 նմանատիպ մարզօջախներ։ Ի դեպ, այդ փորձն ընդօրինակեցին նաեւ Չինաստանում ու Գերմանիայում ու մեծ հաջողությունների հասան։ Վալերի Ասեեւը, վերադառնալով Ռուսաստան, մեր մտադրության մասին պատմել էր Մոսկվայի սպորտկոմիտեի նախագահ Սերգեյ Կորոլին։ Նա էլ՝ ոգեւորվելով, պաշտոնապես հրավիրեց ըմբիշների մեր առաջին խմբին։ Մեկ ամիսը, որ տղաներն անցկացրել են Մոսկվայում, նրանց իսկ խոստովանությամբ, անգնահատելի դեր է կատարել ինչպես մարզական աճի, այնպես էլ՝ աշխարհընկալման ընդլայնման գործում։ Համատեղ մարզումներից զատ, երեխաները մեկնել են էքսկուրսիաների, ծանոթացել Մոսկվայի պատմամշակութային արժեքներին։ Մեր ըմբիշներին հնարավորություն է ընձեռվել նաեւ մասնակցելու Մոսկվայի բաց առաջնությանը։ Եվ ուրախալի է, որ Սուրեն Ադյանը դարձել է հաղթող՝ եզրափակիչ գոտեմարտում հանդիպելով մեր ուսումնարանի մեկ այլ սանի՝ Սուրեն Գինոսյանի հետ։ Երկրորդ մրցանակակիր են դարձել նաեւ Գոռ Հարությունյանը, Հարություն Նալբանդյանը։ – Վաղը Մոսկվա են մեկնում պատանի բռնցքամարտիկները։ Մարզիկներին ընտրում եք միայն ձե՞ր ուսումնարանից։ – Ըմբիշները հիմնականում մեր սովորողներն էին։ Բայց մի գաղտնիք բացեմ։ Հաշվի առնելով մարզաձեւի պատանեկան եւ երիտասարդական հավաքականների համալրման անհրաժեշտությունը՝ ըմբիշների թիմում ընդգրկել ենք նաեւ մեր հավաքականների թեկնածուներ Վանաձորից, հանրապետության տարբեր մարզադպրոցներից, որպեսզի լավագույնները նույնպես կատարելագործվեն։ Այս խնդիրը համաձայնեցրել եմ մեր մարզական ղեկավարության հետ, որից հետո տեղյակ եմ պահել նաեւ Ասեեւին ու Կորոլին։ Այս հարցում էլ նրանք սիրով ընդառաջել են։ – Փաստորեն, բոլոր ծախսերը հոգում է հյուրընկալող կողմը։ Իսկ դա քիչ գումար չէ։ Ինչի՞ համար են նրանց այդ «զոհողությունները»։ Արդյո՞ք միայն բարեկամության, թե՞ հայկական կողմն էլ ինչ-որ պարտավորություններ է ստանձնել։ Հետաքրքիր է նաեւ, թե մեկ մարզիկի ծախսն այնտեղ օրական ինչքա՞ն է կազմում։ – Սկսեմ երկրորդ հարցից։ Չգիտեմ, թե ծախսերն իրականում որքան են, բայց ասեմ մի բան։ Մեզ մոտ հավաքների ժամանակ մարզիկի օրական սնունդը մոտավորապես մեկ դոլարի համարժեք դրամ է սահմանված։ Ըմբիշներն ասում էին, թե Մոսկվայում դա մոտավորապես 10 դոլարի համարժեք ռուբլի էր։ Տարբերությունը ինքներդ տեսեք։ Մոսկվան թանկ քաղաք է։ Համոզված եմ, որ նրանց ծախսած ու ծախսելիք գումարները քիչ չեն։ Բայց դա իսկապես հենց այնպես չի արվում։ Ռուսներին էլ ձեռնտու է մեր մարզիկների, մարզիչների հետ շփվելը։ Նրանք էլ շատ բան են սովորում։ Բացի դա, այս համագործակցությունը փոխադարձ է։ Մենք էլ մեր հերթին տաքերն ընկնելուց հետո պետք է Ծաղկաձորում ընդունենք նրանց պատվիրակություններին։ Այս ծրագիրը մտնելու է հայ-ռուսական մարզական համագործակցության միջպետական համաձայնագրի մեջ, դառնալու է դրա կարեւոր բաղկացուցիչներից մեկը, քանի որ խոսքը վերաբերում է աճող մարզական սերնդին, անվանիներին արժանի հերթափոխ պատրաստելուն։ Ուրախ եմ, որ մեր նախաձեռնությունը համընկավ երկու երկրների միջեւ պետականորեն վերսկսվող մարզական համագործակցությանը ու գուցե նաեւ նպաստեց դրան։ Գիտեք, որ Հայաստանը եւ Ռուսաստանը շատ լուրջ խնդիրներ են պատրաստվում միասին լուծել։ Ու այդ նպատակով Երեւանում հանդիպել ու պայմանավորվել են երկու երկրների կառավարությունները, սպորտի ղեկավարները։ Նախատեսվում է ու մոտ ժամանակներս կսկսվի Ծաղկաձորի օլիմպիական մարզահամալիրի վերակառուցումը միջազգային ամենաբարձր չափանիշներով, որից հետո կսկսվի դրա համատեղ շահագործումը։ – Վերադառնանք ուսումնարանական համագործակցությանը։ Սկիզբը դրված է։ Ինչպիսի՞ն է լինելու շարունակությունը։ – Նախատեսել ենք ժամանակի ընթացքում ընդլայնել մարզաձեւերի ընդգրկումը։ Կլինեն նաեւ խաղային ձեւերի թիմերի փոխայցելություններ։ Ուզում եմ հատկապես նշել մի նրբություն, որն անչափ կարեւոր է մեզ համար։ Պայմանավորվածության համաձայն, մեր թիմերը Մոսկվա են մեկնելու գլխավորապես ձմռան ամիսներին, երբ այստեղ մարզաբազաների տաքացման եւ ջրամատակարարման խնդիրներ են առաջանում։ Այսպես կշարժվենք, մինչեւ 2004 թվականին Հայաստանի մարզօջախներում կսկսվի Լինսի ծրագրով բարեկարգման գործընթացը։ Այն իր մեջ ներառում է ոչ միայն նորոգման, այլեւ ինքնավար ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ