Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգանվան ժառանգորդը

Ապրիլ 17,2003 00:00

Ազգանվան ժառանգորդը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) եւ Մեծ Բրիտանիայից ժամանած դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Սարաջյանի օրերս կայացած համերգը հազվադեպ երեկոներից է: Երաժշտական աշխարհում հայտնի Սարաջյան ընտանիքում ծնված, մեծացած, իր հոր՝ պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի մոտ իբրեւ դաշնակահար կրթված երիտասարդ արվեստագետն այսօր արդեն հիշում է. «Կարող է տարօրինակ թվալ, բայց ծնողներս այնքան խիստ էին իմ արվեստի նկատմամբ, որ եթե չլիներ Չայկովսկու անվան դպրոցի տնօրենը՝ Տատյանա Բագրատովնան, ես երեւի այդպես էլ բեմ չբարձրանայի»։ Այստեղ կարելի է հասկանալ դաշնակահարուհու պապիկի ու տատիկի, հոր եւ մոր՝ Սարաջյանների խիստ վերաբերմունքն իրենց թոռնուհու ու աղջկա հանդեպ։ Արդեն երաժշտի բարձր ազգանունը պահել-պահպանելու խնդիր ունեին։ Ընտանիքից ժառանգած խստությունը անձի ու գործի նկատմամբ, երիտասարդ աղջկան 1995-ին «տանում» է Նյու Յորքի Ջուլիարդ դպրոց, ապա 1998-ին կայանում է նրա առաջին բեմելը Կարնեգի Հոլլում։ Այնուհետեւ 99-ին նա դառնում է Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի ուսանողուհի։ Ավարտելուց հետո շահում է մի շարք միջազգային մրցանակներ, ընդհուպ Dip Ram, որով պարգեւատրվում են լավագույնները։ Ու, բնականաբար, ելույթներ տարբեր երկրներում՝ Իտալիա, Ֆրանսիա եւ այլուր։ «Ապրում ու ստեղծագործում եմ Լոնդոնում եւ ոչ մի տարօրինակ բան չկա դրանում։ Գտնում եմ, որ երաժիշտը, ստեղծագործողը, որն արդեն բնությունից ազատ է, այդպես ազատ էլ պետք է լինի ամեն հարցում։ Այդ վիճակն էլ քեզ հասցնում է հաղթանակների։ Դյուրին չէ արտերկրում ապրելն ու ստեղծագործելը։ Բայց տեսեք, ինչ լավ ես զգում քեզ, երբ օտար երկրում (թեպետ ստեղծագործողը պետք է համարվի աշխարհի քաղաքացի) համաշխարհային դասականների կողքին հնչեցնում ես եւ հայ կոմպոզիտորների գործեր»,- նշեց դաշնակահարուհին։ Նրա պնդմամբ, «արվեստները ողջ մարդկության ժառանգությունը լինելուց զատ, ունեն նաեւ իրենց «անձնագրերը»։ Իմ արվեստի անձնագրում, «ազգությունը» հարցման դիմաց գրված է՝ հայ։ Որտեղ էլ որ ապրեմ, հայ արվեստագետ եմ»։ Արվեստագետի՝ նրա դավանանքը միանում է բոլորի համար պարտադիր այն ընդհանուր դավանանքին, որի անունն է՝ ծառայություն մարդուն՝ արվեստի շնորհիվ ու միջոցով։ Երիտասարդ արվեստագետն էլ «տառապում» է մեր ժողովրդին հատուկ՝ գրեթե ֆանտաստիկ լավատեսությամբ. «Այն, ինչ ստեղծվում է այսօր, հասցեագրվում է եկող մեծ ժամանակին։ Երեւի հենց սա էլ կրկնապատկում է պատասխանատվություն կոչվածը, պահանջելով նվիրումի առավելագույնը»։ Ա. Սարաջյանը Երեւանից մեկնելուց անմիջապես հետո Լոնդոնում ձեռնամուխ կլինի Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված երեկոյի նախապատրաստական աշխատանքներին։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930