Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՉՈՒԶԵՑ ԽԱՅՏԱՌԱԿՎԵԼ

Ապրիլ 17,2003 00:00

ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՉՈՒԶԵՑ ԽԱՅՏԱՌԱԿՎԵԼ Սանկտ Պետերբուրգի ճանապարհածախս էլ չկար Մարտի 27-ից ապրիլի 13-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց «Ոսկե դիմակ» թատերական միջազգային փառատոնը։ Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի կոլեկտիվը չմեկնեց Սանկտ Պետերբուրգ, թեեւ նրա բեմադրած ներկայացումը՝ Բելինիի «Նորման» (բեմադրող ռեժիսոր՝ Բորիս Հայրապետյան) եւս ընդգրկված էր մրցանակաբաշխության ծրագրում՝ 5 անվանակարգերում։ Բացառիկ հնարավորությունը բաց թողնելու գլխավոր պատճառը, ըստ օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի եւ գեղարվեստական ղեկավար ու գլխավոր ռեժիսոր Գեղամ Գրիգորյանի, Երեւան-Սանկտ Պետերբուրգ չվերթի ճանապարահածախս չունենալն էր։ Ըստ լուրերի, օպերային թատրոնի մեկնումով շահագրգիռ են եղել նաեւ երկրի առաջին դեմքերը, քանի որ «Ոսկե դիմակի» կազմակերպիչները նրանց ուղղված նամակում խնդրել էին աջակցել թատրոնի արտիստների մասնակցությանը փառատոնին։ Գ. Գրիգորյանը, սակայն, հերքեց այդ լուրերը, հայտարարելով, որ ոչ մի ճանապարհածախս էլ չի հայթայթվել. «Գումար չունեինք, դրա համար էլ չգնացինք։ Եթե անգամ կարողանայինք էլ մեկնել, մեզ մի երկու օր հարկավոր էր փորձել, ինչը մերժեցին «Ոսկե դիմակի» կազմակերպիչները։ Իսկ գնալ-խայտառակ լինել՝ չէի ուզում»։ Ըստ նրա, մի շարք գործոններ կային, որ կխոչընդոտեին «Նորմայի» հաջողությանը այնտեղ. «Նախ, Սանկտ Պետերբուրգում բոլորը բացասաբար էին մեր դեմ տրամադրված։ Դժգոհ էին, որ հայերը պետք է մասնակցեն, այն էլ 5 նոմինացիայով։ Իսկ «Ոսկե դիմակը», ինչպես գիտեք, Ռուսաստանի թատրոնների փառատոն է»։ Գ. Գրիգորյանի կարծիքով, Երեւանի օպերային թատրոնը կարող էր մրցանակաբաշխության «փորձությունը» հաղթահարել, լավագույն դեպքում, 2 անվանակարգերում՝ «Լավագույն բեմադրություն» եւ «Դիրիժորի լավագույն աշխատանք»։ Քիչ է, որ Երեւանի օպերային թատրոնը չի մասնակցել «Ոսկե դիմակին», դեռ 1 մլն 700 հազար դրամ էլ տուգանք է վճարել՝ Մոսկվայի Մեծ թատրոնի պահեստներում դեկորները նախատեսված 2 ամսից երկար ժամկետով պահելու համար։ «Եթե հենց սկզբից չուզենայինք մասնակցել փառատոնին, դրանք ավելի շուտ կտեղափոխեինք Մոսկվայից ու «շտրաֆնոյ սանկցիաների» չէինք արժանանա»,- արդարացավ Գ. Գրիգորյանը։ Կ. Հովհաննիսյանն էլ լրացրեց նրան, ասելով, որ նույնիսկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Սաբերատուր» ընկերության հետ՝ արտիստներին ինքնաթիռով տեղափոխելու հարցում, բայց ի՞նչ կարող էին անել, եթե անհրաժեշտ «փողի մեծ փայը»՝ ինքնաթիռի ծախսը, չկար, իսկ «օլիգարխները, մեկենասները եւ գործարարները զբաղված էին ընտրապայքարով ու որեւէ մեկը 50-60 հազար դոլար չէր տա այդ օրերին»։ Հիշեցնենք, որ «Նորմայի» բեմադրությունն իրականացրած մոսկվաբնակ ռեժիսոր, պրոդյուսեր, միջազգային մրցույթների դափնեկիր Բորիս Հայրապետյանը մեծ պատիվ էր համարում օպերային թատրոնի մասնակցությունը «Ոսկե դիմակին» եւ «Նորման» էլ անվանում «սպիտակ ագռավ» Հայաստանի մշակութայի կյանքում։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, նա ջանք չէր խնայել ներկայացումը Սանկտ Պետերբուրգ տանելու համար։ Կ. Հովհաննիսյանը, սակայն, այլ կարծիքի էր նրա մասին. «Ինչ-որ մեկը՝ էդ ռեժիսորը՝ Բորյան, երեւի փառատոնի կազմակերպիչներին ասել է, թե փողը կա, թե իբր Արա Աբրահամյանը կտա։ Իրականում ոչ մի փող էլ չկար։ Հետաքրքրվել ենք, Արա Աբրահամյանի շրջապատից իմացել, որ նա տեղյակ էլ չի եղել այս ամենից»։ Օպերային արվեստին մոտ կանգնած մարդիկ համոզված են, որ «Նորմայի»՝ «Ոսկե դիմակին» չմասնակցելը այլ պատճառ էլ ունի։ Գուցե Գ. Գրիգորյանը մտավախությո՞ւն ուներ, որ իր ղեկավարած թատերախումբը հաջողություն կունենար ոչ թե իր, այլ մոսկվաբնակ ռեժիսորի աշխատանքով («Լավագույն բեմադրություն»)։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930