Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱԽՏՎԵՑ ՈՂՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ

Ապրիլ 17,2003 00:00

ԽԱԽՏՎԵՑ ՈՂՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ Մոտ 8 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո, Սահմանադրական դատարանը կայացրեց իր պատմական որոշումը։ Եզրակացության հրապարակումը տեւեց ժ. 18։30-19։15-ը։ ՍԴ-ն անփոփոխ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մարտի 11-ի կայացրած թիվ 36 ա որոշումը, ինչը վիճարկում էր ՍԴ դիմած ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը։ Եզրակացության առավել ուշագրավ գնահատականներն էին. 1. ՍԴ-ն գտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ընտրատարածք ստեղծելու դիմումատուի կողմից ներկայացված վեճը ՍԴ-ի իրավական դիրքորոշման առարկա չէ, մյուս կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը նկատի ունենալով, մյուս կողմից հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին չմիջամտելու եւ չվտանգելու առումով։ 2. 2003 թ. նախագահական ընտրությունների ընթացքում առանձին ընտրատեղամասերում, հատկապես քվեարկության եւ ձայների հաշվարկման ժամանակ տեղ են գտել այնպիսի խախտումներ, որոնք իրենց բնույթով անհարիր են երկրի ժողովրդավարական հետագա զարգացումներին, անհամատեղելի են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 21 հոդվածով, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 1-ին արձանագրության 3-րդ հոդվածով եւ քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 25 հոդվածով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների հետ։ 3. Նկատի ունենալով թեկնածուների ընտրվելու ու ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի պաշտպանության սահմանադրական պահանջը, ԱԺ առաջիկա ընտրություններում եւ հետագայում նշված տիպի ընտրախախտումների կարեւորությունը, ինչպես նաեւ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման գործում ներգրավված մարմինների ու նրանց պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությունը՝ քվեարկության արդյունքները համարել ոչ հավաստի, իսկ ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա քվեարկության ոչ հավաստի արդյունքների ազդեցությունը գնահատելու համար նման տեղամասերում առավել ձայներ ստացած թեկնածուի ձայների չափով կրճատել ընտրությունների արդյունքում թեկնածուներին տված ձայների ընդհանուր տարբերությունը։ ՍԴ-ն ոչ հավաստի համարեց հետեւյալ՝ թիվ 0018, 0444, 0502, 0507, 0508, 0515, 0521, 0538, 0550, 0553, 0548, 0779, 0842, 0865, 1000, 1011, 1065, 1340, 1341, 1361, 1524, 1784, 1262, 1263, 1264, 1266, 1268, 1270, 1253, 0989, 0990, 0736, 0702, 0369, 0363, 0352, 0346, 0347, 0220 եւ 0225 (ընդհանուր՝ 40) ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները։ 4. Կազմակերպել ՀՀ դատախազության կողմից համալիր քննություն եւ մինչեւ ս/թ մայիսի 20-ն արդյունքների մասին տեղյակ պահել ՍԴ-ին եւ հանրությանը։ ՀՀ դատախազությանը տրամադրվեցին գործում առկա կեղծ որակված բոլոր փաստաթղթերը, դրանց իսկությունը պարզելու, կեղծ լինելու դեպքում շրջանառության մեջ դնողներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար։ 5. Ելնելով այն իրողությունից, որ 2003 թ. մայիսի 25-ին նշանակված են ՀՀ ԱԺ ընտրություններ եւ Սահմանադրության նոր խմբագրման հանրաքվե, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած վճռական դեր ունեն ժողովրդավարական ճանապարհով պետական իշխանության շարունակական զարգացումն ապահովելու գործում, նկատի ունենալով, որ ժողովրդավարական ինստիտուտների համար էական նշանակություն ունի ոչ միայն դրանց կառավարման օրինականությունը, այլ հասարակության շարունակական լայն վստահությունը, նկատի ունենալով, որ ընտրական վեճն ունի նաեւ անվստահության եւ անհանդուրժողականության վրա խարսխված հասարակական-քաղաքական ենթատեքստ, մեծ կարեւորություն տալով հանրաքվեներին եւ ժողովրդական հարցումներին, առաջարկել ՀՀ նորընտիր ԱԺ-ին եւ ՀՀ նախագահին՝ մեկ տարվա ընթացքում «Հանրաքվեի մասին ՀՀ օրենքը» համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի (փոփոխման ոչ ենթակա) պահանջներին, նախագահական ընտրությունների ընթացքում խորացած հասարակական դիմակայության հաղթահարման արդյունավետ միջոց ընտրել վստահության հանրաքվեի կազմակերպումը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել