Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւտուր, որ չի հարկվում

Ապրիլ 17,2003 00:00

Առեւտուր, որ չի հարկվում «Անկախ նրանից, թե Հայաստանն ու Ադրբեջանն ուզում կամ չեն ուզում տնտեսական կապեր ունենալ միմյանց հետ, այդ կապը կա՝ մասնավոր բիզնեսի տեսքով։ Խոսքը գնում է ահռելի գումարների մասին, բայց դրա վրա երկուստեք աչք են փակում, ո՞ւմ են ուզում խաբել»։ Հռետորական այս հարցն իր բոլոր ենթատեքստերով վերջերս կայացած մի հանդիպման ժամանակ «Առավոտին» ուղղեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Վրաստանի հայերի միության փոխնախագահ Վան Բայբուրթյանը։ Նրա տվյալներով, հայ եւ ադրբեջանցի գործարարների միջեւ տարեկան առեւտրաապրանքային շրջանառությունը հասնում է մոտ 1 միլիարդ դոլարի։ Ի դեպ, 2002թ. Հայաստանի ընդհանուր առեւտրապրանքային շրջանառությունը կազմել է 1,5 մլրդ դոլար։ Եվ միայն Ադրբեջանի հետ 1 միլիարդանոց առեւտրային շփումը խիստ կասկածելի ցուցանիշ է։ Սակայն, որքան էլ այդ թիվը հեռու լինի 1 միլիարդից, Հայաստանի համար այն էական նշանակություն ունեցող գումար է։ «Ավելի լավ չէ՞ այդ գործարար շփումները դրվեն պետական հիմքերի վրա եւ ստվերային գումարներն էլ միայն անհատների գրպանները չգնան»,- հարցնում է պրն Բայբուրթյանը։ Նա հասկանում է, որ նմանօրինակ քայլի դեպքում «երկու երկրների իշխանություններն էլ հարվածի տակ կընկնեն ընդդիմության կողմից»։ Բայց դե՝ հակափաստարկ էլ կա. «Կյանքը ցույց է տալիս, որ այժմ էլ պաշտոնական կառույցներն իբր չեն ուզում միմյանց հետ համագործակցել, բայց իրականում ամեն ինչ հակառակն է ու փողը բոլորին է պետք՝ թշնամիդ լինի, թե բարեկամդ, բիզնեսն ապաքաղաքական ոլորտ է»։ Վերն ասվածից հայելու պես հստակ է դառնում, որ շրջանառվող «ահռելի գումարները» գոյանում են ոչ թե Բագրատաշենի, Մառնեուլի ու Լիլոյի տոնավաճառներից՝ «ո՜չ», այդ բազրոբաներում իրական ծավալների 10%-ն է միայն», այլ ավելի խոշոր ու լայն հասարակության համար առավել «անտեսանելի մակարդակներով»։ Ինչ վերաբերում է Հայաստան-Վրաստան տնտեսական կապերին, ապա այստեղ խնդիրն այլ է։ «Վրաստանի խորհրդարանը Հայաստանի Ազգային ժողովի հետ միասին մշակել ու հաստատել են երեւի 100-ից ավելի միջպետական համաձայնագրեր, բայց դրանց 10%-ն անգամ չի կիրառվում»,- կարծում է Վան Բայբուրթյանը։ Իսկ պատճառը ոչ միայն վրացիների «ճանապարհային» առավելությունն է, որից այնքան հաջողությամբ օգտվում են՝ ամեն կիլոմետրի վրա 5$ գանձելով։ Մեկ այլ պատճառ էլ կա։ «Հենց Ջավախքում մի նոր հակավրացական ալիք է բարձրանում ու հայտարարություն հնչում ինքնավարության կամ Հայաստանին միանալու մասին, վրացիներն ավելի են բարկանում ու նոր հարկեր են ավելացնում Փոթիից կամ Բաթումից Հայաստան եկող բեռների տեղափոխման համար»,- ասում է պարոն Բայբուրթյանը։ Բնականաբար, այս պայմաններում որեւէ պայմանագիր դեր չունի եւ չի կարող ունենալ։ Այդ է պատճառը, որ «Հայաստանն էլ, Վրաստանն էլ, հարեւան երկիր լինելով, իրենց գործընկերներին փնտրում են իրենց սահմաններից շատ հեռու»։ Ամփոփելով, պարոն Բայբուրթյանը անհրաժեշտ համարեց եվրոպական կառույցներին հիշեցնել իրենց անելիքը տարածաշրջանային բախումների կարգավորման գործում, չնայած այն բանին, որ «այսօր այդ կառույցներում ինչ-որ մեխանիզմ է գործում, ինչ-որ բան խանգարում է, որ նրանք կատարեն իրենց միսիան»։ Ըստ պարոն Բայբուրթյանի, այդ մասին էլ բոլորը գիտեն, բայց լռում են։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել