Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ԵՎ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԻ»

Ապրիլ 17,2003 00:00

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ԵՎ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԻ» ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ոստիկանության մասնագիտական օրվա շքերթին ժամանելուց անմիջապես առաջ, դիտելու եւ լուսաբանելու եկածներին բաժանվեցին «սառը զենքեր»։ Մեր ձեռքը տրված մետաղյա ձողերի վրա ամրացված փոքրիկ եռագույն դրոշակները վերջանում էին սուր ծայրերով։ Հավանաբար այդ բանը չնկատեց այն ոստիկանը, որը լրագրողներին Վ. Սարգսյանի անվան մարզադաշտին հարող հրապարակ ներս թողնելիս ստուգեց մեկի հովանոցի փայտե ծայրի սրությունը։ Անվտանգության տեսանկյունից մի լուրջ բացթողում եւս կար երեկ. սրածայր եռագույնների հետ ներկաներին փուչիկներ բաժանվեցին, որոնք ողջ արարողության ժամանակ այս ու այնտեղ պայթում էին հիմնականում այն պահերին, երբ տիրում էր հանդիսավոր լռություն։ Փոքր-ինչ սխալ հաշվարկ էր կատարվել նաեւ պարգեւատրվողների՝ նախագահին մոտենալու եւ պարգեւը ստանալու ժամանակ։ Կապիտանները, գեներալները հիմնականում թեթեւ վազքով մոտենում էին հրապարակի կենտրոնին, նախագահից երեք մետր հեռավորությունից հանդիսավոր քայլքով հասնում բուն նպատակակետին, ստանում իրենց պարգեւը, հայտարարում, որ «ծառայում են Հայաստանի Հանրապետությանը» եւ երեք մետրից հետո դարձյալ թեթեւ վազքով վերադառնում իրենց տեղը։ Հասարակական կարգի պաշտպան Վալերի Խուբլարյանին անվանական զենքը հանձնվեց տեղում, թեեւ սովորաբար նման պարգեւների դեպքում տրվում է համապատասխան պատվոգիրը, իսկ զենքը՝ ավելի ուշ եւ ինտիմ պայմաններում։ Փաստորեն, եթե ինչ-որ մեկը զրահամեքենա ստանար, այն պիտի հրապարակի կենտրոնից քշելո՞վ տաներ դուրս։ Դատելով տուփի մեծությունից՝ պրն Խուբլարյանի զենքը ատրճանակ է։ Նախագահ Ռ. Քոչարյանը ոստիկաններին շնորհավորեց եւ ասաց բառացիորեն հետեւյալը. «Վերջին շրջանում կրքերի արհեստական լարվածությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ձեր ծառայության մեջ կարեւոր տարր է հանրային կարգի պահպանությունը։ Արկածախնդրությանը պետությունը պետք է արձագանքի վճռականությամբ եւ պատրաստվածությամբ»։ Նախագահի ասելով՝ 2002 թ.-ը ոստիկանության համար նշանավորվել է «Ոստիկանական ծառայության մասին» օրենքի ընդունումով։ Քաջալերանքի եւ էլ ավելի ազատ գործելու կոչից հետո արդեն միանգամայն բնական ու տեղին հնչեց ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի խոսքը. «Նախագահական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքում ոստիկանությունը կարողացավ հիմնականում մնալ իր բարձրության վրա՝ հանդես բերելով անսասան վճռականություն»։ Ոստիկանապետը փաստորեն խոստացավ նախագահին՝ այդ նույն «բարձրության վրա» մնալ նաեւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Փոխադարձ հաճոյախոսություններն էլ երեկ «բարձրությունից» չիջան. գլխավոր ոստիկանապետը երկրի նախագահին, ԱԺ-ին, վարչապետին, կառավարությանը շնորհակալ եղավ համակարգի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի համար։ Եթե առաջներում նման պայմանավորվածությունները կայանում էին խորհրդանշական եւ երկիմաստ արտահայտություններով, ապա երեկվա զորահանդեսի ժամանակ կողմերը իրար աշխատանքից գոհունակություն եւ հետագա գործունեության խրախուսանք հայտնեցին բոլորի ներկայությամբ, բարձրախոսներով։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Մենք շնորհավորում ենք բոլոր այն ոստիկանների մասնագիտական տոնը, որոնք անցյալ ընտրություններին «չմնացին բարձրության վրա»՝ «բարձրություն» արտահայտության այն իմաստով, որը բառի մեջ դրեց գլխավոր ոստիկանապետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել