Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշատակի խոսք

Ապրիլ 17,2003 00:00

Հիշատակի խոսք Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան տարեդարձն է Արդեն 4 տարի է, ինչ ապրիլի 17-ը նշում ենք առանց Կարեն Դեմիրճյանի։ 4 տարի առաջ, հոկտեմբերի 27-ին մարդկային կերպարանքից զուրկ ճիվաղները, իրենց տերերի հրահանգով պատմության ընթացքը շեղեցին հունից։ Եվ կուտակված ասելիքը դարձավ ճիչ ու աղաղակ, բայց մնաց անարձագանք, ու խոսքը դարձավ ձայն բարբառո յանապատի։ Եկավ քար լռության պահը, այն լռության, որի մեջ ահագնանում է ցասումը։ Մեր ժամանակի մեծագույն պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի հանդեպ իրագործած հրեշավոր ոճրագործությունն ուղղված էր նաեւ մեր ժողովրդին։ Այս անդառնալի կորուստը նաեւ մեր հավատի ու մեր կամքի կորուստն էր։ Կ. Դեմիրճյանը նոր ուղին էր փնտրում, նոր ճանապարհներ հարթում հայրենաշինության մեծ եռանդ ու նվիրում պահանջող գործում։ Նա ժողովրդի ծոցից ելած զավակն էր, եւ ժողովուրդն էր նրա ապավենը։ Կարեն Սերոբիչը վայելում էր համաժողովրդական սեր, նա ծաղկեցրեց, կառուցեց ու շենացրեց մեր երկիրը, եւ իզուր չէ, որ հայության կողմից ստացավ «Կարեն շինարար» տիտղոսը։ Նրա անունն այսօր մասունք է յուրաքանչյուր հայի համար։ Հայ ազգը զորավիգ էր նրան, եւ նա այդ վերաբերմունքին պատասխանում էր նույնպիսի վստահությամբ ու արժանավոր ձեւով։ Կարեն շինարարը պետական գործիչ էր, քանզի պետական գործիչը մտածում է ազգի առաջընթացի եւ, որ ամենակարեւորն է, ապագա սերնդի մասին։ Դեմիրճյանն այն մարդկանցից էր, ովքեր գալիս են ճիշտ ժամանակին, հաճախ էլ ժամանակից առաջ ընկնում, դրա համար էլ չեն ներվում։ Եվ այդ նզովյալ փոքրոգի մարդկանց կողմից արձակած գնդակներով էլ լռեցվեց ժողովրդի ձայնը, դադարեց մեծանուն անհատականության կյանքի ընթացքը։ Սրանով փորձ արվեց մասնատել համախմբված միասնությունը։ Իհարկե, ստացվեց հակառակը։ Ի ցույց դրվեց ոմանց ով լինելը, բացվեցին նրանց իսկական դիմակները, որոնց ետեւում թաքնված էին պաշտոնամոլ, շահամոլ, քաղաքական սկզբունքներ չունեցող պոտենցիալ դավաճանների կերպարանքները։ Կարեն Դեմիրճյանը Հայաստանի դարավոր կաղնին է, որի արմատները խորն են հողում եւ այդ արմատները վերընձյուղում ստացած՝ ավելի մեծ ուժով խորացան վեր շնորհիվ իր որդու՝ Ստեփան Դեմիրճյանի. մարդ, որը եղավ հոր գործի շարունակողը, եւ նա այսօր փաստացի ազգընտիր ու համաժողովրդական նախագահ է, քանզի հզոր մարդիկ թողնում են հզոր ժառանգություն, իսկ Դեմիրճյան ազգանունը դեռ շատ երկար ժամանակ կմեծարվի եւ յուրաքանչյուր հայի համար կլինի հարստության, ազգասիրության եւ առաքինության խորհրդանիշ։ ԷՄՄԱ ԽՈՒԴԱԲԱՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել