Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորների սննդի գործը

Ապրիլ 17,2003 00:00

Կալանավորների սննդի գործը Իրենց՝ կալանավորների գործն է Մարտի 21-ին «Կանայք՝ ընդդեմ բռնությունների» հանրահավաքի մասնակիցները դիմել էին Գլխավոր դատախազությանը, բողոքելով, որ վարչական կալանքի ենթարկված անձանց հարազատներից ապօրինի գումարներ են գանձվում, մասնավորապես՝ նրանց սննդի համար: Օրերս այդ դիմումին պատասխանել է դատախազության Պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վ. Վարդանյանը, որը հայտնել է, թե քննարկել են այդ դիմումը. «Քննարկման արդյունքներով պարզվել է, որ ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման ու անցկացման սահմանված կարգի խախտման համար վարչական կալանքի ենթարկված անձանց հարազատներից 1 օրվա սննդի համար ՀՀ Ոստիկանության Երեւանի վարչության ժամանակավոր պահման ընդունիչ մեկուսարանի կողմից գանձվել է 300 դրամ գումար, ինչը բխում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 324 հոդվածի պահանջներից»: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ խոսքն այլեւս գոյություն չունեցող երկրի՝ ՍՍՀՄ-ում 1985-ին ընդունված օրենսգրքի մասին է, իսկ ՀՀ-ում գոյություն չունի ցույցերի կազմակերպման եւ անցկացման օրենքով սահմանված կարգ: Նշենք նաեւ, որ «Արդարություն» դաշինքի իրավաբանական ծառայությունը պատրաստվում է բողոքարկել այս ապօրինի գործողությունները: Իսկ մինչ այդ՝ արձանագրենք, որ թեեւ ընտրություններից հետո պետբյուջեի մեծացած ճեղքվածքի պատճառով 300 դրամ չկա ցուցարար կալանավորների օրվա սնունդն ապահովելու համար, սակայն շարունակում են կալանավորել: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել