ՀՀ ԱՊԱԳԱ ՄԱՅՐ ՕՐԵՆՔԸ ՀՀ Սահմանադրական դատարանում ընթացող պրոցեսը, նաեւ առաջիկա ԱԺ ընտրությունները, կարծես, ետին պլան մղեցին մայիսի 25-ին հանրաքվեի դրվելիք ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հարցը: Ռոբերտ Քոչարյանին կից Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանը վերջերս հայտարարեց, թե հիշյալ փոփոխությունների հիմնական նպատակը իշխանության թեւերի հստակ տարանջատումն է եւ հավասարակշռություն մտցնելը: Այդ պարագայում անհասկանալի է, թե ինչո՞ւ է մեծամասամբ փոխվել նաեւ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները» գլուխը: Այս տեսակետից համեմատենք գործող եւ առաջարկվող Սահմանադրությունների դրույթները: Գործող Սահմանադրության մեջ հոդված 18-ում ասված է. «Յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձեռնմխելիության իրավունք: Մարդուն չի կարելի ձերբակալել, խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով: Նա կարող է կալանավորվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով»: Մեզ առաջարկվող սահմանադրական փոփոխություններում այդ դրույթն ամրագրված է հոդված 16-ում հետեւյալ ձեւակերպմամբ. «Յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետեւյալ դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով»: Ասել է թե՝ մարդուն ազատությունից զրկելու համար բացի օրենքով սահմանված կարգից, կան նաեւ այլ՝ «հետեւյալ» դեպքե՞ր: ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանի դիտարկմամբ, իհարկե, սա երկիմաստ է, բայց սկզբունքորեն նշանակում է՝ «հիշատակված դեպքերից դուրս այլ դեպքեր լինել չեն կարող»: Իսկ ահա Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանն այս առնչությամբ ասաց, թե իրենք նպատակ են ունեցել «Մարդու իրավունքների սահմանափակումների չափանիշները նշել Սահմանադրության մակարդակով, որպեսզի «ավելի բարձր մակարդակով նաեւ պաշտպանենք դրանց սահմանափակման անօրինական դեպքերից»: «Եթե վերցնեք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը, կտեսնեք, որ ըստ էության, մենք այդ հոդվածն ենք Սահմանադրության մեջ ավելացրել եւ դա արել ենք, որպեսզի նաեւ իրավակիրառական պրակտիկան մատչելի դառնա: Սահմանադրությունը նաեւ դատավորները պետք է կիրառեն, առավել եւս այսօր, երբ Ստրասբուրգի դատարանը գործում է: Բայց այստեղ իրավաբանական տեսանկյունից որեւէ արտառոց բան չկա»: Իսկ այդ դեպքերից մեկն այս է. մարդուն կարելի է ազատությունից զրկել «դատարանի օրինական վճիռը չկատարելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով»: Սա, փաստորեն, նշանակում է իրավապահ կամ պատկան մարմիններին կամայականություն անելու, մարդուն, քաղաքացուն շանտաժի ենթարկելու առավելագույն հնարավորություններ տալ: Մեր այս դիտարկմանը Շ.Քոչարյանը համաձայնեց. «Այո, այն էլ մեր պայմաններում դա, իհարկե, հնարավոր է: Նման դեպքերն օրենքով պետք է հստակ սահմանվեն, հակառակ դեպքում սա կարող է լուրջ սողանցքների տեղ թողնել»: Մտավախություն կա նաեւ, որ այսպիսի դրույթ Սահմանադրությամբ ամրագրելուց հետո առանձին դեպքերն օրենքով կարգավորելիս իշխանությունները կարող են ցանկացած ձեւակերպում սրա տակ «սղղացնել»՝ վկայակոչելով Սահմանադրությունն ու օրենքները Մայր օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Մինչդեռ Ա.Հարությունյանն առաջարկեց այն դիտարկել հոդված 16-ի ամբողջության մեջ, ուր ասված է նաեւ. «Ոչ ոք չի կարող ձերբակալվել, կալանքի տակ պահվել կամ դատապարտվել ազատազրկման միայն իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար»: Բայց արդյո՞ք սա շատ այլ օրենքների նման տարընթերցումների տեղիք չի տա, երբ նույն հոդվածի մի կետը հակասում է կամ չի բխում մեկ այլ կետից: Ա.Հարությունյանի հավաստմամբ, այդ բոլոր դրույթները մանրամասնվել են, որպեսզի դրա հիման վրա ընդունվելիք օրենքները հստակեցվեն եւ այդ դաշտում հակասություններ այլեւս չլինեն: Նրա վկայությամբ, ի դեպ, սա եւս Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից մեջբերված տեքստն է ամբողջությամբ, այն էլ՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից նայված: «Այնպես որ, այստեղ այլ՝ կամայական որոշումների, ենթադրությունների տեղ չկա եւ այլ կերպ դիտարկել չի կարելի»: Կամ՝ «հետեւյալ դեպքերի» շարքում նշված է. «հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում կամ՝ երբ դա անհրաժեշտ է նրա կողմից հանցագործության կատարումը կամ՝ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար»: Սա ոչ այլ ինչ է, քան հնարավորություն՝ ենթադրությունների վրա հիմնված սուբյեկտիվ մոտեցումներից բխող որոշումներ կայացնելու հարմար առիթ: Բանն այն է, որ այս դրույթը կա նաեւ «ՀՀ քրեադատավարական օրենսգրքում»՝ հոդված 135, բայց այստեղ հստակ նշված է՝ եթե այդ գործողությունները պետք է բխեն հարուցված քրգործի նյութերից: Մինչդեռ Սահմանադրության մեջ այս վերջին վերապահումը չկա եւ սույն դրույթն էլ զատված է օրենքով արդեն սահմանված կարգից ու ներառված այլ դեպքերի ցանկում: Շ.Քոչարյանի կարծիքով, սա անթույլատրելի դրույթ է եւ այդ «հետեւյալ դեպքերից» յուրաքանչյուր կոնկրետ դեպք պետք է օրենքով սահմանված լինի: Ա.Հարությունյանն իր հերթին համաձայնեց, որ այդ դրույթը նաեւ ենթադրությունների ոլորտին կարող է վերաբերել, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սահմանադրության մեջ նաեւ երաշխիքներ են տրված. «ձերբակալված յուրաքանչյուր ոք պետք է 48 ժամվա ընթացքում բերման ենթարկվի դատարան, որը պետք է ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում որոշում կայացնի նրա նկատմամբ կալանք կամ այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ»: Մեկ այլ հոդված, որը գործող Սահմանադրությամբ ամրագրված է հոդված 21-ում. «Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարանը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով»: Նոր Սահմանադրությամբ սա ամրագրված է հոդված 24-ում, որտեղ այս դրույթին ավելացել է ընդամենը մեկ փոքրիկ դրվագ. «…իսկ օրենքով նախատեսված անհետաձգելի դեպքերում՝ մինչեւ դատարանի որոշումը»: Մենք փորձեցինք «ՀՀ Քրեադատավարական օրենսգրքում» գտնել մի դրույթ, որտեղ օրենքով սահմանված լինեն այդ «անհետաձգելի դեպքերը». չկար: Մեր այն հարցին, թե արդյո՞ք նոր Սահմանադրությունն ու ՀՀ գործող Քրեադատավարական օրենսգիրքն իրար չեն հակասում, պրն Հարությունյանը բացասաբար պատասխանեց, բայցեւ հավելեց, որ մեր պրակտիկայում այդպիսի անհետաձգելի դեպքեր հաճախ են լինում: Նա նաեւ նկատեց. «Եթե անգամ հակասեին էլ, միեւնույն է, օրենքը պետք է փոխվեր, որովհետեւ այս դրույթը մարդու իրավունքների պաշտպանվածության ավելի բարձր մեխանիզմ է ապահովում»: Այս ասելով՝ Ա.Հարությունյանը վկայակոչեց նույն հոդվածում ամրագրված հետեւյալ դրույթը. «…Ձերբակալության մասին անհապաղ տեղեկացվում է ձերբակալվածի ընտանիքը կամ նրա կողմից ընտրված անձը: Ձերբակալվածը պարտավոր չէ առանց իր պաշտպանի մասնակցության որեւէ ցուցմունք տալ: Ձերբակալված յուրաքանչյուր ոք պետք է 48 ժամվա ընթացքում բերման ենթարկվի դատարան, որը պետք է ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում որոշում կայացնի նրա նկատմամբ կալանք կամ այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ», կամ՝ «Մարդուն կարելի է կալանավորել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով»: Ա.Հարությունյանը հավաստեց. «Մենք հնարավորինս ներդաշնակել ենք ՀՀ եւ միջազգային իրավական պրակտիկան, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Նորամուծություն նույնիսկ դժվար կլիներ անել»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ