ՄԻ ԸՆՏՐԱԽԱԽՏՄԱՆ ՀԵՏԱԳԻԾԸ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունը որոշել է մերժել ընտրատարածքի հանձնաժողովի անդամ Վարդուհի Իշխանյանի «դիմումի հիման վրա» նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Տարօրինակ մի որոշում է սա, քանզի Արաբկիրի թիվ 6 ընտրատարածքային հանձնաժողովի անդամ Վարդուհի Իշխանյանը դատախազությանը որեւէ դիմում չէր գրել. մարտի 5-ին նա դիմում-բողոք էր գրել ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանին, որտեղ հայտնել էր, որ թեեւ 5 ընտրատեղամասերի վերաբերյալ «ներկայացրել եմ ԱԺՄ անդամների փետրվարի 27-ի հրաժարական-դիմումները, մինչ այսօր չեն կատարվել իմ փոփոխությունները, որոնց պատճառով այդ տեղամասերում հանձնաժողովի 8 անդամ է աշխատում», եւ խնդրել ձեռնարկել միջոցներ: Իսկ թիվ 6 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Լ.Դանիելյանն իր հերթին էր Արտակ Սահրադյանին գրավոր հայտնել, որ «տիկին Վ. Իշխանյանը 2003-ի փետրվարի 28-ին տարբեր ՏԸՀ-երում ներկայացրել է թվով 12 հատ փոփոխության դիմումներ, որոնցից 8-ը կեղծ դիմումներ են եւ գրված չեն դիմումագրի ձեռքով, կամ գրվել են ճնշման տակ», եւ պնդել է, որ դիմումների կեղծ լինելը հաստատված է այդ ԱԺՄ ներկայացուցիչների բացատրություններով: Նշենք, որ նաեւ ՍԴ-ում քննարկման առարկա դարձած ընտրախախտումների այս պատմությունն է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնական Ա. Ավետիսյանը սահմանել իբրեւ «Վ. Իշխանյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութեր»: Սա դատախազության որոշման միակ տարօրինակությունը չէ: Նաեւ նշված է, թե իրենք պարզել են, որ Վարդուհի Իշխանյանը նախագահի ընտրության առաջին փուլից հետո ցանկանում էր 6-րդ ընտրատարածքի հանձնաժողովներում ԱԺՄ նշանակած 12 անդամներին փոխարինել ՀԺԿ-ականներով: «Որտեղի՞ց որոշեցին, թե ես ումով էի ցանկանում փոխարինել»,- տարակուսեց Վարդուհի Իշխանյանը: Ըստ դատախազության որոշման՝ թիվ 6 ԸԸՀ-ի նախագահն էլ «դիմումատուներին հրավիրել եւ պարզել է, որ նրանք իրականում ցանկություն ունեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, սակայն փոխարինման մասին դիմումներ են գրել Վ. Իշխանյանի պահանջով, իրենց կամքին հակառակ կամ դիմումները գրված չեն իրենց կողմից: Միաժամանակ նշված անձինք գրավոր ցանկություն են հայտնել մնալ հանձնաժողովների կազմում»: Ուստի դատախազությունը հիմնավորված է համարել, թե «նման պայմաններում որեւէ ընտրախախտում տեղի չի ունեցել»: Այս որոշման առնչությամբ Վարդուհի Իշխանյանն ասաց. «Եթե դատախազությունն իր բարձունքում լիներ՝ գործի քննությունը մինչեւ վերջ կկատարեին ու կպարզեին, թե ո՛վ է սպառնացել, ո՛վ դիմում գրել, ո՛վ չի գրել եւ այլն: Ու ոչ թե առանց որեւէ մեկին հարցաքննելու՝ ինձ փաստորեն կմեղադրեին մարդկանց ինչ-որ բաներ պարտադրելու մեջ»: Մեր խնդրանքով պատմեց, թե ինչ է եղել իրականում. «2-րդ փուլից առաջ ԱԺՄ շատ ներկայացուցիչներ իրենք չուզեցին աշխատել, շատերին էլ մենք ցանկացանք փոխարինել այլ մարդկանցով, քանի որ կասկածներ ունեինք, որ նրանց վախեցրել կամ կաշառել են Ռոբերտ Քոչարյանի շտաբի ներկայացուցիչները»: Որոշակի օրինակներ կային, երբ մեկին 500 դոլար էին խոստացել կամ պաշտոնի բարձրացում, կամ էլ սպառնացել էին՝ «տուն չես հասնի»: 0113 ընտրատեղամասում ԱԺՄ ներկայացուցիչ Հրաչյա Մադաթյանին կամ 0127 տեղամասում Վահան Ղուլիջանյանին այդպես էլ չփոխարինեցին՝ չնայած նրանք դիմումներ էին գրել, անձամբ ներկայացել ու հաստատել, որ չեն ցանկանում այլեւս աշխատել: Այդ հանձնաժողովները թերի աշխատեցին՝ առանց ԱԺՄ անդամների: Ուշացումով փոխարինեցին 6/22-ում ԱԺՄ ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանին, երբ նրա «փոխանորդի» հետ Քոչարյանի շտաբի աշխատակիցները հասցրին ինչ-ինչ հարցերի շուրջ պայմանավորվել: Վարդուհի Իշխանյանը նաեւ նշեց, որ բացառությամբ 2-3-ի՝ հանձնաժողովներում ԱԺՄ ներկայացուցիչներին ինքը բացարձակապես չէր էլ ճանաչում. ցուցակը ներկայացրել էր Արաբկիրում ԱԺՄ կառույցի ղեկավար Անուշը, որն ընտրության 2-րդ փուլից առաջ առեղծվածային պայմաններում անհետացավ, եւ նրա անհանգստացած հարազատների բողոքներից հետո՝ ԱԺՄ նախագահն անգամ հարկադրված էր դիմել ոստիկանապետին: Թերեւս ակնհայտ է, որ դյուրին գործ չէ սեփական կամքը պարտադրել մարդկանց, ում չես էլ ճանաչում: Սակայն Վարդուհի Իշխանյանը հետագայում կարողացել է Արգենտինայի հանրապետության անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում զրուցել իր նկատմամբ ճնշումների եւ սպառնալիքների մասին վկայող մեկի՝ Նազիկ Հարությունյանի հետ, որն, ի դեպ ԱԺՄ անդամ չէ: Տիկին Վարդուհու հարցին, թե կարո՞ղ է դատարանում ապացուցել, որ իրեն սպառնացել է՝ տիկին Նազիկը վախեցած արդարացել է, թե ինքը շատ ծանր վիճակում է եւ հատուկ պայմաններում է ասել այդ ամենը: Մնացածի վերաբերյալ էլ Վարդուհի Իշխանյանը կասկած չունի, որ կա՛մ վախեցրել էին, կա՛մ էլ՝ դիմել գործարքի: Միջանկյալ հայտնենք, որ հանձնաժողովի անդամի գինն այդ շրջանում 200 դոլար էր: Նշենք նաեւ, որ առնվազն կիսով չափ ուռճացված է 8 կեղծ դիմումների վերաբերյալ պնդումը. ասենք՝ 0133 տեղամասից Ռուդոլֆ Նիկողոսյանը նախ դիմում է գրել, թե չի ցանկանում աշխատել, իսկ 3 օր անց՝ գրել նոր դիմում, թե ցանկանում է: 0117-ից Արթուր Մարտիրոսյանը գրել է 3 դիմում՝ մեկ հրաժարվելով, հետո համաձայնելով, հետո նորից հրաժարվելով: Կամ՝ 0129-ից Էդվարդ Բեգլարյանը ողջ 2-րդ փուլի ընթացքում ԼՂՀ-ում էր եւ ընդհանրապես չի ներկայացրել որեւէ դիմում: Այս ամենի հետեւանքով ընտրության 2-րդ փուլի արձանագրությունը Վարդուհի Իշխանյանը ստորագրել էր հատուկ կարծիքով, նշելով, թե համաձայն չէ ամփոփ տվյալներին, քանի որ կասկածում է դրանց ճշմարտացիությանը. «Գործնականում ԱԺՄ-ն հանձնաժողովի վստահելի անդամներ չուներ 6-րդ ընտրատարածքում»: … Թիվ 14 մշակույթի տանը տեղակայված 0121/06 ընտրատեղամասում, որտեղ մարտի 4-ին հանձնաժողովի անդամ Արամ Խաչատրյանին ապօրինաբար հեռացրել էին (ընտրությունից 3 օր առաջ իրավունք չունեն փոփոխություն անելու), Ռոբերտ Քոչարյանը ստացավ 1587 ձայն, Դեմիրճյանը՝ 162, այն դեպքում, երբ 1-ին փուլում Քոչարյանն այդ տեղամասում շուրջ 200 ձայն էր ստացել, իսկ Դեմիրճյանը՝ 500: Իսկ 3 տեղամասերում (0126/06, 0125/06, 0131/06), որտեղ ԱԺՄ-ն հանձնաժողովի կայուն անդամներ ուներ, որոնք աշխատեցին մինչեւ վերջ՝ Դեմիրճյանը հաղթեց Քոչարյանին: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ