ՓԱՅԼՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԷ ԽՍՀՄ տարիներին Սիսիան քաղաքում գործում էր տրիկոտաժի ֆաբրիկա՝ 1200 աշխատատեղով։ Ըստ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սլավիկ Դադաշյանի, այդ ֆաբրիկան այժմ էլ է գործում, սակայն աշխատում է իր հնարավորությունների 1/3-ի չափով, այն էլ՝ երբ պատվեր է լինում։ Ֆաբրիկան սեփականաշնորհված է, տերը՝ ամերիկահայ։ Այստեղ կարում են համազգեստներ Նյու Յորքի ոստիկանության համար։ Պրն Դադաշյանը հպարտությամբ ու ափսոսանքով հիշեցրեց մեկ այլ ձեռնարկության՝ քաղաքի պանրագործարանի մասին։ Այստեղ ժամանակին աշխատում էր 300-ից ավելի մարդ, «սովետի օրոք» արտադրում էին շվեյցարական ընտիր պանիր, որն աշխատողները չէին կարողանում ձեռք բերել։ Ասում են, այն, որպես «առաջին պատվեր», ուղարկվում էր «պոլիտբյուրոյի» համար։ Գործարանը 1991-92 թվականներին սեփականաշնորհվել է։ Բաժնետերերից մեկը սիսիանցի է, մյուսը՝ մեղրեցի, երրորդն ապրում է Երեւանում, 4-րդը՝ Մոսկվայում։ Թե ովքեր են, այնքան էլ կարեւոր չէ։ Խնդիրն այն է, որ Կռիլովի հայտնի առակի պես ամեն մեկը իր շահն է հետապնդում ու չի զիջում ընկերոջը։ Ըստ աշխատակազմի քարտուղարի, բաժնետերերը իրար հետ համաձայնության չեն գալիս գործարանը միասին շահագործելու մասին, ոչ էլ հրաժարվում են իրենց բաժնեմասից։ Ու քանի որ գործարկման դեպքում կլուծվի բնակչության՝ կաթի իրացման խնդիրը, ուստի ստացվում է, մեծ պոետի խոսքերով, որ «բուռն են հավաքել գեղացոնց հոգին»։ Նախկին էլեկտրալամպերի գործարանում աշխատում էին 600, բուժտեխնիկայի գործարանում՝ 1000, քաղաքի ընդհանուր շինարարությունում՝ շուրջ 1200 մարդ։ Այսօր այս բոլոր աշխատատեղերը փակված են, գործարանները չեն աշխատում։ Քաղաքում գործում է «Գրանտ Մարկոս» քարի մշակման համատեղ ձեռնարկությունը, որը ընդամենը 2 տարվա պատմություն ունի եւ գրանիտի, բազալտի, հղկաքարերի, սալիկների արտադրությամբ է զբաղվում։ Արտադրանքն իրացվում է ինչպես մեզ մոտ, այնպես էլ Իտալիայում եւ Մոսկվայում։ Այս բնագավառում ներգրավված է շուրջ 300 աշխատող։ Ալրաղացում աշխատում է մոտավորապես 20 մարդ, նույնչափ էլ զբաղված են պանրագործարանում։ Եթե այս թվին գումարենք բյուջետային եւ սպասարկման ոլորտի աշխատողների թիվը, կստանանք քաղաքում աշխատող բնակիչների ընդհանուր ցուցանիշը։ Ինչ խոսք, որ փայլուն արդյունք չէ, իսկ թե այդ աշխատանքը կերակրո՞ւմ է, արդյոք, ընտանիքին, սա արդեն լրիվ ուրիշ խոսակցության նյութ է։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ