Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈԲԵՐՏՈ ԿԱՌԼՈՍԻ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Ապրիլ 16,2003 00:00

ՌՈԲԵՐՏՈ ԿԱՌԼՈՍԻ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ Արդեն գրեթե տասը տարի է, ինչ Մադրիդի արքայական «Ռեալ» ակումբն անհնար է պատկերացնել առանց համաշխարհային ֆուտբոլի գերաստղ Ռոբերտո Կառլոսի։ Ձախ կիսապաշտպանն այս թիմում դասվում է «անձեռնմխելիների» շարքը։ Օրերս Ռոբերտո Կառլոսը նշեց ծննդյան 30-ամյակը, որի առիթով լրագրողները հարցազրույց անցկացրին նրա հետ։ Կարծում ենք, Բրազիլիայի հավաքականի անդամի մտքերը կհետաքրքրեն հայ ֆուտբոլասերներին եւ, ինչու չէ, մեր ֆուտբոլիստներն էլ որոշ օգտակար բաներ կքաղեն իրենց համար։ – Ասում են, թե 30 տարեկանում արդեն մեծ ես բարձրակարգ ֆուտբոլ խաղալու համար,- ասել է հոբելյարը։- Ես բացարձակապես համամիտ չեմ այդ հոռետեսությանը։ Գուցե այդ տարիքը ոմանց համար ինչ-որ սահման է դառնում, բայց դա ինձ համար չէ։ Ասեմ ավելին. վստահ եմ, որ հատկապես հիմա եմ գտնվում մարզավիճակիս գագաթնակետին, ինձ զգում եմ գերազանց եւ հույս ունեմ, որ նորանոր տիտղոսներ կնվաճեմ։ Ես չեմ պատրաստվում հրաժեշտ տալ ֆուտբոլին եւ դեռ մի վեց տարի էլ կխաղամ։ – Հետեւելով խաղադաշտում ձեր գործողություններին՝ տպավորություն է ստացվում, թե դուք երբեք չեք ծերանում։ Ո՞րն է գերազանց մարզավիճակի ձեր գաղտնիքը։ – Ես հետեւում եմ իմ առողջությանը։ Իմ գլխավոր դեղատոմսը հետեւյալն է. պետք է ամբողջ օրվա ընթացքում շատ հեղուկ օգտագործել։ Ես վաղուց հանքային ջրերի սիրահար եմ, իսկ երբ տեղափոխվեցի Իսպանիա, որտեղ շատ խաղող է աճում, գրեթե ամեն օր նախաճաշին եւ ընթրիքին մեկական բաժակ գինի եմ ըմպում։ Դա օգտակար է սրտին։ Անկեղծ ասած, սկսել է դեմքիս մանր կնճիռներ առաջանալ։ Բայց չեմ նեղվում։ Դա բնության օրենքն է։ Որոշ քսուքներ եմ օգտագործում։ Բայց երջանիկ եմ, որ հիվանդությունները որպես կանոն շրջանցում են ինձ։ – Դուք համարվում եք այն ֆուտբոլիստներից, ովքեր բացարձակապես ենթակա չեն վնասվածքներ ստանալուն։ – Այո, վերջին ութ տարում վնասվածքի պատճառով ընդամենը մեկ խաղ եմ բաց թողել «Ռեալում»։ – Արքայական ակումբի կազմում դուք արդեն տասը խոշոր մրցանակ եք շահել։ Ֆուտբոլում էլ ինչի՞ կցանկանայիք հասնել։ – Ես այն մարդկանցից չեմ, ովքեր երես են առնում հաջողություններից։ Ամեն մի նոր հաղթանակի համար ուրախանում եմ այնպես, ինչպես հինգ, տասը տարի առաջ։ Հիմա «Ռեալն» ի վիճակի է նվաճել ցանկացած մրցանակ։ Ինչ ես խաղում եմ այստեղ, թիմն արժանի է եղել խաղալ ցանկացած մրցաշարի առնվազն կիսաեզրափակիչում։ Ճիշտ է, տարեցտարի դժվարանում է միջազգային ասպարեզներում հանդես գալը. մրցակիցները մեր դեմ տրամադրվում են, ասես, վերջին հանդիպման։ Դա ընդամենն ընդգծում է արքայական ակումբի մեծությունը։ Ի դեպ, շատերի համոզմամբ, Ռոբերտո Կառլոսը տիրապետում է ձախ ոտքով աշխարհում ամենաուժեղ հարվածին։ Նրա «կրակոցից» հետո գնդակը երբեմն սլանում է 170 կմ/ժամ արագությամբ։ Բացի դա, բրազիլացին առանձնանում է նաեւ իր արագությամբ։ Այս տարիքում էլ նա 100 մետրը վազում է 10,6 վայրկյանում։ Ասենք նաեւ, որ ֆուտբոլային կարիերան «Ունիոն Սան-Ժոաո» ակումբում Ռոբերտո Կառլոսը սկսել է որպես հարձակվող։ Հետաքրքիր վիճակագրություն. Ռոբերտո Կառլոս դա Սիլվայի հասակը 168 սմ է, քաշը 70 կգ։ «Ռեալի» հետ պայմանագրի ժամկետը մինչեւ 2005թ. հունիսի 30-ն է։ Կարիերան. «Ունիոն Սան-Ժոաո», Բրազիլիա (1990- 93), «Պալմեյրաս», Բրազիլիա (1993-95), «Ինտեր», Իտալիա (1995-96), «Ռեալ», Իսպանիա (1996-ից)։ Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դաշտում անցկացնելով 3918 րոպե։ Խփել է 4 գոլ, կատարել 7 արդյունավետ փոխանցում։ Արժանացել է բազմաթիվ տիտղոսների. Բրազիլիայի չեմպիոն (1993), Իսպանիայի կրկնակի չեմպիոն (1996/97, 2000/01), Իսպանիայի սուպերգավաթակիր (1997, 2001), Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող (1997/98, 1999/ 2000, 2001/02), Եվրոպայի սուպերգավաթակիր (2002), Միջմայրցամաքային գավաթի կրկնակի տիրակալ (1998, 2002), Ատլանտայի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1996), Ամերիկայի գավաթի կրկնակի հաղթող (1997, 1999), աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (1998), աշխարհի չեմպիոն (2002)։ Ազգային հավաքականի կազմում մասնակցել է 94 հանդիպման, դարձել 7 գոլի հեղինակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930