Մեր պատերազմն էլ մեր ընտրություններն են Հայաստանի դպրոցների եւ բուհերի քաղաքականացումը շարունակվում է Վերջին օրերին ԱՄՆ-ում կրթության ոլորտի պատասխանատուները լուրջ պայքար են սկսել դպրոցներում աշակերտների հետ պատերազմի թեմայով ուսուցիչների կողմից անցկացվող քննարկումների ու զրույցների դեմ: Մասնագետները պնդում են, որ դա շատ վատ է անդրադառնում թե միջին, թե բարձր դասարանի աշակերտների հոգեբանության վրա: Վերջիններիս շրջանում շատ են պատերազմում կռվող ընկեր կամ հարազատ ունեցողները, ուրեմն թեման շրջանցելը նրանց կյանքում անհնարին է, իսկ դպրոցն էլ նպաստում է թե դրան, թե դասերի մասին հիմնովին մոռանալուն: Իսկ մեզ մոտ դասերը մոռանալու համար պատերազմ ամենեւին էլ պետք չէ: Դրա համար բավական են ընտրությունները: Վերջին տարիներին հասարակությունը՝ ամենափոքրից մինչեւ ամենամեծը, խիստ քաղաքականացվել էր: Դեռ նախագահական ընտրությունների քարոզարշավից սկսած՝ բարձրաձայնում ենք, թե այս ու այն դպրոցում տնօրենը, ուսուցիչը կամ դասախոսն իրենց սաների ու նրանց ծնողների շրջանում քարոզ է տանում, ահաբեկում, իսկ ընտրությունների ժամանակ անձամբ մասնակցում ընտրակեղծիքներին: Հաճախ նշվում էին եւ անուններ, սակայն ասվածն անարձագանք էր մնում: Իսկ ով պետք է պատժեր Ռ. Քոչարյանի օգտին կեղծած որեւէ տնօրենի: Եվ ինչպես կարելի է պատկերացնել, որ ինչ-որ կուսակցության կամ դաշինքի կազմում ներգրավված դպրոցի տնօրենն իր դպրոցում տեղակայված ընտրատեղամասում չի կեղծելու իր կուսակցության օգտին: Եվ ոչ միայն տնօրենները: Կրթության ոլորտի աշխատակիցները, որոնք անմիջական ազդեցություն կարող են ունենալ մի որոշակի ընտրազանգվածի վրա (աշակերտների կամ ուսանողների ծնողներն ու հարազատները, հենց ուսանողները եւ այլն), գալիք խորհրդարանական ընտրություններում աննախադեպ շատ են: ՀՀ ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների շարքում այս առումով առաջին տեղում են ՀՅԴ-ն եւ «Հզոր հայրենիքը»: Առաջինն ունի 2 դպրոցի տնօրեն, 2 դեկան, 1 պրոռեկտոր, մի շարք բուհերի 18 դասախոս, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ եւ, վերջապես, ԿԳ նախարար: «Հզոր հայրենիքը» եւս հարուստ է կրթության ու մշակույթի ոլորտի պատասխանատուներով, եւ դա զարմանալի չէ, որովհետեւ կուսակցությունն ունի Ռոբերտ Նազարյան ու Ռոլանդ Շառոյան: Հետեւաբար, նրանց են միացել 9 դպրոցի տնօրեններ, գեղարվեստի պետ. ակադեմիայի ռեկտորը, տարբեր բուհերի 5 ամբիոնի վարիչ, Սպիտակի թիվ 1 մարզադպրոցի փոխտնօրենը, մի շարք դոկտոր-պրոֆեսորներ ու դոցենտներ: Հանրապետական կուսակցությունը թեպետ հարուստ չէ նմանատիպ ազդեցիկ անդամներով (այստեղ է միայն ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը), սակայն հարուստ է նախարարներով, որոնք սիրում են դպրոցներում լայնածավալ քարոզարշավներ կազմակերպել: Հիշենք անցած նախագահական ընտրությունները: «Օրինաց երկիրը» ունի Եվրոպական տարածաշրջանային Ակադեմիայի ընտրազանգվածը, ունի 2 դպրոցի եւ 1 քոլեջի տնօրեն, մեկ Սերգո Երիցյան, 1 ամբիոնի վարիչ եւ 1 ռեկտոր: Բացի այդ, հատուկ քարոզչական նպատակով վերջերս ստեղծվել է «Ուսուցիչների միություն» հասարակական կազմակերպությունը: Այս առումով ապահով ձեռքերում է նաեւ ՀՌԱԿ-ը՝ 4 դպրոցի տնօրեններով (բնականաբար՝ նաեւ Մալիշկա գյուղի), կոնսերվատորիայի ու ՀՊՄՀ-ի ամբիոնի վարիչներով եւ այլն, «Արժանապատվություն, ժողովրդավարություն, Հայրենիք» դաշինքը՝ Լյուդմիլա Հարությունյանով (ԵՊՀ) եւ Էդվարդ Սանդոյանով (Հայ-ռուսական պետական համալսարան): ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ