ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԿԱՐՏՈՖԻԼ ԷՐ ՎԱՃԱՌՈՒՄ «Սա ֆիլմ է կորած ժամանակի եւ չիրականացված երազների, կորսված երիտասարդության մասին». այսպես բնութագրեց երիտասարդ ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Հեքիաթ թեւավոր ձիու մասին» ֆիլմը նրա երկու գլխավոր հերոսներից մեկը՝ դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը։ Ֆիլմն անցած տարի Յալթայի կինոփառատոնում ճանաչվեց լավագույններից մեկը եւ մոռացվեց: Մոռացվեց Հայաստանում։ Արտերկրում ֆիլմը շարունակում է հաջողությամբ մասնակցել տարբեր կինոփառատոների եւ աննկատ չի մնացել։ Վերջին երկու ամսում այն ցուցադրվել է Իսպանիայում եւ Հոլանդիայում, մոտ օրերս կուղարկվի Քյոլնում կազմակերպված վավերագրական ֆիլմերի փառատոն։ Իսկ հայրենիքում չի ցուցադրվում, չնայած տեսաֆիլմ է եւ կարող էր հաջողությամբ տեղ գրավել հայրենի հեռուստաընկերությունների ֆիլմադարաններում։ Մեր հեռուստաընկերությունները գերադասում են հազարավոր դոլարներ ծախսել սերիալներ նկարելու եւ գնելու վրա, բայց հաջողված այս ֆիլմը, որի ցուցադրության իրավունքը մի քանի հազար դոլարով կարելի է ձեռք բերել, չեն ուզում նկատել։ Այդպես են վարվում նաեւ մեր մեծահարուստները, որոնք, ռեժիսոր Արմեն Խաչատրյանի կարծիքով, բարձր արվեստը պարզապես չեն սիրում։ Ֆիլմը պատմում է դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի եւ քանդակագործ Նելսոն Շիրվանյանի մասին. սա ռեժիսորական շատ ինքնատիպ մտահղացում է՝ պատմել «ցուրտ ու մութ տարիների» մեր ապրած օրը՝ Սոֆիկի ու Նելսոնի դժվարին առօրյայի միջոցով։ Վերջիններս ոչ թե դեր են խաղացել, այլ ապրել են իրենց բաժին հասած դժվարին ժամանակը։ Սոֆիկի դժվար ապրելակերպի մասին գիտեին արվեստակից ընկերները, հարեւան-բարեկամները։ Երեխաներին կերակրելու համար նա եւ ամուսինը զբաղվել են ամեն ինչով՝ առեւտուր, կոշկակարություն, օղու մատակարարում առեւտրակետեր։ Սոֆիկը նույնիսկ Մալաթիայի շուկայում քյաբաբ է վաճառել։ Այս բոլորը դարձել է Ա. Խաչատրյանի ֆիլմի նյութը։ Օղու հերթական խմբաքանակը առեւտրականի տուն տարած Սոֆիկին մի անգամ ճանաչում է տան հյուրը. «Էս դերասանուհին ի՞նչ է անում ձեր տանը»։ «Ի՞նչ դերասանուհի, մեր օղի բերողի կինն է»,- հնչում է զարմանք-պատասխանը։ Ֆիլմում ոչ մի «գրամ» սուտ, ոչ մի «գրամ» դերասանություն չկա, իրական կյանքն է ներկայացված եւ պատահական չէ, որ այն արցունք է պոկել Յալթայում անգամ Է. Շենգելայայի աչքերից։ Ֆիլմի առիթով մեր զրույցում Սոֆիկը պատմում է, որ իր արվեստակից ընկերներից, իհարկե, ամաչում էր, մի անգամ Ռաֆայել Քոթանջյանը տեսավ իրեն կարտոֆիլ վաճառելիս՝ ասաց. «Քոռանամ ես, Սոֆոն ա»։ Սկզբում դեմքը ծածկում էր թղթով, հետո սովորեց՝ ինչ արած, ապրել էր պետք։ Մի օր էլ Մալաթիայի շուկայում մթերք վաճառող գյուղացիներն էին ճանաչել իրեն եւ ով ինչ մթերք ուներ՝ դրանից բերել-նվիրել էին, մի սարի չափ բան։ «Հասարակ մարդն ավելի է գնահատում արվեստը, քան վերին շրջանակները»,- եզրակացնում է Ս. Սարգսյանը։ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ