Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԱՐԴԵՆ ՍԱՐՔԱԾ ԵՆ

Ապրիլ 16,2003 00:00

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԱՐԴԵՆ ՍԱՐՔԱԾ ԵՆ Կարեւորը ոչ թե թիվն է, այլ խախտումների ծանրությունը «Փաստերը վկայում են»,- ասում է դիմումատուն Երեկ Սահմանադրական դատարանում սպասվում էր, որ ՀՀ նախագահի էքսթեկնածու Ստեփան Դեմիրճյանի դիմումի քննությունը կավարտվի, կողմերի եզրափակիչ ելույթները լսելուց հետո ակնկալվում էր, որ Սահմանադրական դատարանը կգնա խորհրդակցական սենյակ՝ իր պատմական եզրակացությունը տալու նպատակով։ Նախագահի 4 թեկնածուներ (Ստեփան Դեմիրճյան, Արամ Կարապետյան, Արամ Գ. եւ Արամ Զ. Սարգսյաններ) ԱԺ բազմաթիվ պատգամավորների հետ հետեւում էին իրադարձությունների զարգացմանը, իսկ Սահմանադրական դատարանը վերածվել էր Ազգային ժողովի դահլիճի։ Պատգամավորները ակտիվ սպասումների մեջ էին։ Սահմանադրական դատարանի անձեռմխելիությունը, որքան հայտնի է, պաշտպանում է ինքը՝ Սահմանադրությունը, գումարած ոստիկանությունը, որը շրջափակել էր ՍԴ շենքը։ Եզրափակիչ ելույթի համար ձայնը նախ տրվեց դիմումատուի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանին։ Նա իր ակնկալիքները ներկայացրեց բարձր դատարանին, այն է, որ նրա եզրակացությունից է կախված, թե Հայաստանը կմնա՞ պատմության մեջ որպես քաղաքակրթության մաս, թե՞ վերջնականապես կվերածվի բռնապետության, իմաստազրկելով մեր պետության գոյությունը եւ նրա բնակչության ապագան։ Նա դարձյալ ներկայացրեց խախտումները, որոնք ընթացել են թե առաջին եւ թե երկրորդ փուլի ժամանակ։ «Ակնհայտ է, որ ընտրողների իրավունքների խախտումները չպետք է հավասար լինեն թեկնածուների միջեւ ձայների գրանցված տարբերությանը, որպեսզի ընտրություններն անվավեր ճանաչվեն։ Այստեղ կարեւորը ոչ թե թիվն է, այլ նման խախտումների ծանրությունը, տարբեր եւ իրարից հեռավորությամբ տարանջատված տեղամասերում դրանց կրկնվելու հանգամանքը»։ Անդրադառնալով նախընտրական քարոզչության փուլում սահմանված կարգին, փաստաբանը գտնում էր, որ խախտումները չեն կարող կրել միայն ընթացակարգային բնույթ, այլ «նշանակում են բացառապես ընտրողների կամքի ազատ ձեւավորման եւ արտահայտման առումով ընտրելու եւ ընտրվելու սահմանադրորեն ամրագրված նյութական իրավունքի խախտում»։ Նա նկատեց նաեւ, որ եթե ընտրելու իրավունքից զրկված լինեին ոչ թե, ասենք, 59, այլ 540.277 քաղաքացի (1 ձայնով պակաս այն թվից, որը, ըստ ԿԸՀ-ի ամփոփիչ արձանագրության, կազմում է 2 թեկնածուների միջեւ ձայների տարբերությունը), ապա այդ դեպքում Ռ. Քոչարյանը կունենար 1 ձայնի առավելություն եւ դա 2-րդ փուլում բավարար կլիներ նրա հաղթանակի համար։ «Ահա թե ուր կարող են տանել թվաբանական հաշվարկները միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի մակարդակով»,- շարունակեց նա։ Եզրափակիչ ելույթում անդրադարձ եղավ նաեւ ԶԼՄ-ներից օգտվելու համար լուսաբանման ծավալի, եթերաժամանակի եւ սակագնի հավասարության մասին։ Այս առումով դիմող կողմը անհիմն համարեց պատասխանող կողմի (ԿԸՀ-ի) պատճառաբանությունները, որն ընդունելու դեպքում, ըստ նրա փաստարկների, ստացվում էր, որ «պետական միջոցները գործադրելով, կարծիք են հայտնել թեկնածուների մասին, բայց դա չի ազդում ընտրողների կամքի ազատ ձեւավորման եւ թեկնածուների հավասարության վրա։ Իսկ եթե այդ նույն բանն արվում է «գովազդ» խորագրի ներքո, ապա դա քարոզչություն է»։ Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց արձակուրդային գործընթացին, դիմող կողմը չէր բավարարվել պատասխանող կողմի բացատրություններից եւ ստացել էր այն տպավորությունը, թե «ՀՀ կառավարությունը նրա բազմաթիվ անդամների արձակուրդի մեջ գտնվելու հետեւանքով ի վիճակի չի եղել ապահովել ընտրությունների օրինականությունն իր մասով»։ Եզրափակիչ ելույթում խոսք գնաց նաեւ ապօրինի քվեաթերթիկների լցոնումների մասին, որը դիմումատուն հիմնավորեց տեղամասերի ընտրողների մասնակցության վերլուծությունը դատարանին ներկայացնելով։ Մասնավորապես, 0047 եւ 0048 տեղամասերում մասնակցության տոկոսը եղել է համապատասխանաբար 87,3 եւ 96,8։ 0251 եւ 0252 տեղամասերում մասնակցության տոկոսը եղել է 82 եւ 84։ Քոչարյանին կողմ ձայները համապատասխանաբար՝ 94,1% եւ 95,5%։ 0800 եւ 0801 տեղամասերում մասնակցությունը եղել է 99,4%, Քոչարյանի կողմ ձայները՝ 86%։ Մեկ ուշագրավ հայտարարություն էլ արվեց՝ 0050 եւ 0051 տեղամասերում մասնակցության տոկոսը եղել է 85,1 եւ 81,9։ Համեմատության համար Ա. Սարգսյանը մեջբերեց հարեւանությամբ գտնվող, առանձին տեղամասային կենտրոն ունեցող 0052 տեղամասում մասնակցության տոկոսը, որը եղել է ընդամենը 57,4։ Եզրափակիչ ելույթում չմոռացվեցին նաեւ վստահված անձինք եւ նրանց իրավունքների սահմանափակման դեպքերը։ Ըստ դիմումատուի ներկայացուցչի, սահմանափակելը «նախօրոք ծրագրավորված է եղել հենց ԿԸՀ-ի կողմից»։ Խոսք գնաց այն մասին, որ ՏԸՀ-ների նախագահները իրավախախտումների դեպքերի կապակցությամբ չեն ձեռնարկել ոչ մի միջոց, փորձել են ազատվել Ս. Դեմիրճյանի վստահված անձանց ներկայությունից եւ նրանց թույլ չեն տվել ծանոթանալ ընտրական փաստաթղթերին, ցուցակներին։ «Նույնիսկ այն 45, իսկ մեր տվյալներով՝ 16 տեղամասերի կատարված ստուգումների վերաբերյալ թույլ չեն տվել ստուգել ընտրություններին մասնակցած անձանց թիվը, ինչն անհրաժեշտ է անճշտությունների չափը պարզելու համար»։ Դիմող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, մասնավորապես նշեց. «գործի քննության ընթացքում մեր կողմից բերվեցին հիմնավոր փաստարկներ այն մասին, որ նախագահական ընտրությունները նախապատրաստվել եւ անց են կացվել իշխանությունների եւ ընտրական հանձնաժողովների կողմից նախապես ծրագրված ու կազմակերպված բնույթ կրող զանգվածային իրավախախտումներով ու կեղծիքներով: Կազմակերպման, անցկացման եւ ձայների հաշվարկման ժամանակ տեղի ունեցած խախտումները էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա եւ դրանք պիտի անվավեր ճանաչվեն: Պետության բարձրագույն ղեկավարության հրահանգով ստեղծվել է ընտրակեղծիքների իրականացման կազմակերպված համակարգ, պետության լրատվական, ընտրական, ոստիկանական, դատական եւ դատախազական համակարգերը հատուկ ստեղծել են մի այնպիսի իրավիճակ, երբ անհնար էր դարձել ընտրական պրոցեսների օրինականությունն ապահովող որեւէ գործողություն, ավելին, խոչընդոտվում էր ապօրինությունները հայտնաբերելու եւ վերացնելու ցանկացած քայլ: Փաստարկներով ապացուցվում է, որ կեղծիքներն իրականացվել են համակարգված ձեւով, որի արդյունքում նախապես տպագրվել են հազարավոր ավելորդ քվեաթերթիկներ, դրանք կնքվել են անօրինական ճանապարհով ձեռք բերված կնիքներով եւ հանձնաժողովի ընդդիմադիր կուսակցությունների անդամներին հանձնաժողովից ապօրինի հեռացնելուց հետո այդ քվեաթերթիկները ստորագրվել են հանձնաժողովների՝ իշխանությունը ներկայացնող անդամների կողմից: Քվեարկության ողջ ընթացքն ուղեկցվել է քվեատուփերի մեջ վերոհիշյալ թերթիկների մասսայական լցոնումներով: Վստահված անձանց միջամտությունները դիտարկվել են որպես հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտում, եւ ոստիկանների միջոցով նրանց հարկադրաբար դուրս են հրավիրել: Դրա արդյունքում քվեարկությանը մասնակիցների թիվը արհեստականորեն մեծացվել է, իսկ մասսայական անօրինականությունները քողարկելու համար հանրապետությունից բացակա կամ մահացած կամ քվեարկությանը չմասնակցած մարդկանց փոխարեն ստորագրել են հանձնաժողովների անդամները»: Պրն Դալլաքյանի ելույթը հարուստ էր զանազան մեջբերումներով: Իսկ իր խոսքը նա ավարտեց հետեւայլ աֆորիզմով. «Գործով անմահանալն է հավարժին ձգվող ճանապարհը: Պատմական ժամանակներն ու անձի դերն ու դերակատարությունը դրանում ընկալելի ու գնահատելի են ժամանակի հեռվից, հարդը ցորենից զատելուց հետո: Իսկական հերոսը նա է, ով ինքն իրեն է հաղթել» Տես՝ Գագիկ Հարությունյանի ելույթը 17.04. 2002թ.: Դուք ասացիք»: «Փաստաթղթերը վկայում են»,- ասում են պատասխանողը եւ ՍԴ-ն 2 ժամ 40 րոպե տեւեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանի եզրափակիչ խոսքը։ Ի դեպ, երբեմն հնչում էին ընդդիմախոսներին հասցեագրված ոչ կոռեկտ արտահայտություններ, ինչից զերծ մնաց դիմող կողմը։ Համարելով դիմումատուի փաստարկները իրավական հիմքերից զուրկ դատողություններ, Տ. Մուկուչյանը անակնկալի բերեց դատական նիստի մասնակիցներին, մասնավորապես՝ ՍԴ անդամներին։ Մինչեւ երեկ փաստական հանգամանքների մասին նա փաստորեն խուսափում էր խոսել, մինչդեռ եզրափակիչ ելույթը օգտագործեց հենց դրա համար։ Այդպիսով նա զրկեց դիմումատուին ապացույցները եւ հանգամանքները հետազոտելու հնարավորությունից, խախտելով մրցակցության հավասարության սկզբունքը։ Ընտրատարածք առ ընտրատարածք, ընտրատեղամաս առ ընտրատեղամաս նա ներկայացրեց դիմումատուի վստահված անձանց գործունեությունը։ Մասնավորապես, անդրադառնալով տեղամաս 10-ին, նա ասաց, որ հանձնաժողովի անդամ Արամ Թովմասյանը հեռացվել է (ըստ դիմումատուի՝ ապօրինի), սակայն ԿԸՀ տվյալներով այդպիսի անձ չի եղել այդ տեղամասում։ Խոսք գնաց նաեւ թիվ 1 տեղամասային հանձնաժողովի անդամ Սուրեն Ոսկանյանին հանձնաժողովի աշխատանքներից օտարելու մասին։ Տ. Մուկուչյանը հայտնեց, որ 3 նիստերից անհարգելի բացակայության պատճառով է նա հեռացվել հանձնաժողովից։ Անդրադառնալով 0201 տեղամասում առկա դիմումին, ուր ահազանգ է եղել զանգվածային լցոնումների մասին, ԿԸՀ ներկայացուցիչը ոչ միայն ժխտեց այդ փաստը, այլ նշեց, որ հատուկ կարծիք չի եղել։ Անդրադառնալով 0218 տեղամասում Ս. Դեմիրճյանի վստահված անձ Հ. Թոփչյանին, ԿԸՀ ներկայացուցիչը հայտնեց, որ այդպիսի վստահված անձ ցուցակում չի եղել։ Հատուկ կարծիք չի եղել նաեւ 0240 տեղամասում։ Ինչ վերաբերում է 0247 տեղամասին, վստահված անձի դիմումը վերաբերել է, ըստ Տ. Մուկուչյանի՝ առաջին փուլին։ 0248 տեղամասում վստահված անձը՝ Ղասաբյանը, տեղական հանձնաժողովի արդյունքները ստուգելու դիմում է ներկայացրել, ինչը արվել է։ 0265 տեղամասում լցոնվել է 3 քվեաթերթիկ։ 15 ընտրատարածքում խոսք գնաց Սիրադեղյան ազգանունով վստահված անձի գործունեության մասին։ Ըստ պատասխանողի, նման անձ գոյություն չունի։ Պատասխանողի խոսքը հիմնականում միտված էր վստահված անձանց գործունեությանը, ինչն էլ առիթ դարձավ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի միջնորդությանը, որը միջնորդեց «ՍԴ մասին» օրենքի 51 հոդվածի համաձայն ընդմիջել նիստը՝ անդրադառնալու «չգրանցված» վստահված անձանց «եւ գրանցվածների» միջեւ տարբերությունների ուսումնասիրմանը։ Ի դեպ, ՍԴ նախագահի կողմից ճշտում արվեց, թե ԿԸՀ-ից ներկայացված ցուցակը ինչ հիմքերով է ստուգվել, ինչպես է ստուգվել՝ կե՞ղծ են, թե՞ կեղծ չեն։ «Հիմքերը լիազոր ներկայացուցիչների կողմից հայտերն են»,- ասաց Տ.Մուկուչյանը։ Ըստ ՍԴ մասին օրենքի 51 հոդվածի, «ՍԴ-ն կողմերի եզրափակիչ ելույթներից հետո որոշում է կայացնում գործի քննությունը վերսկսելու մասին, եթե անհրաժեշտ է համարում պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ կամ հետազոտել նոր նյութեր»։ Այսօր ՍԴ-ն կվերսկսի Ս. Դեմիրճյանի դիմումի քննությունը։ Չեն բացառվում, որ լինեն նոր եզրափակիչ ելույթներ, ինչն օրենքով թույլատրելի է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել