Լրահոս
Օրվա լրահոսը

Դառը պատմություն շաքարի մասին

Ապրիլ 16,2003 00:00

Դառը պատմություն շաքարի մասին Գործարանի ճակատագիրը մշուշոտ է Հուրախություն բազում գործազուրկ գյումրեցիների, քաղաքից ոչ հեռու՝ Մայիսյան գյուղի մերձակայքում նախատեսվեց կառուցել շաքարի գործարան։ 2000թ. նոյեմբերի 8-ին հանդիսավոր արարողությամբ տեղադրված հիմնաքարը կարծես թե լուրջ սպասելիքների հույս ներշնչեց։ Ձեռնարկն ունենալու էր տնտեսական կարեւոր նշանակություն։ Բացի աշխատատեղեր ապահովելուց, արտադրանքն առավել էժան կլիներ, քան ներկրվողը։ Սակայն մինչ օրս հիմնաքարին ոչինչ չի ավելացվել։ Մի փոքր նախապատմություն։ 1999-ին կառավարությունը Ձեռնարկությունների աջակցման հիմնադրամ էր ներկայացրել 4 ձեռնարկությունների՝ այդ թվում եւ Գյումրիում շաքարի գործարան կառուցելու ու գործարկելու ծրագրեր։ Վերջինս ունենալու էր 40 մլն դոլարի արժողություն։ Ծրագրի վերլուծությանը մասնակցել են արտասահմանից հրավիրված փորձագետներ։ Քննարկմամբ պարզվել էր, որ գործարանի կառուցումն այդ տարածքում վիճելի նախաձեռնություն է եւ սարքավորումների ու տեխնիկական անլիարժեքության պատճառով այն չի համապատասխանի միջազգային չափանիշներին։ Սակայն այս ամենն անտեսելով, գործարանի կառուցման համար անհրաժեշտ նախապատրաստությունն արվեց։ Իսկ կառավարության անդամների (օրինակ՝ արտադրողական ենթակառուցվածքները համակարգող նախարար Դ. Զադոյան, տարածքային կառավարման նախարար Հ. Աբրահամյան, գյուղատնտեսության նախարար Զ. Գեւորգյան եւ այլք) բարձրագոչ ճառերը ոգեւորիչ էին լավ սկզբի համար։ Իսկ գործարանի կառուցումն ու շահագործումը իրենց վրա վերցրին «Սիլվի շաքար կոնցեռն» եւ «Անդրե գրուպ» ընկերությունները, ինչը եւս առաջին հայացքից բավական խոստումնալից էր։ «Սիլվի շաքար կոնցեռն» ՓԲԸ-ն հայտարարություն է արել, թե իբր գործարանի համար անհրաժեշտ 51 մլն դոլարի սարքավորումների մի մասը Անգլիայից հասել է Ռուսաստան։ Ըստ հիշյալ ընկերության, շվեյցարացի մի բարերար փոխանցել է 26 մլն դոլար, իսկ մնացած գումարի հայթայթման համար ընկերությունը դիմել է Լինսի հիմնադրամին, խոստանալով, որ Եվրոպական եւ Համաշխարհային բանկերից 2001թ. հոկտեմբերին ստանալիք վարկերով կփակեն հիմնադրամի պարտքերը։ Սակայն հիմնադրամը ընկերությանը գումարներ չի հատկացրել՝ հավատացած լինելով ու հավաստիանալով, որ ՀԲ-ն ու Եվրոպական բանկը, նախօրոք ուսումնասիրելով գործունեության ծրագիրը, հրաժարվել են վարկեր տրամադրել։ Այսպիսով, նախաձեռնությունը մնաց նախագիծ՝ գյումրեցիների ու ճակնդեղ աճեցնելու հեռանկարով ապրող գյուղացիների չիրականացած երազանք։ Ծրագրի չկատարման մասին հնչում են տարբեր մեկնաբանություններ ու կարծիքներ։ Օրինակ, ԱԺ պատգամավոր Ս. Ավետիսյանը գտնում է, որ գործարանի կայացումն իրականացնող ընկերություններից մեկի նախագահը մահացել է եւ գործընթացն այդ պատճառով 1 տարի շարունակ կանգ է առել։ Իսկ Շիրակի մարզի Արդյունաբերության զարգացման աջակցության վարչության պետ Հ. Սիմոնյանը հայտնեց, որ գործարանի կառուցման մասին որեւէ պաշտոնական հայտարարություն դեռեւս չի արվել, մնում է սպասել եւ հուսալ, որ ամբիոններից հնչած խոստումներն ու ճառերը հուսախաբ չեն անի առանց այդ էլ հավատը կորցրած ժողովրդին։ Իսկ ահա շաքար եւ սպիրտ ներկրողներին ծրագրի չիրականանալը չափազանց ձեռնտու է եւ եկամտաբեր։ ՄԱՐԻՆԵ ԱՓՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930