Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ

Ապրիլ 16,2003 00:00

ԱԶԱՏ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ Իրականում, պարզ է, որ նման բան չի լինում։ Կամ մեկն է լինում, կամ՝ մյուսը։ Բայց «Հայկական ավիաուղիները» փակելու իր գործարքով (պայմանագիրն արդեն կնքված է) կառավարությունը, փաստորեն, ուզում է հակառակն ասել։ Ինչպես արդեն հայտնի է, «Հայկական ավիաուղիները» դադարեցնում է իր գործունեությունը։ Սրա համար, ի դեպ, պայմանագրում «փակում» բառն է օգտագործվում։ Իսկ պայմանագիրն ու հավելվածները, որ ստորագրվել են կառավարության կողմից, նախագահական ընտրություններից հետո, թեժ շրջանում, կոչվում է «Ներդրումային պայմանագիր «Արմավիային» ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ»։ Իսկ «Արմավիայի» շահերը հնարավորինս արտոնյալ պայմաններով կառավարությունը երաշխավորել է, ինչը տեղին կլիներ ՀԱՈՒ-ի պարագայում։ Այս գործարքը դիտարկենք, սակայն, երեք կարեւորագույն տեսանկյունից. ազատ տնտեսական մրցակցություն, ազգային փոխադրողի կարգավիճակի հարցը եւ անհրաժեշտ, բայց ոչ լայն պահանջարկ վայելող մասնագետների գործազրկության հարցը։ Նախատեսվում է, որ ՀԱՈՒ-ի փակումից հետո օդուղիների հիմնական եւ, մասնագետների գնահատմամբ՝ շահավետ մասը, այդ թվում՝ Երեւան-Մոսկվան, կտրամադրվի «Արմավիային», մյուս մասը՝ «Հայկական միջազգային ավիաուղիներին»։ Ավելին, պայմանագրի երկրորդ հավելվածում նշված է. օդուղիների երաշխավորված ցանցը «հատկացվելու է «Արմավիային»՝ հատկացման ժամանակահատվածում բացառիկության սկզբունքով»։ Հասկանալի է, որ իր կողմից վճարելիք գումարի դիմաց «Արմավիան» պահանջած կլինի օդուղիների ողջ ցանկը, որը, այնուամենայնիվ, չի տրամադրվել ամբողջությամբ։ Այլ հարց է, թե արդյոք ինչ նախապայմաններ հաշվի առնելով է, որ կառավարությունը նախապատվությունը տվել է այդ ընկերությանը։ «Հայկական միջազգային ավիաուղիներից» տեղեկացանք, որ «դեռեւս դեկտեմբերին ՀՄԱ-ն տվեց իր գրավոր համաձայնությունը ներկայացված պահանջներին եւ բոլոր առումներով բավարարում էր այդ պահանջները»։ Նույն հավելվածը նշում է նաեւ, որ «Հայկական միջազգային ավիաուղիների» (որն, ըստ էության, «Արմավիայի» մրցակիցն էր) օդուղիների սպասարկման ժամկետի (մինչեւ 2004թ. դեկտեմբերի 31-ը) ավարտից հետո ժամկետը չի երկարաձգվի կամ նորոգվի, որից հետո «հնարավորինս շուտ» կհատկացվի «Արմավիային»։ Ինչո՞ւ չի երկարաձգվի կամ ինչո՞ւ հնարավորինս շուտ՝ պայմանագիրը չի պատասխանում։ 2005թ.-ից «կառավարությունը չեղյալ եւ ուժը կորցրած կճանաչի ՀՄԱ-ի բոլոր լիցենզիաները»։ Այս պայմանները դժվար թե որեւէ աղերս ունեն տնտեսական ազատ մրցակցային դաշտի ապահովման հետ։ Պայմանագիրն, ընդհանրապես, լեցուն է այսպիսի դրույթներով ու արտահայտություններով, որոնք վկայում են մի ընկերությանը արտոնյալ պայմաններ տրամադրելու մասին։ Հետեւաբար պայմանագիրը հակասում է միջազգայնորեն ընդունված տնտեսական մրցակցության մասին օրենսդրությանը։ Պայմանագիրը հակասում է նաեւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության սահմանած եւ ԱԺ կողմից հաստատված օդային երթուղիների շահագործման լիցենզիաների տրման մրցութային կարգին։ Այս գործարքը հակասում է անգամ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծրագրին, որով նա խոստանում է ազատական տնտեսություն եւ մրցակցային հավասար պայմաններ։ ՀՄԱ-ն գտնում է, որ հավասար մրցակցության մասին խոսք անգամ չկա։ Իսկ «Արմավիայի» համար, որը նույնպես մասնավոր ընկերություն է, պարզ է, իրավունքները որքան բացառիկ, այնքան՝ լավ։ Այնուամենայնիվ, փորձեցինք ճշտել. հարցին, թե ձեր կարծիքով սույն պայմանագրով ապահովվա՞ծ են արդյոք ազատ տնտեսական մրցակցության պայմաններ, «Արմավիայի» անունից մամուլի քարտուղար Թամարա Սարգսյանը պատասխանեց. «Դա կառավարության որոշումն է, իրենք են որոշել, ստացեք նրանց մեկնաբանությունը»։ Բոլո՞ր տնտեսվարողների համար են միեւնույն պայմանները գործում։ Արդյոք ազգային փոխադրողի կարգավիճակը լավագո՞ւյն պայմաններն առաջարկած ընկերությանն ենք զիջում։ Այս գործարքը շատ հարցեր է առաջացրել, որոնց առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավարների հետ «Առավոտի» հարցազրույցը հետաձգվեց՝ նրանց գործուղումների մեկնելու պատճառով։ Ամեն դեպքում, պայմանավորվածությունն ուժի մեջ Է եւ հուսով ենք ստանալ մի շարք հարցերի վերաբերյալ պաշտոնական տեսակետը։ Թեման սպառված չէ։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930