«ԱՆՄԵՂ ԳԱՌՆՈՒԿՆԵՐ ՉԷԻՆՔ» ԱԳՆ կազմակերպած «Լրատվամիջոցները եւ ընտրությունները» սեմինարի ժամանակ խիստ ուշագրավ երկխոսություն է ծավալվել իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների միջեւ: Մեջբերում ենք՝ ըստ «Ազատություն» ռ/կ-ով հաղորդված ձայնագրության: ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը 2003-ի ընտրությունները քննադատողներին ասել է. «1996-ի լուսաբանմանը ես չկայի, որովհետեւ բանտում էի: Իսկ ոչ ոք ձեզանից այժմ բանտում չի: 1996-ից հետո Շավարշ Քոչարյանն էլ բանտում էր, իսկ դուք՝ ոչ: Եվ հիմա հանկարծ մենք հայտնվել ենք մի վիճակի մեջ, երբ բոլորս ազատ նստած ենք այս սեմինարին եւ ասում ենք, որ եղել են խախտումներ: Իհարկե, եղել են. հիմար կլինի այն մարդը, որ ասի՝ չեն եղել: Եղե՛լ են, բայց մենք այսօր ազատ ենք այդ մասին ասելու. այդ հնարավորությունը մենք առաջ չունեինք»: Շավարշ Քոչարյանն ի պատասխան ասում է, թե իշխանությունները հասկացան, որ երբ քաղաքական գործիչներին են ձերբակալում՝ «դրանից ժողովրդի մեջ ավելի մեծ բորբոքում է առաջանում, դրսից ավելի մեծ ճնշում: Ավելի հեշտ չի՞. կա դժգոհության ալիք, 100-ավոր մարդկանց ձերբակալել, անվանել խուլիգաններ, չարտոնված երթի մասնակիցներ: Այժմ ստալինյան ոճով, կեսգիշերին գալիս եք, դուռը ծեծում, մարդու երեխային պատանդ տանում, որ հետո ինքը ներկայանա… Այն, որ Վահանն ասում է, իհարկե շատ դուրեկան է, որ ես ու դու այստեղ ենք նստած՝ ոչ ուրիշ տեղ: Բայց բավականին անդուր է, որ 100-ավոր մարդիկ անընդհատ գտնվում են բանտերում: Արդեն թիվը 400-ի է հասել, Վահան ջան: Ցուցակը քեզ կուղարկեմ: Ես հասկացա, որ դու լավ լծակներ ունես՝ կուղարկեմ, դրանով զբաղվի»: «Հատկապես պատանդ վերցնելու դեպքերը»,- առաջարկում է Վահան Հովհաննիսյանը: «Այո,- համաձայնում է Շավարշ Քոչարյանը:- Եվ հղի կնոջը տանելու դեպքը»: «Լա՜վ էլի»,- թերահավատություն է հայտնում ՀՅԴ ղեկավարը: «Դու, ուրեմն, մամուլին չես հետեւում,- եզրակացնում է պրն Քոչարյանը:- Կամ էլ չես հավատում մամուլին»: Ընկեր Վահանն ընտրում է 2-րդ տարբերակը. «Ցուցակը կուղարկես, հետո կխոսենք, բայց վստահ եմ, որ մի մասն իսկապես ինչ-որ մի տեղ ապակի կոտրած կլինի, էլի: Ի դեպ, ինձ ու Շավարշին երբ ձերբակալում էին՝ մենք այդքան էլ անմեղ գառնուկներ չէինք: Շավա՛րշ, մենք պայքարել ենք, չէ՞, իշխանության դեմ»: «Հաստատ ապակի չենք կոտրել»,- ասում է ԱԺԿ նախագահը, արժանանալով հետեւյալ հակափաստարկին. «Ապակի չեք կոտրել, բայց Բաբկեն… ոնց էր ազգանունը… Արարքցյանի գլուխը հո կոտրե՞լ եք, ի՜»: Ա. Ի.