Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԽՈՐԺԱԿՆ ՈՒՏԵԼԻՍ Է ԲԱՑՎՈՒՄ

Ապրիլ 16,2003 00:00

ԱԽՈՐԺԱԿՆ ՈՒՏԵԼԻՍ Է ԲԱՑՎՈՒՄ Ռազմական գործողությունները Իրաքում կարծես թե ավարտվում են, բայց ԱՄՆ-ը համաշխարհային հանրությանը միանշանակ չի ապացուցել այնտեղ քիմիական զենքի առկայությունը։ Պետդեպարտամենտի եւ ընդհանրապես Միացյալ Նահանգների իշխանությունների վերջին հայտարարություններով կարծես թե փորձ է արվում այդ հարցում իրենց անհաջողությունները բարդել տարածաշրջանի մեկ այլ երկրի՝ Սիրիայի վրա։ Վերջինս մեղադրվում է Իրաքի քիմիական զենքը, ինչպես նաեւ նախկին ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնավորապես՝ նախագահին եւ նրա ընտանիքին թաքցնելու մեջ։ Սակայն միամտություն կլիներ կարծել, որ սույն մեղադրանքների պատճառները միայն վերոնշյալ խնդիրներն են, քանի որ Միացյալ Նահանգների ներխուժումը Իրաք կապված չէ միայն այնտեղ «դեմոկրատիայի հաստատման» հետ, այլեւ, այսպես կոչված, «չարության առանցքի» անմիջական «մասնակիցներին»՝ Սիրիային, Իրանին ընդհուպ մոտենալու։ Հաշվի առնելով ԱՄՆ արտաքին քաղաքականության անկանխատեսելիությունը ներկա իշխանությունների օրոք, չի կարելի միանշանակ ասել, թե ինչպիսին կլինեն Պետդեպարտամենտի հետագա քայլերը տարածաշրջանում։ Սակայն կարելի է ենթադրել, որ առաջիկա մեկ տարում Միացյալ Նահանգները հազիվ թե ռազմական գործողություններ ծավալի Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ։ Կան մի քանի գործոններ, որոնց հետ ԱՄՆ իշխանությունները չեն կարող հաշվի չնստել։ Առաջինը տարածաշրջանում Սիրիայի՝ ավելի մեծ հեղինակություն ունենալու հանգամանքն է (Սիրիայի ներկայիս իշխանությունները, ի տարբերություն Իրաքի, անհամեմատ ավելի լավ հարաբերությունների մեջ են տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների, մասնավորապես, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի հետ)։ Երկրորդ՝ Սիրիան ռազմական տեսակետից Իրաքից անհամեմատ ավելի լավ է պատրաստված։ Եվ, վերջապես, պետք է հաշվի առնել այն փաստը, որ Սիրիա ներխուժմամբ տարածաշրջանի մի շարք երկրներ անմիջականորեն կներքաշվեն պատերազմի մեջ։ Մի կողմից՝ Լիբանանը, որը գտնվում է Սիրիայի անմիջական ազդեցության տակ, մյուս կողմից՝ Իսրայելը, որն, ինչպես հայտնի է, ԱՄՆ գլխավոր դաշնակիցն է տարածաշրջանում եւ ավելի քան 50 տարի փաստացի պատերազմի մեջ է Սիրիայի հետ։ Եվ այս վերջին հանգամանքը կարող է ի չիք դարձնել ԱՄՆ «ազնիվ» ձգտումները` Մերձավոր Արեւելքում վերջնական խաղաղություն հաստատելու ուղղությամբ: ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930