Լրահոս
Օրվա լրահոսը

«Բագրեւանդն» էլ է ուզում օրենք մշակել

Ապրիլ 16,2003 00:00

«Բագրեւանդն» էլ է ուզում օրենք մշակել 2003թ. փետրվարի 14-ին ստեղծված «Բագրեւանդ» կուսակցությունը եւս համամասնական ընտրակարգով մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Կուսակցությունը սակայն, ինչպես նշեց նախագահ Կամո Պետրոսյանը, առայժմ ձեռնպահ է մնում գնահատականներ տալ թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանը՝ համարելով, որ այն կարող է վտանգել ԱԺ մտնելու իրենց «ձգտումները»: «Մենք բազմիցս այդ հարցով մեր մեջ խորհրդակցել ենք: Այսօր մենք ձեռնպահ ենք մնում որեւէ քաղաքական դաշտում կամ լրատվությունում ասել մեր դիրքորոշումը: Երբ ժողովրդի քվեն կստանանք, կլինենք ԱԺ-ում, կունենանք մեր ֆրակցիան, բնականաբար՝ կիմանանք, կասենք: Մենք կլինենք նրանց հետ, ովքեր ժողովրդավարական են»,- հայտարարեց պրն Պետրոսյանը, որը «Մարմարիկ» քիմմաքրման ձեռնարկության տնօրենն է: Հարցին, թե այսօր կա՞ն նման ուժեր, հետեւեց խուսափողական պատասխան. «Մենք նրանց մասին կարծիք տալ չենք կարող, քանի որ մենք դեռ չենք եկել խորհրդարան: Դրա համար շատ չենք ուզում ծավալվել իշխանամետների, ընդդիմության մասին: Երբ մեր ֆրակցիան կունենանք, խոսք եմ տալիս ասել մեր դիրքորոշումը: Եթե մենք այսօր ֆրակցիա չունենք՝ ընդդիմության, իշխանության մասով չենք տեսնում ռեալ մեր պատկերացումները, ի՞նչ պետք է լավ կամ վատ արտահայտենք նրանց մասին»: Կ. Պետրոսյանի դիտարկմամբ, եթե այսօր որեւէ կուսակցություն «քլնգում» է իշխանությանը, ապա նպատակը զուտ քաղաքական դիվիդենդների ձեռքբերումն է, որն իրենց համար անընդունելի է. «Մենք քննադատելով չենք ուզում մտնել ժողովրդի աչքը»,- հայտարարեց նա: Նրա խոսքերով, «Բագրեւանդ» կուսակցությունը, որը մինչ այս եղել է հայրենակցական միություն, որոշել է մասնակցել ԱԺ ընտրություններին հետեւյալ նպատակով. «Մենք էլ ենք ուզում մշակել մեր ծրագրերը, մեր օրենքներն ու փորձել հանդես գալ հօգուտ հայ ժողովրդի»: Կուսակցության նախագահից հետաքրքրվեցինք, թե մյուս կուսակցություններից ինչո՞վ է տարբերվում «Բագրեւանդը». «Ո՞նց կարող է տարբերություն չլինի. քաղաքական դաշտը նույնն է, ինչ բնությունն իր երփներանգներով. տարբեր գույների է: Մենք էլ բոլորի նման ուզում ենք լինել խորհրդարանում, բայց ոչ թե բոլորի նման շաբլոն ձեւի նույն ծրագրերը մշակենք: Մենք ուզում ենք փոփոխենք: Եթե կա մի կուսակցություն, որի մոտ սոցիալ-տնտեսական վիճակն այլ բնույթի է, մենք փորձում ենք ուրիշ ձեւով, ասենք, ժողովրդավարական, ժողովրդի սրտով»,- բացատրեց Կ. Պետրոսյանը: Հասարակությանն անհայտ կուսակցության ղեկավարի համոզմամբ, ամենեւին էլ «ճանաչելով» չի որոշվում կուսակցության 5 տոկոս արգելապատնեշը հաղթահարելը կամ խորհրդարանում լինելը: «Գոռգոռալով կամ մամուլով ու հեռուստատեսությամբ շատ հանդես գալով չի դա որոշվում: Դա գալիս է միասնականությունից: Մենք միասնական ենք եղել հայրենակցական միությունում եւ այդ նույն ձեւով հանդես ենք գալու քաղաքական դաշտում»: Այն դիտարկմանն ի պատասխան, թե այնուամենայնիվ ժողովուրդն է ձայն տալու այս կամ այն կուսակցությանը, Կ. Պետրոսյանն ասաց. «Ժողովրդին պետք չի 1-2 տարի, որ լսի ծրագրերը, մանավանդ հայ ժողովուրդը սաղ համարյա զարգացած է, սաղ քաղաքականությանը լավ տիրապետում են, մանավանդ որ մի քիչ քիչ ենք: Համոզված ենք, որ ժողովուրդն ավելի շատ կարոտ է քաղաքական դաշտ մտնող նոր կուսակցությունների, մանավանդ երբ իմանում են, որ այն հայրենակցական միությունից է գալիս, մաքուր ձեւով է մտնում»: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա Կ. Պետրոսյանը իր օրինակով ընդհանուր պատկերացում է կազմել, թե որքան «արդար» ու «թափանցիկ» են եղել այդ ընտրությունները. «Որպես քաղաքացի, կուսակցության նախագահ, երբ ես գնացի ընտրախցիկ քվեարկելու, ես պատկերացրի, որ շատ մաքուր եւ հստակ է անցել քվեարկությունը: Իսկ թե ինչ են ասում մյուսները, ապա ես այնքան էլ այդ կարծիքին չեմ»: Նրա կարծիքով, լավ կլիներ, որ ընդդիմությունն ու ժողովուրդը «հանգիստ մնային» ու լսեին, թե ինչ է ասելու ՍԴ-ն: «Եթե ՍԴ-ն որոշում կայացներ, որ ընդդիմությունը ճիշտ է, ես որպես քաղաքացի նույնպես կոչ կանեի եւ կքարոզեի, որ, այո, ժողովուրդ, հելնենք-գնանք հանրահավաքի: Հիմա պետք չի գնալ հանրահավաքի, քանի ՍԴ-ն որոշում չի կայացրել»,- ասաց նա, եւ անդրադառնալով ձերբակալություններին՝ ասաց. «Եթե ես հավաքում եմ 10 հոգիանոց հանրահավաք, ես պետք է պաշտպանեմ հասարակական կարգը, եթե ինձ չեն ենթարկվում, պատուհաններ են ջարդում, կամ եսիմ ինչեր են անում, կարգի չհրավիրե՞մ: Կոնկրետ ես անցել եմ՝ հայհոյանք եմ լսել, ես ի՞նչ է, չպատժեի՞ դրան, չվիրավորեի՞: Ես դա եմ նկատել: Ես չեմ նկատել, որ բռնություն է եղել մարդու իրավունքների վրա»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930