«ՀԿԿ-Ն ԴՈՒՐՍ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻՑ» Թեեւ Կոմկուսն այնքա՜ն չէր ընդունում նախագահի ընտրության 1-ին փուլի արդյունքները, որ բոյկոտեց 2-րդ փուլը, այնուամենայնիվ՝ ՀԿԿ շարքերում մնացած պատգամավորներից միայն Խորեն Սարգսյանն ու Նորիկ Պետրոսյանը չէին մասնակցել Ռոբերտ Քոչարյանի երդման արարողությանը: Սա խորհրդանշական է: Այժմ Հայկոմկուսի Կենտկոմի 1-ին քարտուղարը եւ ՀԿԿ խմբակցության ղեկավարն անընդհատ հրապարակավ ակնարկում են, թե քննարկվելու է ՀԿԿ Կենտկոմի քարտուղարներ Նորիկ Պետրոսյանին եւ Խորեն Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը: Փորձեցինք պարզել, թե վերջիններս ինչպես են վերաբերվում այդ հեռանկարին ու Նորիկ Պետրոսյանն ի պատասխան ասաց. «Կոմկուսում ոչ մեկի վերապահված չէ նման հետեւություններ անելու կամ կարծիքներ տարածելու իրավունքը: Եվ 1-ին քարտուղարից մինչեւ շարքային կոմունիստ, որը նման լուրեր է տարածում իր կուսակցական ընկերների մասին՝ կոպտորեն խախտում է ՀԿԿ կանոնադրությունը»: Իսկ Խորեն Սարգսյանը նկատեց, թե Կոմկուսից իրենց հեռացնելու համար պիտի Կենտկոմի պլենում հրավիրեն. «Իմ կարծիքով՝ նման պլենում չի հրավիրվի, քանի որ բավական սրված է իրավիճակը»: Նորիկ Պետրոսյանը նաեւ անդրադարձավ «Հայաստանի կոմունիստում» հրապարակված այն նյութերին, որոնց շնորհիվ հայտնի դարձավ Վլադիմիր Դարբինյանի եւ Սերժ Սարգսյանի փոխշահավետ «համագործակցության» մասին. «Հատուկ որոշում չի ընդունվել, թե Կենտկոմի 5-րդ պլենումի նյութերը փակ են լինելու: Ես էլ ներկայացրել եմ ելույթները. ընդ որում՝ ամենահամեստ ու պարկեշտ ելույթներն ունեցել են Նորիկ Պետրոսյանն ու Խորեն Սարգսյանը: Մնացածն իրենց թույլ են տվել չպահպանել անգամ էթիկայի կանոնները: Տասնյակ մարդկանց ելույթներ եմ մեջբերել եւ նրանցից ոչ մեկը չի կարող ասել, թե ինքը չի ասել այդ խոսքերը: Ասենք՝ ներկայացրել եմ Աբովյանի շրջկոմի 1-ին քարտուղար Հրայր Խաչատրյանի խոսքերը, որը պահանջում էր անվստահություն հայտնել Կենտկոմի 1-ին քարտուղարին եւ բյուրոյին: Ներկայացրել եմ Մյասնիկյանի շրջկոմի 1-ին քարտուղարի խոսքը, որը նույն կերպ պահանջում էր անվստահություն հայտնել: Առավել կրքոտ ելույթներ է ունեցել Կամոյի շրջկոմի 1-ին քարտուղար Վանիկ Հարությունյանը: Եվ նույն ոգով անվստահություն պահանջողները մոտ 10-15 հոգի էին: Նույնիսկ Կենտկոմի քարտուղարներից մեկը՝ Ռուբեն Թովմասյանը, որը վերջին պահին փորձեց պաշտպանության տակ առնել Դարբինյանին՝ նույնպես դատապարտեց որպես Կենտկոմի 1-ին քարտուղարի նրա վարքագիծը, որ իրոք՝ ընկել է Կոմկուսի մարտունակությունը, կարգապահությունը»: Սակայն Կոմկուսի այլ ղեկավարներ պնդում են, թե պլենումի հաշվետվությունը խեղաթյուրվել է, եւ դրանով արդարացրին իրենց կուսակցական թերթի բռնագրավումը: «Նախ՝ իրենք չեն բռնագրավել,- առարկեց Նորիկ Պետրոսյանը:- Գիշերվա ժամը 1-2-ին այդ ո՞վ ասաց, ո՞վ իմացավ, որ այդ նյութը լույս էր տեսնելու, եւ բյուրոյի նիստ հրավիրեցին ու կայացրին թերթը բռնագրավելու որոշում: Կամ ինչպե՞ս կարող են բյուրոյի նիստ անցկացնել՝ առանց Կենտկոմի քարտուղարների: Եվ անգամ «Հայաստանի կոմունիստի» խմբագրական խորհրդի նախագահը, որ ստորագրում է այդ թերթը, էլի տեղեկություն չուներ այդ նիստի մասին: Երեւի անվտանգության մարմիններն էին հսկողության տակ պահել նաեւ մեր թերթը եւ դրանով ծառայություն մատուցել մեր Կենտկոմի այն անդամներին, ովքեր իրենց հետ կապի մեջ են»: Խորեն Սարգսյանը վստահ է. «Կուսակցություններն այդքան ուժ չունեն թերթի տպաքանակ բռնագրավելու համար. դրա համար նրանց կա՛մ իշխանությունը պիտի օգնած լիներ, կա՛մ էլ հենց իշխանությունը պիտի բռնագրաված լիներ»: Նորիկ Պետրոսյանին սակայն առավել մտահոգում էր այս իրողությունը. «Մեր կուսակցությունն աստիճանաբար, աննկատելիորեն դուրս է մնում քաղաքական պայքարից: Իմ բազմաթիվ հոդվածներում դատապարտել եմ մեր կուսակցության անգործությունը, հաշտվողականությունը: Այսօր ձեւավորվել է ընդդիմություն, եւ ժողովրդական այդ շարժման հետ պարտադի՛ր պետք է լինեն կոմունիստները: Իրավունք չունեն ասելու, թե, ասենք, հավանություն չեն տալիս երթերին՝ դա պայքարի ձեւ է եւ չկան արդյունավետ այլ ձեւեր: Այսօր բողոքի ամենաբարձր ձայնը պետք է լիներ Կոմկուսինը, բայց բացարձակապես ձայն չկա: Ընդդիմությանը չաջակցելը հենց ամենաբուռն, ջերմ եւ արդյունավետ աջակցությունն է իշխանություններին»: Ի դեպ, Խորեն Սարգսյանն էլ անդրադարձավ այն կշտամբանքին, թե Վլադիմիր Դարբինյանն է իր ձեռքից բռնած բարձրացրել կուսակցական աստիճաններով. «Երկուսս էլ 1989-ից եղել ենք պլենումի անդամ: Դրանից հետո ես ընտրվել եմ բյուրոյի անդամ, իսկ ընկեր Դարբինյանը մնացել է պլենումի անդամ: Այնպես որ՝ իմ ձեռքը ոչ ոք չի բռնել ու բարձրացրել: Սակայն Կոմկուսը մեր ընտանիքն է, եւ այս բոլոր հարցերը մենք կլուծենք մեր ընտանիքում՝ անկախ նրանից, թե մեզանից ում կպահեն կուսակցությունում, իսկ ում կհեռացնեն: Ուղղակի կուզենայի, որ Կենտկոմի բյուրոյի անդամ մեր ընկերները ժամանակից շատ առաջ չընկնեն: Եթե պլենումը գտնի, որ Խորեն Սարգսյանը կուսակցության գծից շեղվել է, ու ինձ դա կապացուցեն՝ ես ներողություն էլ կխնդրեմ: Բայց եթե ես ապացուցեցի իրենց շեղվելը՝ այդ ժամանակ, եթե ներողություն չխնդրեն, գուցե կուսակցությունն իրենց թույլ տա մնալ շարքային կոմունիստներ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ