Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

Ապրիլ 16,2003 00:00

ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ Ընդդիմությունը լավատեսություն է ցուցաբերում Իշխանությունների պայքարը հանրահավաքների դեմ դառնում է միօրինակ։ Մատենադարանի մոտ ընդդիմության հրավիրած վերջին հանրահավաքների ժամանակ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի ելույթից առաջ տարածքը կրկին հոսանքազրկվեց։ Հանրահավաքը վարող Վարդան Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք ունեն «ավտոնոմ սնուցման օջախ», եւ պատրաստ են շարունակել հանրահավաքը։ Երեկվա հանրահավաքը թերեւս որպես նախագահական ընտրությունների գնահատման հանրահավաք՝ կարելի է վերջինը համարել. այսուհետ ընդդիմության հանրահավաքները կլինեն խորհրդարանական ընտրությունների թեմաներով։ Ստեփան Դեմիրճյանը նախ շնորհակալություն հայտնեց ժողովրդին աջակցելու, հաստատակամության եւ սիրո համար. «Դա մեզ ուժ է տալիս։ Չկասկածեք, որ մենք հասնելու ենք հաջողության, չկասկածեք, որ այս ռեժիմը, որն ընդունակ է միայն այսպիսի խուլիգանությունների, դատապարտված է, եւ աղբանոց ենք շպրտելու»։ Երեկ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ. Սարգսյանը, Արամ Կարապետյանը եւ մյուսները մասնակցել էին ՍԴ-ում տեղի ունեցող նիստին, հանրահավաքի բոլոր հռետորները վստահություն հայտնեցին, որ ՍԴ-ն արդար որոշում կկայացնի։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն անձամբ իր անունից եւ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց ՍԴ-ում Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցիչներ Աշոտ Սարգսյանից եւ Վիկտոր Դալլաքյանից եւ ասաց, որ մասնակցելով երեկվա նիստին, նկատել է, որ ՍԴ անդամների համակրանքը վերջիններիս կողմն է։ Կարելի՞ է ենթադրել, որ ընդդիմությունը հոգեբանորեն պատրաստվում է հերթական «բարոյական հաղթանակին»։ Արամ Սարգսյանն ասաց, որ ինքը չի ուզում պատգամավոր դառնալ, բայց ցանկանում է օգտագործել խորհրդարանական քարոզարշավի հնարավորությունը. «հետեւաբար, սիրելի ժողովուրդ, այդ նախընտրական արշավից իմ հաճույքը կլինի ձեզ հետ շփվելը»։ Ալբերտ Բազեյանը հիշեցրեց, որ երկու ամիս շարունակ չի թուլանում ներքաղաքական լարվածությունը. «նախագահական ընտրություններից հետո էլ ավելի է խորացել այն անջրպետը, որը բաժանում է մեր ժողովրդին իշխանությունից»։ Ալբերտ Բազեյանն ասաց, որ այսօր ՍԴ-ն պարզապես պարտավոր է նախագահական ընտրությունների վերաբերյալ որոշում կայացնել. «կա՛մ նախագահական ընտրությունները պետք է հայտարարվեն անվավեր եւ տեղի ունենան նոր նախագահական ընտրություններ, ինչի հույսը մենք դեռ չենք կորցրել, կամ՝ ՍԴ-ն եւս կկայացնի ապօրինի քաղաքական որոշում, եւ նրա անդամները մասնակից կդառնան իշխանության բռնազավթման պրոցեսին։ Մենք ուզում ենք հուսալ եւ հավատալ, որ Հայաստանում կա բարձր դատական իշխանություն, որը պարտավոր է անվավեր համարել կեղծ ընտրությունների արդյունքները։ ՍԴ յուրաքանչյուր անդամ պետք է մտածի, որ երկրի առաջիկա մի քանի տարիների ճակատագիրը կախված է իրենից»։ Հանրահավաքին մասնակցում էր նաեւ մաեստրո Օհան Դուրյանը։ Նա հայտարարեց՝ թեպետ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը, այսօրվա իշխանությունները չգիտեն, թե քրիստոնեությունն ինչ է. «քրիստոնեությունն ասում է՝ սուտ մի խոսիր։ Նրանք առավոտից մինչեւ երեկո սուտ են խոսում։ Քրիստոնեությունն ասում է՝ մի խաբի, նրանք առավոտից մինչեւ երեկո խաբում են։ Քրիստոնեությունն ասում է՝ մի գողանար։ Նրանք առավոտից մինչեւ երեկո գողանում են։ Կաշառք են ընդունում, կաշառք են տալիս։ Այս բոլոր արարքները հակաքրիստոնեական են»։ Ամենայն Հայոց կաթողիկոսին եւս բաժին հասավ՝ փոխանակ այս ամենը դատապարտի. «հայ ժողովրդի կաթողիկոսն օրհնություն է տալիս նրանց եւ աղոթում է։ Շատ եմ ցավում, ափսոսում եմ, որ այս ժամանակներում եմ գտնվում, երանի 1700 տարի առաջ գտնվեի, որ ասեմ՝ այո՛, ես քրիստոնյա եմ»։ «Հանրապետություն» կուսակցության անդամ Արամազդ Զաքարյանը հայտարարեց, որ 10 պատվիրաններին պետք է ավելացնել եւս մեկը՝ «մի՛ քոչարյանացիր»։ Ըստ Արամազդ Զաքարյանի, ՍԴ-ն եւս ունի պատմական հնարավորություն. «եւ Աստված մի արասցե, եթե հակառակ որոշում կայացվի, մենք պետք է ամբողջ պատասխանատվությունը դնենք իրենց վրա։ Մենք պետք է հույս հայտնենք, որ ՍԴ անդամները բարձր կկանգնեն բոլոր այդ տեսակի խամաճիկների ցանկությունից եւ իրենց քաղաքացիական եւ մարդկային արժանապատվությունը բարձր դասելով, կկատարեն ճիշտ որոշում, այն է՝ չեղյալ կհամարեն ընտրությունների արդյունքները։ Եթե այդ բանը տեղի չունենա, ուրեմն ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ՍԴ անդամների վրա»։ ՀԿԿ քարտուղար Խորեն Սարգսյանը ժողովրդական իմաստնություն մեջբերեց. «մեր Մարտունիում մի լավ խոսք կա, մենք ասում ենք՝ ամոթ էն հյուրատիրոջը, որը հյուրին պատիվ չի տալիս։ Բայց՝ գետինը մտնի էն հյուրը, որն առավոտը գալիս է, իրիկունը չի գնում»։ Ժողովուրդը երեւի մի բան հասկացավ, որ բուռն արձագանքեց։ Ընդդիմությունը Մատենադարանի մոտ կհավաքվի նաեւ ապրիլի 24-ին, ժամը 11-ին եւ կուղեւորվի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակին։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել