Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԸ ՎՏԱՐՈՒՄ Է ԱՂԵՏՅԱԼՆԵՐԻՆ

Ապրիլ 15,2003 00:00

ԴԱՏԱՐԱՆԸ ՎՏԱՐՈՒՄ Է ԱՂԵՏՅԱԼՆԵՐԻՆ Բարոյազուրկ իրավունք չի լինում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան հրավիրվեցին Կոմիտաս 49 «շենքի» 16 բնակարանի բնակիչները՝ Մարգարիտա, Լիլիթ, Գրիգոր եւ Հարութ Հակոբյանները։ Հայցվորը «Կանազ» բաց բաժնետիրական ընկերությունն էր, որը պահանջում էր Հակոբյանների կողմից «ապօրինաբար» զբաղեցրած տարածքից նրանց վտարել։ Հայցադիմումում խիստ ուշագրավ մի նախադասություն էլ կար. «Բազմիցս պատասխանողները զգուշացվել են իրենց կողմից ապօրինաբար զբաղեցրած տարածքը ազատելու համար, սակայն վերջիններս հրաժարվում են»։ Դատարանն այս տարվա փետրվարի 17-ին դատավոր Ալվարդ Հունանյանի նախագահությամբ նիստում լսեց Հակոբյաններին վերոնշյալ տարածքից վտարելու պահանջի մասին գործը։ Պարզվեց հետեւյալը. 1988թ. երկրաշարժից օրեր հետո գյումրեցի այս ընտանիքին տեղավորեցին սույն տարածքում, խոստանալով 2 տարի անց ապահովել բնակարանով։ Անցան տարիներ եւ Հակոբյանների ձեռքին հայտնվեցին տարբեր տիպի խնդրագրեր։ Ախուրյանի գյուղապետ Ա. Իգիթյանը դիմել էր Քանաքեռի ալյումինի գործարանի տնօրեն Ռոբերտ Ենգոյանին. «Քաղ. Ռ. Հակոբյանը երկրաշարժի հետեւանքով պետական բնակարանը կորցնելուց հետո ապաստան է գտել Երեւան քաղաքում եւ մինչեւ այժմ էլ բնակվում է այնտեղ, քանի որ Ախուրյան գյուղում չունի ոչ մի սեփականություն եւ ապահովված չէ ժամանակավոր կացարանով։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գյուղում չկան ազատ բնակարաններ եւ ժամանակավոր կացարաններ, խնդրվում է Ձեզ Ձեր հնարավորության սահմաններում թույլատրեք բնակվելու հանրակացարանում, մինչեւ գյուղում հնարավոր կլինի ապահովել կացարանով»։ Այս փաստարկը ոչ մի ազդեցություն չունեցավ դատարանի վրա, ինչպես չունեցավ նաեւ այն, որ պատասխանողներից 3-ը՝ Լիլիթ, Գրիգոր, Հարութ Հակոբյանները չէին ներկայացել դատարան, եւ նրանց բնակվելու ճակատագիրը լուծվեց «պատասխանողների բացակայությամբ»։ Վճռում նշված էր, թե նրանք պատշաճ կարգով ծանուցվել են։ Մեր ձեռքի տակ գտնվող դատական ծանուցագիրը պատշաճության մասին չի հուշում, որովհետեւ պատասխանողներից մեկի անունը բացակայել է ընդհանրապես։ Արձանագրել «լսելով կողմերի բացատրությունները»՝ երեք պատասխանողի բացակայության պարագայում եւ վճիռ կայացնել նրանց վտարելու մասին, մեղմ ասած, պատշաճ չէր։ Դատարանը վտարելու վճիռ կայացրեց, առանց նշելու. լավ՝ ո՞ւր։ Փողո՞ց եք ուղարկելու մարդկանց, որոնք փաստաթուղթ էին ներկայացրել, որ «չունեն ոչ մի սեփականություն ու ապահովված չեն ժամանակավոր կացարանով»։ Մենք այցելեցինք այդ շենք կոչվածը, որտեղ երկրաշարժից տուժած եւս 4 ընտանիք կա։ 15 անձ վտարվելու են։ Կիմա Հովսեփյանը երկու անձով բնակվում է անբարեկարգ 1 սենյականոցում։ Նա չի կարողացել օգտվել իր դատական պաշտպանության իրավունքից, չի դիմել վերաքննիչ դատարան, քանի որ գումար չունի։ «29 կետի տակ եմ,- ասում է նա,- դոմիկներից հետո մեզ տուն պիտի տան։ Ե՞րբ՝ չգիտեմ»։ Ռոզա Խաչատրյանն իր աղջկա հետ է վտարվելու։ «Եթե վտարեն ի՞նչ պիտի անեք, ո՞ւր կգնաք»,- հարցնում եմ նրանց։ Նրանք տեղ չունեն եւ պատասխանում են. «Դռանը կմնանք»։ Գումար չունենալու պատճառով չեն բողոքարկել 1-ին ատյանի դատարանի վճիռը։ Ջեմմա Հովհաննիսյանն իր հիվանդ դստեր հետ է ապրում եւ բացատրում է, որ իրենք իրենց ոտքով չեն եկել այստեղ եւ «ապօրինի չեն զբաղեցրել» վերոնշյալ տարածքը։ Ի դեպ, այս «ապօրինի բնակիչները» ժամանակին օրինական պայմանագիր են ունեցել «Բիզնես-կենտրոն» պետական ձեռնարկության հետ, որի հաշվեհամարին գումարներ են փոխանցել. լույսի, հեռախոսի վարձի՝ հանրակացարանում հարմարվելու նպատակով։ Իսկ այդ ընթացքում նույն Շիրակի մարզում գործընթացներ էին տեղի ունենում։ Հակոբյանների պարագայում այսօրինակ պաշտոնական գրություն է ուղարկվում նրանց. «Համայնքի տարածքում 2002թ. ՈՒՐԲԱՆ ինստիտուտի կողմից իրականացվող ԲԳՎ ծրագրի նախնական փուլում Ձեր ընտանիքը չի ընդգրկվել, քանի որ բնակվում եք Երեւանում եւ ծրագրի իրականացման տարածքում ժամանակավոր կացարան չունեք»։ Իսկ դատավոր Ա. Հունանյանը գտել էր. «Պատասխանողի պատճառաբանությունն այն մասին, որ իրենք երկրաշարժից տուժածներ են, հայցը մերժելու հիմք չի կարող հանդիսանալ, քանի որ նման պատճառաբանությունը վերաբերում է հարցի միայն բարոյական կողմին եւ որեւէ իրավաբանական հիմք չկա հայցը մերժելու համար»։ Հարցի բարոյական կողմը եթե չլիներ, սոցիալական խմբեր ընդհանրապես չպետք է ձեւավորվեին, ինչպես փախստականներ, ազատամարտիկներ, աղետից տուժածներ, հաշմանդամներ, հետեւաբար չպետք է լինեին որոշակի արտոնություններ։ Քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի 1-ին կետը հիշեցնենք. «Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ եւ անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք»։ Այս հոդվածով դատարանը չի առաջնորդվել։ Սա էլ հո իրավաբանական հիմք է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել