Հարկերը զիջելու հույսով Արարատի մարզի մի շարք գյուղերում՝ Մխչյան, Ազատավան, Մրգավան եւ այլն, գյուղացիները մեծամասամբ ջերմոցներում են բանջարեղեն աճեցնում, ուստի այս բնակիչների համար անձրեւն ու ցուրտը այնքան էլ էական չեն։ Ինչը չի կարելի ասել տարածաշրջանի մյուս գյուղերի՝ Այգավան, Նոյակերտ, Եղեգնավան, Լուսառատ, եւ այլնի մասին։ Այստեղ ցուրտը արել է իր գործը։ Ցրտահարվել են պտղատու այգիները՝ հատկապես ծիրանի, դեղձի, սալորի, խնձորի, որոնք տեղի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրն են։ Ցրտահարվել է նաեւ խաղողի այգիների մեծ մասը։ Ամբողջովին վնասվել են այգեթաղ չարված այգիները, որոնք, ըստ գյուղացիների, անհնար է վերականգնել։ Այգեգործների կարծիքով, պետք է քանդել այդ այգիները եւ խաղողի փոխարեն հացահատիկ ցանել։ Այժմ Արարատի մարզի հողագործ բնակչության միակ հույսը մնացել է բանջարաբոստանային կուլտուրաների՝ մասնավորապես պոմիդորի եւ ձմերուկի մշակումը, որի համար զբաղեցնում են նաեւ ցորենի արտերը եւ արդեն խաղողի վազերից ազատված դաշտերը։ Որոշ գյուղացիների կարծիքով, սա էլ ելք չէ։ Ավելի հոռետեսները գտնում են, որ շուկան այդքան պահանջարկ չի ունենա եւ վերջին հույսը վերամշակման գործարաններն են, որոնք դժվարանում են գյուղացու համար ավելի շահութաբեր առաջարկ անել։ Գործարանն էլ անհրաժեշտ քանակով եւ շուկայականից անհամեմատ ցածր գնով պոմիդոր մթերելուց հետո կդադարի ընդունել, եւ տուժողը դարձյալ գյուղացին կլինի։ Ձմերուկ մշակողներն էլ պակաս խնդրի առջեւ չեն կանգնած։ Անընդհատ անձրեւներն ու քամիները խոչընդոտում են հողագործական աշխատանքները սկսելուն։ «Այս կուլտուրայի մշակումը մեծ ծախսերի հետ է կապված,- ասում է ձմերուկ մշակողներից մեկը,- ձմերուկը շատ նուրբ եւ զգայուն բույս է, շատ արագ հիվանդանում է՝ անհրաժեշտ են թունաքիմիկատներ, պետք է հողը պարարտացվի, հակառակ դեպքում պտուղը նվազ կլինի։ Շաբաթը մեկ ջուր է պահանջում, որը մեծ պրոբլեմ է Արարատյան դաշտավայրում եւ հատկապես մեր գյուղում՝ Նոյակերտում»։ Այն հարցին, թե ինչ միջոցներով են սկսելու գարնանային աշխատանքները, գյուղացիները պատասխանեցին, որ մեծ մասամբ հույսները կապել են գործարանների եւ բանկերի տրամադրած վարկերի հետ։ Բայց նրանցից եւ ոչ մեկը վստահ չէր, որ այդ գումարը ներդնելով հողի մշակման մեջ, բավարար եկամուտ կստանա, որով հնարավոր կլինի վճարել վարկը, փակել հողի եւ ջրի հարկերը եւ գոնե իրենց «չարչարանքի գինը» հանել։ Սակայն ոմանք էլ լավատես էին, ասելով, որ եթե պետությունը ցրտահարության դիմաց փոխհատուցում տա կամ գոնե հարկերը որոշ չափով զիջի, ապա մի կերպ կդիմանան մինչեւ գարուն։ ԱՆՈՒՇԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ