Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ. պերճա՞նք, թե՞ թշվառություն

Ապրիլ 15,2003 00:00

ՍԴ. պերճա՞նք, թե՞ թշվառություն Սպասվում է, որ այսօր ՍԴ-ն պետք է հրապարակի իր եզրակացությունը ՀՀ նախագահի ընտրությունը անվավեր ճանաչելու մասին Ստեփան Դեմիրճյանի դիմումի վերաբերյալ: Ինչպիսին կարող է լինել այն եւ ինչ ազդեցություն կունենա երկրի ապագայի, մեր պետականության վրա: Այն, որ դատավճիռը կարող է բեկումնային լինել, երեւում է դատավարության ընթացքին հետեւող լրատվամիջոցների, քաղաքական գործիչների, միջազգային կառույցների եւ հասարակության վերաբերմունքից, որը դարձավ նաեւ իրական դիրքորոշման բացահայտման յուրահատուկ փորձաքար: Դիտարկենք որոշ գործոններ, որոնք հաշվի առնելով իրավիճակի յուրահատկությունը՝ չեն սահմանափակվում ՍԴ-ին ավանդաբար վերաբերվող իրավաբանական ոլորտով՝ ընդգրկելով նաեւ միջազգային եւ քաղաքական ասպեկտները: Իրավական գործոն Արդեն իսկ դատավարության առաջին օրերից պարզ դարձավ, որ ՍԴ-ին ներկայացրած հայցը իրավաբանորեն հիմնավորված եւ անհրաժեշտ փաստերով հաստատված է, որ դրա մերժումը բարդություններ է առաջացնելու հենց իրավական առումով: ՍԴ-ի որոշումը պետք է հենվի ընտրական օրենսգրքի 86 հոդվածի առաջին կետի վրա, որտեղ պահանջվում է ներկայացնել «Օրենսգրքի այնպիսի8230 խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա»: Այս անգամ, հայցվորի ներկայացրած բոլոր փաստերը ցույց են տալիս, որ խախտումները կրել են համընդհանուր, կենտրոնացված եւ նախապես համակարգված բնույթ եւ չէին կարող չազդել ընտրության արդյունքի վրա: Այժմ ՍԴ-ն մի կողմ դնելով սահմանադրական հնարավոր ճգնաժամի վերաբերյալ ցանկացած մտավախություն, պետք է առաջնորդվի ՀՀ Սահմանադրության 100 հոդվածով, ըստ որի նա եւ միայն նա է լիազորված լուծել «հանրաքվեների, Հանրապետության նախագահի եւ պատգամավորների ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը»: Քաղաքական գործոն Ակնհայտ է, որ անցած ընտրությունների վավեր կամ անվավեր լինելու որոշումը ՍԴ-ի կողմից զուտ իրավական ակտ է, սակայն պարզ է նաեւ, որ կենտրոնացված համակարգված կեղծարարություն կազմակերպած գործադիր իշխանությունը կփորձի ՍԴ-ին պարտադրել որոշում կայացնել՝ ելնելով քաղաքական իրավիճակի իրենց մեկնաբանություններից: Իշխանական թեւը ՍԴ-ին ներկայացնում է մի քանի այսպես կոչված «ծանրակշիռ» փաստարկներ ընտրությունները վավեր ճանաչելու օգտին: Դրանց շարքում են՝ լեգիտիմության անհրաժեշտություն, քաղաքական կայունության ապահովում, Արցախի հարցի լուծում, թեկնածուների անձնական որակների գնահատականներ եւ այլն: Սակայն պարզ է, որ ՍԴ-ի որոշումը Քոչարյանի լեգիտիմությունը չի ավելացնի ոչ ժողովրդի, ոչ էլ միջազգային կառույցների աչքում: Այդ նույն կերպ նրանք չեն կարող լուծել եւ այլ քաղաքական հարցերը: Իշխանությունների փաստարկները խոցելի են արդեն այն առումով, որ ՍԴ-ի որոշումով նոր նախագահ չի հռչակվում, այլ ընդամենը նշանակվում են նոր ընտրություններ: Միջազգային գործոն Մինչ այժմ ՍԴ-ն եղել է հանրապետության միակ կառույցը, որին հաջողվել է պահպանել իր հեղինակությունը միջազգային նույնանման կառույցների շրջանակներում: Այդ կառույցի ղեկավար Գագիկ Հարությունյանը կարողացել է անցած տարիների ընթացքում իր ուրույն տեղը գտնել Եվրոպական Սահմանադրական դատարանների ղեկավարների շարքում: Ապրիլի 2-ին Եվրոպական դատարանի դատավոր ընտրվեց ոչ թե ՀՀ նախագահի կամ կառավարության կողմից հովանավորված թեկնածուներից, այլ ՍԴ-ի անդամ Ա.Գյուլումյանը, խոսում է այն մասին որ Արեւմուտքում ՍԴ-ն բավական բարձր հեղինակություն է վայելում առ այսօր: ՍԴ-ն լավ հասկանում է, որ իր որոշումը մեծ արձագանք է ունենալու նաեւ համապատասխան միջազգային կառույցներում: Ոչ մի դատարանի որոշում չի կարող փոխել ընտրակեղծիքներին ականատես ԵԱՀԿ դիտորդների կարծիքը: Տեղին է հիշել, որ 1996թ. նախագահական ընտրությունից հետո, երբ ընդդիմությունը անհամաձայնության ալիք բարձրացրեց, եվրոպական կառույցները իրենց ուղերձով եւ համեմատաբար մեղմ գնահատականով հորդորեցին ժողովրդին՝ սպասել ՍԴ-ի վերջնական որոշմանը: Այսօր նույն եվրոպական կառույցները իրենց վերջնական եզրակացության մեջ չեն անդրադառնում ՍԴ-ում հայցի քննարկմանը: Նրանց համար քվեարկության արդյունքների գնահատականը միանշանակ է եւ դատական հաստատման կամ ժխտման կարիք չունի: Այս պարագայում անհասկանալի է, թե ընտրությունները վավեր ճանաչելու դեպքում ի՞նչ փաստարկներ պետք է ներկայացնի ՍԴ-ն, որպեսզի դա համոզիչ լինի արտասահմանյան իրավաբանական շրջանակներին: Եվ եթե երկրի ներսում կան որոշ ուժեր, որոնց համար հարցի զուտ քաղաքական լուծումը կլինի քիչ թե շատ հասկանալի, ապա միջազգային ատյաններում դժվար թե հնարավոր լինի բացատրել հարցի քաղաքական լուծման դրդապատճառները: Անկասկած է, որ ՍԴ նախագահը շատ կուզենար կայացնել իրավաբանորեն հիմնավորված միակ վճիռը: Այն է՝ ընդունել այն որոշումը, որն իրենից սպասում են հայ ժողովուրդը եւ միջազգային կառույցները: Այս տեսանկյունից ՍԴ-ի նախագահը կանգնած է երկընտրանքի առջեւ. մնալ իր լիազորությունների եւ իրավաբանորեն ապացուցված որոշման շրջանակներում ու դրանով իսկ փրկել Հայաստանի վա՞րկը, թե՞ նմանվել հայաստանյան այլ պետական կառույցներին՝ կեղծարարների ցանկում զբաղեցնել վերջին թափուր մնացած տեղը եւ դրանով իսկ վտանգել Հայաստանի ապագան: ՍՈՒՍԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ Թերթը չի կիսում հեղինակի լավատեսությունը եւ նրա հավատը՝ ՍԴ-ի անկախության հանդեպ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930