ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Եվ ուզում են, որ Հայաստանը մնա ԵԽ անդամ Եթե «Քրեական օրենսգիրքն» ուրբաթ օրն ընդունվեր ԱԺ-ի կողմից, ապա ոչ միայն մահապատիժը կվերանար, այլեւ Երեւանի քրեակատարողական հիմնարկում գտնվող 66 կալանավորներից 20-ը ազատ կարձակվեին, մյուսների պատժաչափերը կկրճատվեին։ Դժվար է ասել՝ այս հանգամանքն էր ավելի շատ դեր խաղացել, թե քաղաքական լարված իրավիճակում որոշ ուժեր նախընտրական նպատակներով փորձեցին օգտագործել նաեւ կալանավորներին, այնուամենայնիվ, փաստն այն է, որ վերոհիշյալ հիմնարկի կալանավորները «Քրեական օրենսգրքի» քվեարկության տապալումից անմիջապես հետո իրենց մոտ էին հրավիրել պատգամավորներ Վահան Հովհաննիսյանին եւ Վիկտոր Դալլաքյանին։ ՍԴ-ում զբաղված լինելու պատճառով կալանավորների նամակը մեկ օր ուշացումով էր հասել պրն Դալլաքյանին, եւ վերջինս շաբաթ օրն այցելեց քրեակատարողական հիմնարկ։ Սա այն բացառիկ հիմնարկներից է, որտեղ նստած են ոստիկանության նախկին աշխատողներ, զինվորականներ, բարձրաստիճան սպաներ եւ այլք, հիմնականում՝ իրավաբանի մասնագիտությամբ։ Կալանավորներն ինֆորմացիայի պակաս չունեն՝ թերթեր, հեռուստացույց, ռադիո, իրենց իսկ վկայությամբ՝ հետեւում են ԱԺ աշխատանքներին ռադիոյի եւ հեռուստատեսության միջոցով։ Վիկտոր Դալլաքյանից պահանջում էին պատասխանել, թե ինչո՞ւ ինքը «Քրեական օրենսգրքի» քվեարկության օրը հայտարարեց, թե իր ստորագրությունն օրինագծի տակից հանում է։ Ըստ կալանավորների՝ «Վիկտոր Դալլաքյանի տրամադրվածությունն ազդում է խորհրդարանի վրա»։ Վերջինս պատասխանեց, որ ստորագրությունը ետ վերցնելը որպես պատգամավոր իր իրավունքն է. «Ես ո՛չ ասել եմ՝ դեմ եմ քվեարկում, ո՛չ ասել եմ՝ կողմ եմ քվեարկում, ասում եմ՝ ես դրան չեմ մասնակցում։ Եվ հետո՝ իմ գլխավորած հանձնաժողովն այդ օրենսգրքին տվել է դրական եզրակացություն։ Այսինքն՝ որպես հանձնաժողովի նախագահ, ես իմ պարտականությունները կատարել եմ»։ Պրն Դալլաքյանը կալանավորներին հիշեցրեց, որ ինքը քիչ բան չի արել նույն կալանավորների համար՝ «96 թ. սկսած ես եղել եմ ուղղիչ-աշխատանքային համարյա բոլոր հիմնարկներում, եւ իմ օրենսդրական նախաձեռնության շնորհիվ 700 հոգի ազատվել են կալանքից, ծանրոցների, նամակների եւ տեսակցությունների ավելացման առաջարկները եւս իմ կողմից են արվել»։ Սակայն դատապարտյալները մտահոգված էին Հայաստանի՝ ԵԽ անդամ մնալով։ Նրանք գրեթե միաձայն վրդովվել էին, որ եթե մահապատիժը չվերացվի, ապա Եվրոպայի խորհրդից Հայաստանին դուրս կթողնեն։ Պարզվում է նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանն այս կալանավորների շրջանում մեծ հեղինակություն է վայելում։ Բոլոր զրուցակիցներս շատ բարձր կարծիք հայտնեցին նրա մասին։ Գարիկ Միքայելյան (դատապարտված է 8 տարի ազատազրկման)- «Իմացեք, ցմահ բանտարկությունից էն կողմ ուրիշ պատիժ չկա։ Ցմահ բանտարկությունը մարդուն զրկում է ե՛ւ կնոջից, ե՛ւ երեխաներից, ե՛ւ արեւից, ամեն ինչից։ Ցմահ բանտարկությունն այն է, երբ մարդուն իր իսկ աչքի առաջ գնդակահարում են։ Ես դեմ եմ մահապատժին, եւ կողմ եմ, որ մենք եվրոպական հանրությանը միանանք, գնանք աշխարհ, մեզ ճանաչեն»։ Գ. Միքայելյանը դեմ է, որ «27»-ի կատարողների մասով բացառություն լինի։ Բացատրությունը սա է՝ «կան հանցագործություններ, որոնք տարիներ հետո են բացահայտվում, ես մտածում եմ այսպես՝ ովքեր կողմ են «27»-ը գնդակահարելուն, նրանք կողմ են, որ այդ հանցագործությունը չբացահայտվի։ Սա չի կարելի քաղաքականացնել, սովորական հանցագործություն է»։ Դատապարտյալ Միքայելյանին հարցրինք՝ եթե այդքան անհանգիստ է ԵԽ-ից դուրս մնալու հավանականությամբ, չի՞ մտածում, որ պատճառը կարող են լինել նաեւ ասենք՝ նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումները. «Հողը հենց ընենց չի գրավվում, արյունով է գրավվում, երկիրն էլ հենց ընենց չի սարքվում, այո, սխալներ պիտի ունենանք։ Հայերն ըսենց մի հատ բնավորություն ունեն՝ լավ պահել չգիտեն, լավ թաղել գիտեն, էսօր ունենք հանրապետության նախագահ, կանգնենք կողքը, բարձրացնենք պետությունը միասին։ Միակ նախագահն ա, որ պետք է ազգի հերոս տանք, երբ որ 89 թվականին Ռուսաստանի ռեստորաններում բաժակ էինք բարձրացնում, ասում էինք՝ «մեր Քոչարյանը», ռուս աղջկերքի մոտ էլ էինք մեզ երեւակայում՝ ասում էինք՝ «Քոչարյանը մերն ա»։ Կանգնենք կողքը։ Ինչն ա՞ վատ արել Քոչարյանը, թող կանգնեն, ասեն։ Ես եւ իմ հարազատները (ես կոչ եմ արել իմ բոլոր հարազատներին), բոլորս միահամուռ ընտրել ենք Ռ. Քոչարյանին»։ Արթուր Գեւորգյան (դատապարտված է 6 տարի ազատազրկման)- «Ուզում եմ, որ մահապատիժը վերանա, այն իր հետ բերում է ե՛ւ բարոյահոգեբանական ազդեցություն կրիմինագեն աշխարհում, նկատի առնելով պետության ժողովրդավարական հիմունքները»։ Դատապարտյալ Գեւորգյանը եւս դեմ է, որ «27»-ի կատարողների մասով բացառություն լինի. «անգամ նույնիսկ բռնությամբ կատարված սպանությունների հանդեպ ես ինքս որպես մարդ, կարծում եմ՝ մահապատիժն իսպառ պետք է վերացվի»։ Դատապարտյալ Գեւորգյանին եւս հարցրինք նախագահական ընտրությունների մասին. «այն գործընթացը, որ ես տեսել եմ հեռուստատեսությամբ եւ լսել ռադիոյով, այն, ինչ որ այսօր ընթանում է ՍԴ-ում, ինձ թվում է այնպիսի վիճարկելի մոմենտ է, որ արդարադատության Ֆեմիդան աչքերը փակ, կշեռքը ձեռքն է, հիմա դատարանը ո՞ր կողմը կթեքվի, ինքս չեմ կարող ասել»։ Այս զրուցակցի «ամենամեծ անհանգստությունը» եւս ԵԽ-ից Հայաստանի դուրս մնալու վտանգն է. «լինելով կադրային սպա, ես հարյուր տոկոսով վստահ եմ՝ Հայաստանը եթե դուրս մնա Եվրո ընտանիքից, Ադրբեջանն անմիջապես կօգտվի դրանից»։ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը համաձայն չէր մեր այն մտավախության հետ, որ դատապարտյալներին որոշ ուժեր փորձել էին ուղղորդել եւ հարցը քաղաքականացնել։ Իսկ մեր այս դիտարկման համար հիմք էր ներկայանում այն, որ դատապարտյալները Վիկտոր Դալլաքյանին շարունակ դիմում էին. «դուք՝ որպես ընդդիմադիր պատգամավոր եւ ձեր ընդդիմադիր ընկերները»։ Ըստ Սամվել Հովհաննիսյանի՝ դատապարտյալների նախկին աշխատանքն է դեր կատարել. «քանի որ սա նախկին իրավապահ մարմինների դատապարտյալների քրեակատարողական հիմնարկ է, մեծ մասը զարգացած են, կարդացած են, տեսեք, մարդիկ ասում են, որ չորս տարի հետեւել են ԱԺ-ի նիստերին, այսինքն՝ հետաքրքրվում են քաղաքական կյանքով, իմիջիայլոց, ասեմ՝ էստեղից էլ նամակներ շատ են գրում տարբեր պաշտոնատար անձանց եւ անգամ հոդվածներ են տպում, ձեր թերթում էլ են տպում, չէ՞»։ Այո։ Հիշեցնենք, որ կառավարությունը հենց ուրբաթ՝ «Քրեական օրենսգրքի» եւ «ԶԼՄ-ների մասին» օրենքի նախագծի քվեարկության տապալումից հետո արտահերթ նիստ հրավիրեց եւ առաջարկեց ԱԺ-ին վերոհիշյալը անհետաձգելի համարել եւ քվեարկել մեկ ամսվա ընթացքում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ