Հաղթանակի սպասում Իմաստ ունի՞, որ ընդդիմությունը համամասնական ընտրակարգով մասնակցի առաջիկա ԱԺ ընտրություններին, եթե, առավել եւս, ՍԴ-ն անցած ընտրություններն անվավեր չճանաչի: «Միայն ՍԴ եզրակացությունից հետո այդ հարցի պատասխանը հստակ կտրվի: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մինչ այդ պետք էր օրենքով սահմանված կարգով համամասնական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել, գրանցվել, որովհետեւ հետո ընդդիմությունն իրավունք չէր ունենա այդ անել ու մասնակցել ընտրություններին, եթե որոշեր, որ իմաստ ունի այդ ընտրություններին մասնակցել»,- ընդդիմության տեսակետը պարզաբանեց Ս.Այվազյանը: Անդրադառնալով հնարավոր երկու տարբերակներին՝ բոյկոտել խորհրդարանական ընտրությունները, կամ մասնակցել դրանց, պրն Այվազյանը նկատեց, թե ԱԺ ընտրություններին չմասնակցելու դեպքում այդ ընտրությունները դարձյալ կկեղծվեն, բայցեւ առանց ընդդիմության զսպող դերի իշխանությունների համար առավել հարթ կանցնեն: Մյուս կողմից, Ս.Այվազյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մայիսի 25-ին նաեւ Սահմանադրության փոփոխություններն են դրվելու հանրաքվեի ու, եթե ընդդիմությունն իր ներկայությունն այնտեղ չապահովի, ապա իշխանությունների համար ավելի դյուրին կլինի կեղծել նաեւ այդ հանրաքվեի արդյունքները, ասենք՝ «այո» նշումով եւս մի 500 հազար քվեաթերթիկ լցնելով: «Այդ իմաստով պետք է լրջորեն կշռել՝ ո՞րն է ձեռնտու. բոյկոտե՞լ ընտրությունները, թե՞ շարունակել պայքարել: Այդուհանդերձ, շատ բան կախված կլինի ՍԴ որոշումից»,- ամփոփեց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը: Մեր այն հարցին, թե արդյո՞ք ընդդիմությունն առաջիկա ընտրություններին մասնակցելու դեպքում կկարողանա կանխել հնարավոր կեղծիքները, երբ հայտնի է, որ ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ, ըստ էության, չկարողացավ զանգվածային ընտրակեղծիքների դեմն առնել՝ արձանագրելով, որ մի քանի հարյուր հազար քվեաթերթիկ է լցվել: Դա այն պարագայում, երբ ընդդիմությունն ուներ ոչ միայն ընտրական հանձնաժողովներում իր ներկայացուցիչները, այլեւ վստահված անձինք: Այդ նկատի ունենալով արդյո՞ք պետք է արձանագրել, որ ընդդիմությունը ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ չէր կարողացել պատշաճ ձեւով կազմակերպել հանձնաժողովներում իր անդամների, նաեւ վստահված անձանց աշխատանքը: Համաձայնելով այս վերջին դիտարկմանը՝ պրն Այվազյանը միաժամանակ նկատեց. «ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում պետական ողջ համակարգն իր բոլոր լծակներով ներգրավված էր ընտրությունները կեղծելու պրոցեսում, որի դեմ կանգնել, ցավոք, չհաջողվեց: Պետք է ասեմ նաեւ, որ նախագահական ընտրությունների երկու փուլերում էլ քվեարկության օրերին տեղի ունեցան կրկնակի ընտրություններ: Դրանցից մեկը տեղի էր ունենում առավոտյան ժամը 8-20-ը, երկրորդը՝ 20-ից հետո այնքան ժամանակ, որքան պետք էր ընտրությունների արդյունքը կեղծելու համար՝ անժամկետ: Ընդ որում՝ իմ նշած առաջին փուլի՝ քվեարկության ընթացքում նաեւ իրավապահների ու այլ լծակների օժանդակությամբ կատարված կեղծիքներով չբավարարվելով՝ իշխանությունները ընտրակեղծիքի գործընթացը շարունակում էին նաեւ քվեարկության ավարտից հետո, արդեն քվեների հաշվառման ժամանակ, կարգավորելով ու ձեւակերպելով կատարված կեղծիքները: Մի մոռացեք նաեւ, որ ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերի արանքում ձերբակալվեցին նաեւ Ստ.Դեմիրճյանի վստահված անձինք, նախընտրական շտաբների պետեր, մարտի 4-ի երեկոյան ընտրատեղամասերից դուրս հրավիրվեցին հանձնաժողովների մեր անդամները: Այդ ամենն, իհարկե, իր որոշակի ազդեցությունն ունեցավ նաեւ ընտրությունների արդյունքների վրա, որոնք, այդուհանդերձ, վկայում էին Ստ.Դեմիրճյանի հաղթանակի մասին»: Ն. Մ.