ԳԻԶԻՐՅԱՆԸ ԳՈՐԾ Է ՍԱՐՔՈՒՄ Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունը կատարելապես է տիրապետում իշխանության քաղաքական հակառակորդների դեմ գործ սարքելու «արվեստին»: Այժմ էլ հերթը հասավ ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանին: Նուբարաշենյան «բոեւիկ» Քաղաքապետարանի, դատարանների որոշումներում եւ պետռեգիստրում՝ Խաչիկ Դաշտենցի փողոցի վերջնամասում գտնվող այս տարածքն անվանվում է ավտոկանգառ, թեեւ առավել հայտնի է դրա «ժողովրդական» անվանումը՝ Նուբարաշենի ավտոշուկա: Կանգառի համար 500 դրամ վճարած եւ հաջողության դեպքում՝ հետո նոտարական գրասենյակում մեքենայի առուվաճառքը ձեւակերպող հարյուրավոր քաղաքացիներն ապրիլի 6-ի առավոտյան այստեղ ականատես եղան մի տեսարանի, որից կարելի էր եզրակացնել, թե բացահայտվել է ահաբեկչական մի խմբավորում: Ժամը 11-ին ավտոկանգառի մոտ հայտնվեցին ոստիկանական բազմաթիվ մեքենաներ. այստեղ էին ոստիկանության 6-րդ՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, նաեւ քրեական հետախուզության վարչության ու ոստիկանության հատուկ ջոկատի աշխատակիցները: Նախ ձերբակալեցին ավտոկանգառի տնօրենին՝ Համլետ Ավետիսյանին ու նրա 23-ամյա որդուն՝ Շահենին: Հետո ձերբակալեցին Համլետի եղբորը՝ Արմեն Ավետիսյանին: 15-20 հոգով ներխուժելով գրասենյակ՝ դատարկեցին սեղանների դարակները, բռնագրավեցին նրանց հեռախոսներն ու երկու ավտոմեքենաները: Իրենց գործողությունները ոստիկանները չհիմնավորեցին որեւէ գրությամբ ու չներկայացրին ոչ մի բացատրություն. «Մեզ այսպես է հրամայված»: Նշենք, որ Ավետիսյանների ընտանիքին եւ ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանին բացի ընկերությունից՝ միավորում են նաեւ պապական քավոր-սանիկային հարաբերությունները: Զինված ոստիկանները մարդկանց վզներից բռնելով, ձեռքերը ոլորելով ու ձեռնաշղթաներ հագցնելով՝ տարան ավտոկանգառի սովորական հսկիչներին անգամ: Պատմում է ավտոկանգառի հսկիչ Հրանտ Դունոյանը. «Ձեռնաշղթաները շատ կոպիտ ձեւով հագցրին ձեռքերիս: Ասացի՝ խո ես թո՞ւրք չեմ, ձեռքերս ինչի՞ եք ջարդում: Բա՝ ընդեղ կխոսաս, ստե հըլը դիմանում ես՝ ընդեղ չես դիմանա, շուռ արի՝ պատին նայի: Ասացի՝ սկի Նաիրի Հունանյանին սենց չարիք, էս ի՞նչ ես անում, ես ո՞վ եմ ախր, որ ինձ էս վիճակին հասցրիք: Ասաց՝ շատ ես խոսում, ընդեղ կերկարացնես… Խնդրում էի՝ հանեք ձեռքերիցս, խելոք գալիս եմ… Խնդրեցի, որ գոնե կուրտկայովս ծածկեն ձեռքերս՝ ճանաչողներ կան, մարդ ենք, հո լակո՞տ չենք: Բայց ամբողջ փողոցով ինձ խայտառակ ձեւով անցկացրին»: Նույն կերպ է անցել նաեւ հսկիչ Վարդան Հովհաննիսյանի ձերբակալությունը՝ «անգամ հանցագործների միայն մի ձեռքն են ձեռնաշղթա հագցնում. իսկ մենք ի՞նչ էինք արել»: Քննությունը վարում են սադիստները Ավտոկանգառի աշխատակիցներին 6-րդ վարչություն հասցրին Պետավտոտեսչության ուղեկցությամբ: Այստեղ որեւէ մեկին չասվեց, թե ինչի մեջ են նրանց կասկածում, ավելի ուշ ակնարկեցին ինչ-որ ահազանգի մասին: Տնօրենին, նրա որդուն եւ եղբորը երկու օր պահեցին այնտեղ, միայն երկրորդ օրվա վերջում պաշտոնապես բացատրություն վերցնելով ավտոկանգառի գործունեության վերաբերյալ: Դեռ կարելի է վիճել՝ արդյոք 6-րդ վարչության իրավասությո՞ւնն է պարզելը, թե տվյալ ավտոկանգառում քանի մեքենա է կանգնում, բայց անվիճելի է, որ այդ հարցերը կարող էին պարզել մարդկանց ուղղակի ոստիկանություն հրավիրելով՝ առանց արժանապատվությունը նսեմացնելու եւ իբրեւ հանցագործների վերաբերվելու: Սակայն ոչ միայն ավտոկանգառի տիրոջը եւ նրա եղբորը քննելու ընթացքում էին փորձել նրանց գործունեությունը կապել որոշակի հովանավորության հետ (ապարդյուն փորձեր էին, քանզի նրանք կտրականապես էին հերքել, թե Սուրեն Աբրահամյանը մեկ լումա անգամ օգուտ է ստացել այդ ավտոկանգառից), այլ անգամ օրական իրենց 2-5 հազար դրամ աշխատավարձի տեր հսկիչներին էին պարտադրել նման ցուցմունքներ տալ: Հսկիչներին ազատ էին արձակել նույն օրվա երեկոյան՝ կեղտոտ հայհոյանքներով, ծեծ ու ջարդով ցանկալի բացատրությունները կորզելու փորձերից հետո: Բոլորի հարցաքննություններն ընթացել էին հիմնականում երկու ուղղությամբ՝ ցանկանում էին, որ որեւէ մեկը ցուցմունք տա, թե ավտոկանգառի «տանիքը» ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանն է ու նաեւ, որ փաստեն, թե ավտոկանգառում ավելի շատ մեքենաներ են կանգնում, քան ներկայացվում է. թերեւս՝ որպեսզի ապացուցեն, թե ավելի քիչ հաստատագրված հարկ է վճարվում, քան պարտավոր են: Հսկիչ Հրանտ Դունոյանը պատմեց. «Ես նրանց ասացի, որ եթե ուզենամ էլ՝ կոնկրետ չեմ կարող նշել մեքենաների քանակը: Ստիպեցին, թե մոտավոր ասա: Ասացի, թե մոտավոր 700-800 հատ պիտի լինի: Մեկ էլ՝ թե Սուրեն Աբրահամյանն էդ բազառի տերն ա, կռիշն ա: Ասի՝ ախպեր, ես իրան մենակ հեռուստացույցով եմ տեսել, գիտեմ, որ նախկին նախարար ա: Բայց իրան որ հիմա տեսնեմ՝ չեմ ճանաչի. որ չեմ ճանաչում՝ ո՞նց գրեմ: Ասացին՝ դե լավ էտի չէ, բայց պտի գրես, որ 1500 մեքենա է եղել: Մեկ է՝ գրելու ես, կիջնես պադվալ, առավոտ կգաս՝ կգրես: Մի հատ ջահել տղա կար, շագանակագույն վերնաշապիկով՝ 7 պորտս քրֆեց»: Վրեժ Մալխասյանի բախտն ավելի չէր բերել. «6-ում քննելուց հետո տարան ինձ մի սենյակում նստեցրին. ոտքերս ուռած, ցավում էին այդքան աշխատելուց հետո: Մի երկու հոգի մտան այդ սենյակը ու՝ ոտքի՛, չես տենո՞ւմ, ով ա գալիս, հայհոյեցին ու սկսեցին խփել՝ քթիս, բերնիս ու թողեցին գնացին: Ես էլ ստիպված վեր կացա, կանգնեցի՝ այդ ցավերի մեջ, մինչեւ նորից տարան քննելու: Ցուցմունք տալուց ասին՝ գրի… ազգանունը չեմ հիշում… էսինչ մարդը ձեր կռիշն ա… Հա, Աբրահամյան Սուրիկը: Ես էլ ասի, որ չեմ ճանաչում էդ մարդուն, չեմ կարող գրել»: Շահեն Ավետիսյանին ծեծել էին, երբ կողքի սենյակում հարցաքննում էին նրա հորը: Անընդհատ հարցրել էին, թե ո՞ւմ հետ են «փայ» ու «ոչ մեկի» պատասխանից գազազել. «Սաղ Երեւանը գիտի՝ դու չգիտե՞ս: Ձեր սաղ հսկիչները գրել են, որ դուք փայ եք Աբրահամյանի հետ: Գրի, գրի, թե ինչքան փող եք տալիս նրան, քանի տոկոս է հարաբերությունները»: Եվ երբ տղան հրաժարվել էր պահանջվող ցուցմունքը տալ՝ սկսել էին հայհոյելով ծեծել, հարվածելով գլխին, փորին… Դեմքին չեն խփել, որ հետքերն ակնհայտ չլինեն: Պատվիրատուի ականջները Երբ մամուլում եւ հանրահավաքներում Սուրեն Աբրահամյանն ուժգին քննադատության էր ենթարկում հատկապես Սերժ Սարգսյանին՝ զարմանում էի, որ սովորաբար վերջինիս հասցեին ամեն ակնարկին քարոզչական ուժգին համազարկով արձագանքող մամուլը լռում էր: Այս անգամ, փաստորեն, որոշվեց ավելի կոշտ մեթոդներ կիրառել, որոնց իրականացումը վերապահվեց դարձյալ Սերժ Սարգսյանի հովանավորյալ պաշտոնյային, որը պատգամավոր ծեծելուց հետո էլ կարողացավ մնալ ոստիկանության համակարգում: Եթե հատկապես Սուրեն Աբրահամյանի դեմ ուղղորդելու փորձը չլիներ՝ կարելի էր դեռ ենթադրել, թե հերթական տնտեսական վերաբաժանումն է՝ ինչ-որ մեկն աչք է դրել Նուբարաշենի ավտոշուկային կամ էլ ինչ-որ մեկին սկսել է խանգարել այն՝ հաշվի առնելով, թե որքան են բազմացել ավտոմեքենաների վաճառքի անգամ հեռուստատեսային միջնորդները: Ընդ որում՝ անգամ որոշ քննիչներ են լռությամբ, աչքերով վերեւ ցույց տալով՝ ակնարկել, թե այս ամենը «վերեւների» հրահանգով է: Առայժմ առանց մանրամասնելու նշենք, որ սա հարձակման միակ ուղղությունը չէ՝ նաեւ ֆուտբոլի ֆեդերացիայում է Սուրեն Աբրահամյանի եւ նրա մերձավորների գործունեությունը դարձել շահագրգիռ քննության առարկա: Մի նրբերանգ էլ՝ հատուկ հետեւել են, որ ցուցմունքներում նշվի «ավտոշուկա», այլ ոչ այդ ընկերության պաշտոնական, փաստաթղթային «ավտոկանգառ» անվանումը: Կարելի է ենթադրել, որ սա այս գործողության «PR» նախապատրաստությունն էր՝ ավելի հնչեղ կլիներ, եթե իշխանամետ մամուլը վաղ թե ուշ հաղորդեր, որ ընդդիմության հանրահավաքներում ելույթ ունեցող Սուրեն Աբրահամյանն ավտոշուկայի «տանիքն» է. համեմատաբար ավելի պակաս հնչողություն կունենար «ավտոկանգառ» անվանումը: Թերեւս պիտի նաեւ ասվեր, որ այդ ավտոշուկան խուսափում է հարկային պարտավորությունների կատարումից: Սակայն դրա տնօրենը պնդել է, թե իրենց բոլոր հարկային պարտավորությունները կատարել են, պարտաճանաչ վճարել սահմանված հաստատագրված վճարը: Իսկ եթե կան էլ որոշ թերացումներ՝ պատրաստ են վճարել տույժերն ու տուգանքները: Նշենք, որ մինչ օրս էլ 6-րդ վարչությունը որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել ապրիլի 6-ի ստուգումների վերաբերյալ, ուստի դրանք ապօրինի են: Սակայն կիրակի՝ ապրիլի 13-ի կեսօրին 6-րդ վարչության նույն աշխատակիցներն ավտոկանգառ ներկայացան արդեն հարկային ծառայության 4-րդ՝ օպերատիվ վարչության հետ: Հարկայինի աշխատակիցներն, ի տարբերություն ոստիկանների, ունեին համապատասխան փաստաթղթեր ստուգումներ անցկացնելու համար: Իսկ հարցին, թե ինչո՞ւ է դարձյալ «6»-ը հայտնվել, հետեւել է պատասխան՝ «Եկել ենք, որ հսկենք 4-րդ վարչությանը, որ ճիշտ կատարեն չափագրումները»: Հետաքրքիր կլիներ, եթե 6-րդ՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Աշոտ Գիզիրյանը պարզաբաներ՝ արդյոք հարկային մարմիններին հսկե՞լն է հենց կազմակերպված հանցավորության դեմ պայքարը: Ի դեպ, մենք այս ամենի կապակցությամբ մեկնաբանություններ երեկ խնդրել ենք ոստիկանությունից, սակայն չհետեւեց արձագանք: Սուրեն Աբրահամյանը նույնպես ձեռնպահ մնաց մեկնաբանություններից: Գուցե՝ առայժմ: Իսկ կիրակի տարած 2-րդ սթրեսից հետո Համլետ Ավետիսյանն այժմ Էրեբունու հիվանդանոցի վերականգնողական բաժնում է՝ նախաինֆարկտային վիճակում. մինչ այդ նա երկու անգամ ինֆարկտ էր տարել, ուստի դեռ ապրիլի 6-ին էր ոստիկաններին զգուշացրել, որ իր հետ հանգիստ խոսեն: Նշենք նաեւ, որ Ավետիսյանները մտադիր են այս բոլոր ապօրինությունները վիճարկել դատական կարգով: Իսկ մենք ուշի ուշով հետեւելու ենք այս պատմության զարգացումներին: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ