Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱՊՈԼԵՈՆԸ՝ ԽԱՂԱՂԱՐԱ՞Ր

Ապրիլ 15,2003 00:00

ՆԱՊՈԼԵՈՆԸ՝ ԽԱՂԱՂԱՐԱ՞Ր «Կենտրոն» հեռուստատեսությամբ «Ազգային միաբանության» գաղափարախոս Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, թե իրենք Ռոբերտ Քոչարյանի երդման արարողությանը չեն լինելու ո՛չ «ծափ տվողների», ո՛չ էլ «գոռացողների» շարքերում, քանի որ զբաղված են «գործով»: Այնուամենայնիվ այդ հայտարարությունից հետո «Ազգային միաբանության» անդամ Նապոլեոն Ազիզյանը նախընտրեց «ծափ տվողների» շարքերն ու մասնակցեց Ռոբերտ Քոչարյանի, ինչպես իշխանամետների շրջանակներում են սիրում ասել, «գուրգուրացիային»: Կուսակցության իդեոլոգը սակայն պնդում է, թե ինքը «Կենտրոնով» հայտարարել է, որ անձամբ ինքն ու կուսակցության առաջին դեմքերը չեն մասնակցելու երդման արարողությանը: Իսկ ինչ վերաբերում է Ն. Ազիզյանին, ապա Արտաշես Գեղամյանը մեզ հավաստիացրեց, որ անձամբ իր հանձնարարությամբ է նա ներկա գտնվել այդ արարողությանը, որպեսզի «առաջին ձեռքից» ստանան այն տեղեկությունները, ինչը լինելու էր դահլիճում: «Մեզ պետք էր ճշգրիտ ինֆորմացիա ունենալ՝ ընդդիմության մյուս թեւը դիմելո՞ւ է ակտիվ քայլերի, թե՞ ոչ: Բացի դրանից, այնտեղ հնարավոր էին նաեւ զարգացումներ. այլեւայլ բաներ կարող էին տեղի ունենալ: Մենք պետք է այնուամենայնիվ տեսակետ արտահայտեինք, չէ՞, հենց տեղում»,- ասաց Հ. Հովհաննիսյանը: Հարցին, թե ինչպիսի՞ զարգացումների մասին է խոսքը, «Ազգային միաբանության» գաղափարախոսը մանրամասնեց. «Կարող է, ինչպես 1996թ. ծեծեցին Արարքցյանին, ծեծեին, ասենք, Արմեն Խաչատրյանին կամ հակառակ կողմի ներկայացուցչին՝ Շավարշ Քոչարյանին»: Իսկ թե նման դեպքում ի՞նչ պետք է աներ իրենց ներկայացուցիչը հարցին Հ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Նապոլեոն Ազիզյանն իր հեղինակությամբ կարող էր այդ ռազբորկային վերջ դնել: Այսինքն, իր հեղինակավոր խոսքն ասեր ու կարգի հրավիրեր երկու կողմերին: Ի վերջո, չի կարելի ինֆորմացիա չունենալ առաջին ձեռքից: Մենք մեր ներկայացուցչին հանձնարարել էինք, որ նա ներկա գտնվի ու մեզ հայտնի արարողության ընթացքի մասին: Հնարավոր էր նաեւ այլ բան. ընդդիմության մյուս թեւի՝ «Արդարություն» դաշինքի առաջին դեմքերը հայտարարել էին, որ իրենք նախապատրաստվում են ամենաակտիվ ձեւով մասնակցել այդ արարողությանն ու տեղում համապատասխան ձեւով արձագանքելու այդ ամենին: Մենք պե՞տք է իմանայինք, այնուամենայնիվ պե՞տք է ներկա գտնվեինք, եւ եթե նման քայլեր արվեին, մեր տեսակետն արտահայտեինք կատարվածի վերաբերյալ, քանի որ մենք գտնում ենք, որ առաջին տուժողը նախագահական ընտրություններից եղել է Արտաշես Գեղամյանը»: Հ. Հովհաննիսյանի խոսքերով, Ն. Ազիզյանի ընտրությունը պատահական չի եղել. «Ինքը ժողովրդական չափանիշներով շատ ծանրակշիռ անձնավորություն է, եւ նման ռազբորկայի ժամանակ՝ միջկլանային, կարող էր իր ծանրակշիռ խոսքն ասել, որը կարգի կհրավիրեր երկու կողմերին էլ, որպեսզի, այնուամենայնիվ, իրար չհոշոտեին»: «Այսինքն՝ նրան որպես փրկիչ էի՞ք գործուղել», այս դիտարկմանն ի պատասխան գաղափարախոսն ասաց. «Դե, մենք բոլորին պետք է փրկենք, ոչ միայն նրանց, ում տեսնում ենք որպես դրական դեմքեր: Նաեւ բոլոր նրանց, ում տեսնում ենք բացասական դեմքեր, քանի որ բացասական դեմքերն էլ են մեր ժողովրդից, մեր ազգից: Հավատացնում եմ, որ բացասական դեմքերը ոչ պակաս են տառապում իրենց բացասական գործունեությունից: Իրենք էլ են դրանց զոհը դառնում: Մարդն, ով կեղեքում է իր համաքաղաքացուն, ինքն էլ է ստրուկ, ու ինքն իր ձեռքն ընկնում է կրակը: Ն. Ազիզյանին ուղարկել էինք, որ չհոշոտեին եւ չհոշոտվեին»: Նրա համոզմամբ, թե՛ «Արդարություն» դաշինքը, թե՛ իշխանամետ քաղաքական ուժերը «կախված» են Քոչարյանից: «Մենք ենք ազատ: Քոչարյանին եւ8217 անսահմանափակ սիրողները, եւ8217 անսահմանափակ ատողները կախված են իրենից, քանի որ եթե չլինի Քոչարյանը, իրենց եւ8217 սերը, եւ8217 ատելությունը կդառնան անիմաստ: Մենք մեր գործով ենք զբաղված. մենք մեր ծրագիրն ունենք, մենք կախված չենք այդ անձից: Մենք ունենք քաղաքական նպատակներ: Իսկ սերը եւ ատելությունը կախվածության ծայրահեղ, բայց միաժամանակ մի կետում համընկնող դրսեւորումներ են: Ռուբեն Միրզախանյանը՝ սիրելով նույնքան է կախված Ռոբերտ Քոչարյանից, որքան Արամ Սարգսյանը եւ Ստեփան Դեմիրճյանը՝ ատելով: Մենք չենք տառապում այդպիսի բարդույթներով, որովհետեւ մենք այսօր մտահոգ ենք մեր երկրի ապագայի համար»,- ուրիշի «զգացմունքները» շարադրեց Հ. Հովհաննիսյանը, որը սակայն ոչ վաղ անցյալում նույնպես Ռոբերտ Քոչարյանի երկրպագուներից է եղել: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել