Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Ռումինիա ընկերական հանդիպումը չի՞ կայանա

Ապրիլ 12,2003 00:00

Հայաստան-Ռումինիա ընկերական հանդիպումը չի՞ կայանա Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Իսպանիա-Հայաստան հանդիպումից հետո տեղական մամուլը հայ ֆուտբոլասերներին տեղեկացրեց, թե նախատեսվում է ապրիլի 30-ին Երեւանում ընկերական ֆուտբոլային հանդիպում անցկացնել Հայաստանի եւ Ռումինիայի ազգային հավաքականների միջեւ։ Նշվել էր նաեւ, որ ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում 24-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռումինիայում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ մեծացել է հատկապես իրենց հայրենակից Միխայ Ստոյկիցայի՝ մեր ընտրանու ղեկն ստանձնելուց հետո։ Տեղեկացվել էր նաեւ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Եվրո 2004»-ի ընտրական մրցաշարի՝ հունիսի 7-ին Լվովում Ուկրաինայի հավաքականի հետ կայանալիք պաշտոնական երկրորդ խաղից առաջ ռումինացիներին հրավիրել է Երեւան՝ ընկերական հանդիպման։ Դա, անկասկած, նախապատրաստական փուլում ուժերի կարեւոր փորձարկում կլիներ երկու հավաքականների համար էլ։ Սակայն ապրիլի 9-ին «uefa.com»-ը տպագրել է, թե Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիան խորվաթների հետ նախապես ծրագրած ընկերական խաղը ձախողվելուց հետո որոշել է հանդիպել Լիտվայի ընտրանու հետ։ ՌՖՖ-ի նախագահ Քրիստիան Բիվոլարուն, մասնավորապես, այդ առիթով հայտարարել է. «Մենք ընտրեցինք Լիտվան, որովհետեւ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումներում այդ թիմը հիանալի խաղ է ցուցադրել։ Կարեւոր է նաեւ այն, որ լիտվացիների խաղաոճը հիշեցնում է այն ֆուտբոլը, որ որակավորման մրցաշարում ցույց են տալիս խմբի մեր գլխավոր մրցակիցները՝ Նորվեգիան եւ Դանիան»։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական սայթից հայտնի է դառնում նաեւ, որ ապրիլի 30-ին ռումինացիների հետ ընկերական խաղ անցկացնել պլանավորած են եղել նաեւ մակեդոնացիները։ Այդ երկրի ֆուտբոլային միության մի ներկայացուցիչ տեղեկացրել է հետեւյալը. «Մենք Ռումինիայից ֆաքս էինք ստացել, որում առաջարկվում էր ապրիլի 30-ին ընկերական հանդիպում կազմակերպել մեր եւ նրանց ընտրանիների միջեւ։ Բայց երկու օր անց Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիան լրացուցիչ տեղեկացրեց, որ արդեն պայմանավորվել են լիտվացիների հետ»։ Այսպիսով, հավանական է, որ Հայաստանի եւ Ռումինիայի ազգային հավաքականների միջեւ երեւանյան ընկերական հանդիպումը չկայանա։ Ափսոս, եթե այդպես լինի։ Ռումինիան, որ ավանդաբար դասվում է Եվրոպայի ուժեղ ֆուտբոլային երկրների շարքին, Ուկրաինայի հետ անչափ պատասխանատու հանդիպումից առաջ հարմար մրցակից կլիներ մեզ համար։ Հուսանք, որ մեր ֆուտբոլի ֆեդերացիան կկարողանա մնացած կարճ ժամանակահատվածում գտնել մեկ այլ հավաքական ու պայմանավորվել։ Եթե «uefa. com»-ի հաղորդած տեղեկություններն իրականությանը համապատասխանում են, ըստ որի Մակեդոնիան, փաստորեն, Ռումինիայի համար պահեստային տարբերակ է, գուցե կարելի է փորձել բանակցել նրանց հետ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել