Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ՝ Բաղդադի համար

Ապրիլ 12,2003 00:00

Մարտ՝ Բաղդադի համար Սպասվում էր, որ պայքարը Իրաքի մայրաքաղաքի համար կլինի երկարատեւ ու արյունալի։ Սակայն այս չորեքշաբթի կոալիցիոն զորքերի հրամանատարությունը հայտարարեց, որ Բաղդադն արդեն գտնվում է իրենց վերահսկողության տակ։ Նախեւառաջ, ամերիկացիները, ինչպես միշտ, շտապում են հայտարարություններ անել։ Արդեն հինգշաբթի, ճշտված տվյալներով, կատաղի մարտերը շարունակվում էին քաղաքի հարավային մասում։ Եվ Ռուսական հեռուստատեսության թղթակից Անդրեյ Մեդվեդեւի վկայությամբ, դա ոչ թե առանձին խմբերի դիմադրություն էր, այլ կազմակերպված մարտական գործողություններ՝ իրաքյան հրետանու մասնակցությամբ։ Ամերիկյան տանկերին իսկապես հաջողվել է քաղաքի հյուսիսից ճեղքել պաշտպանությունը եւ մտնել քաղաքի կենտրոն։ Սակայն քաղաքի ծայրամասերը դեռ չէին վերահսկում կոալիցիոն զորքերը եւ հինգշաբթի այնտեղ դեռ շարունակվում էր դիմադրությունը Իրաքի զինվորականների փոքր եւ մեծ խմբերի կողմից։ Պարզ է, որ այդ դիմադրությունը վաղ թե ուշ կճնշվի, բայց դեռ շատ վաղ է խոսել ամերիկացիների կողմից Բաղդադի լիարժեք վերահսկողության մասին։ Քաղաքի կենտրոնում իրաքցիների զգալի զանգվածներ դիմավորում էին ամերիկացիներին ծաղիկներով՝ որպես ազատարարների։ Ինչին վերջիններս սպասում էին պատերազմի սկզբից։ Առաջին հայացքից այս իրավիճակը զարմանալի է թվում, եթե հաշվի առնենք իրաքցիների կատաղի դիմադրությունը պատերազմի սկզբում։ Սակայն բոլորին եւ Իրաքի զինվորականներին նույնպես, իհարկե, պարզ էր, որ իրենց 60.000-անոց բանակը՝ զինված սովետական հին տեխնիկայով, չի կարող երկար ժամանակ դիմակայել հարձակվողների 355000-անոց «մինչեւ ատամները զինված» ռազմական կոնտինգենտին։ Իրավիճակը հոգեբանորեն բեկվեց երեւի թե այն պահից, երբ Սադամ Հուսեյնը լքեց Իրաքի մայրաքաղաքը։ Իրավիճակը ճիշտ պատկերացնելու համար փորձենք հիշել սովետական ժամանակները. ժողովրդի զգալի մասը հավատում էր ղեկավարությանը, իսկ մտավորականությունը (որը սովորաբար կենտրոնացված է մայրաքաղաքներում եւ խոշոր քաղաքներում) միշտ քննադատաբար էր տրամադրված։ Պարզ է, որ բնակչության մեծ մասը լքել է Բաղդադը, իսկ մնացել է մեծ մասամբ Սադամին ընդդիմադիր զանգվածը, որը սպասում էր ամերիկյան զորքերի գալուստին։ Թվում է, որ պատերազմը դեռ հեռու է իր վերջնական ավարտից։ Հուսեյնը, եթե նա իսկապես ողջ եւ առողջ է, կփորձի լուրջ դիմադրություն կազմակերպել երկրի հյուսիսում եւ աջակցել պարտիզանական շարժման ընդլայնմանը։ Սակայն դա էլ իր ավարտը կունենա։ Այսօր արդեն քաղաքական գործիչների եւ քաղաքագետների մեծ մասը ավելի շատ քննարկում է Իրաքի ետպատերազմյան ապագան։ Բուշը պարզ հասկացնել տվեց, որ չի ուզում մեծ դեր վերապահել ՄԱԿ-ին եւ որ Իրաքը պատերազմից հետո ղեկավարելու է ամերիկյան վարչակազմը՝ գեներալ Գառների ղեկավարությամբ։ Ակնհայտ է, որ դա անհրաժեշտ է՝ իրաքյան նավթի պաշարներին տիրանալու համար։ Մինչդեռ երկրում ծավալվում է համաղետը՝ բնակչությանը չի հերիքում սնունդը եւ խմելու ջուրը, հազարավոր վիրավորներ զրկված են անհրաժեշտ դեղորայքներից, իսկ կոալիցիոն զորքերը խոչընդոտում են միջազգային հումանիտար կազմակերպություններին եւ այլ երկրներին՝ օգնություն ցուցաբերելու Իրաքի բնակչությանը։ Նույն հինգշաբթի օրը գնդակոծվեց Կարմիր խաչի մեքենան, որի հետեւանքով զոհվեց երկու մարդ։ Հիշենք նաեւ լրագրողներով բնակեցված հյուրանոցի եւ ռուս դիվանագետների շարասյան գնդակոծման մասին։ Ամերիկացիները փորձում են հերքել վերջին փաստը, սակայն վիրավոր վարորդի մարմնից բժիշկները հանեցին հենց ամերիկյան M-16 հրացանի երկու փամփուշտ։ Այս միջադեպը լրջորեն վատթարացրել է ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Համենայնդեպս, Մոսկվա ժամանած Բուշի օգնական Կանդարաիզա Ռայսը հանդիպում ունեցավ արտգործնախարար Իգոր Իվանովի հետ։ Իսկ Պուտինի եւ պաշտպանության նախարարի հետ նախատեսված հանդիպումները չկայացան։ Աստիճանաբար ԱՄՆ-ն հասնում է իր նպատակին։ Ամերիկյան մասնագետներն արդեն պատրաստվում են վերագործարկել իրաքյան նավթահորերը, իսկ միջազգային բորսաները արդեն սպասում են Իրաքից ներմուծված էժան նավթի հոսքին։ Սակայն պարզ չէ, թե ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան ինչպես են վերագործարկելու միջազգային հարաբերությունների իրավական հիմքերը, որոնք Իրաքի անիրավական պատերազմի հետեւանքով իսպառ փլուզված են։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել