ONE, TWO, THREE, FOUR, WE ARE PLAYING IN THE WAR Երբ մարտի 17-ին սկսվեց անգլո-ամերիկյան կոալիցիայի կողմից Իրաքի տարածքի ռմբակոծումը, ով ինչ գիտեր պատմեց պատերազմական արհավիրքների մասին: Ոմանք հիշեցին պատմության դասաժամերին փոքրիշատե սովորածը, մյուսները՝ սեւ-սպիտակ կինոն, ոմանց գթասրտությունը մթագնեց իրատեսությունը. «Թեկուզ մի զոհը չունի արդարացում», մյուսները քիչ էր մնում Իրաքի ժողովրդից միջնադարյան էպոսների դիմադրություն պահանջեին: Երեք շաբաթ անց բոլոր այս մարդիկ երեւի շանթահարվեցին զարմանքից՝ պատերազմը հիմնականում ավարտվեց: Ավարտվեց նույնքան դյուրին եւ թեթեւ, որքան սկսվել էր: Այլ կերպ չէր էլ լինի: Բոլոր այս մարդկանց առաջին հիմնարար մոլորությունը մտայնությունն է, թե պատերազմները հնարավոր է եւ պետք է կանխել: Դժբախտաբար կամ բարեբախտաբար՝ հազիվ թե: Եթե պետք է լինեն զինվորականներ, ուրեմն վաղ կամ ուշ կլինեն նաեւ պատերազմներ: Իսկ որպեսզի չլինեն զինվորականներ, հարկավոր է ոչ միայն կանանց էմանսիպացիա, այլեւ տղամարդկանց ֆեմինիզացիա, այն աստիճանի, որ, ասենք, փոքրիկ տղան ոչ թե դեպի խաղալիք ատրճանակը, տանկը կամ ինքնաթիռը նետվի, որպեսզի երեւակայական, թե իրական ինչ-որ մեկին հաղթի եւ իրեն ենթարկեցնի, այլ թուղթ ու մատիտով ծաղիկ նկարի կամ խորանարդիկներով տուն կառուցի: Բնազդների նման փոփոխություն երբ լինի /դեռ մի կողմ թողած, թե արժե՞ որ լինի/, այն ժամանակ էլ կավարտվեն պատերազմները: Գիտակցությունը իշխում է բնազդներին, բայց «Քանի դեռ կյանքը ծագում է, երջանկությունը բնազդների մեջ է»: Երկրորդ մոլորությունը պատերազմների բնույթի մասին ժամանակավրեպ պատկերացումներն են, ասենք, Առաջին կամ Երկրորդ համաշխարհայինների լուսանկար-ժապավեններով: Պատերազմները մասնագիտական զբաղմունքից վերածվեցին արտակարգ իրադարձությունների՝ զանգվածային ոչնչացման զենքերի պատճառով: Դրանք ռազմադաշտի էին վերածում ոչ թե երկրի սահմանները, այլ ողջ տարածքը՝ ակամա պատերազմի մեջ ներքաշելով նաեւ նրանց, ովքեր դա չեն ցանկանում: Քանի որ զինվորականները երբեք չեն կազմի հասարակության մեծամասնություն, նրանք կամ պետք է ենթարկվեին մեծամասնության կամքին եւ հրաժարվեին պատերազմներից, ինչը եւ անում էին արդեն մի քանի տասնամյակ, կամ ուղի գտնեին պատերազմելու՝ մնացյալ հասարակությանը առանձնակի անհանգստություն չպատճառելով: Այս ուղին ըստ էության գտնված է՝ ի դեմս օդուժի ճշգրիտ հարվածների, գերարդիական տեխնիկայի եւ մարտիկների բարձր պատրաստվածության: Այն գործադրվեց Հարավսլավիայում, Աֆղանստանում, Իրաքում եւ միանգամայն արդյունավետ՝ պատերազմը հետզհետե արհավիրքից վերածելով ինչ-որ թանկ հաճույքի: Երրորդ մոլորությունը՝ պատերազմների նպատակի թյուրընկալումը: Այն, ինչ նշանակում էր պատերազմը ժամանակների սկզբից մինչեւ 20-րդ դարի կեսերը, հակադրությունն է ներկա պատերազմների էության: Ժամանակների սկզբում պատերազմները մղվում էին թշնամուն ստրկացնելու համար, հետո՝ մինչեւ հակառակորդ երկրի կապիտուլյացիա, ի վերջո սկսեցին բավարարվել ինչ-որ տարածքների զավթումով: Սակայն տարածքի վրա իրավասություն տարածելը ինքնաբերաբար նշանակում էր հակամարտություն ժողովրդի հետ: Մինչդեռ, այժմ չեն պատերազմում ժողովրդի դեմ, չեն պատերազմում սահմաններ վերաձեւելու համար: Պետությունների եւ ժողովուրդների ինքնիշխանությունը, ինչպես կյանքի իրավունքը, շատ խորն է արմատավորված մարդկային գիտակցության մեջ՝ դրա դեմ ոտնձգություն կատարելու համար: Այլ հարց, որ դա չի նշանակում ձեւը չտարբերել բովանդակությունից, ռեժիմը՝ ժողովրդի իշխանությունից: Նման քաղաքական դալտոնիկները գուցե ստվարաթիվ են, բայց քաղաքականությունը /ու՜ր մնաց արդի միջազգային զարգացումները/ նրանց ընկալումների շրջանակում չէ: Իհարկե, Չինաստանն էլ Տիբեթին է ճնշում՝ եւ ոչ ոք կամայականության հետեւորդներին համերաշխություն հայտնելուց ավելի սատարել չի կարողանում: Սակայն դա չի նշանակում, թե մեկի ամենաթողությանն ի տես՝ պետք է ոգեւորվեն նաեւ մյուսները, սեփական ժողովուրդներին կապանքների մեջ դնելուց հետո անցնեն միջազգային հանրությանը սպառնալիքներ կարդալուն: Չորրորդ մոլորությունը մարդկանց, ովքեր Իրաքում երկարատեւ կամ ծանր պատերազմ էին սպասում, համոզմունքն էր, թե ԱՄՆ-ի դեմ դուրս կգա Իրաքի ժողովուրդը: Ի սեր Աստծո: Ցանկացած ժողովուրդ խորապես թքած ունի ռեժիմի վրա: Դա մոտավորապես նույնը կլիներ, թե բանտարկյալները ընդդիմանային իրենց բանտապետի հետ հաշվեհարդարին: Պարզ չէ, որ մեծ հաճույքով դեռ մի քանի հարված էլ իրենք կտեղացնեին, ինչը եւ տեղի ունեցավ Իրաքում: Ռեժիմները սնանկ եւ դատապարտված են ամենուր եւ միշտ, սկսած այն պահից, երբ դադարում են ժողովուրդ ներկայացնել: Իսկ ժողովրդի կողմից իշխանության չլիազորված ռեժիմը արտաքի՞ն հարվածից կտապալվի, թե՞ ներքին, արդեն հանգամանքների հարց է եւ հետեւանքների առումով գրեթե միեւնույնը: Վերջապես՝ «թող ժողովուրդը տապալի ռեժիմը» տեսակետի կողմնակիցների սոփեստությունը: Որեւէ մեկը կարո՞ղ է պնդել, թե Ստալինին տապալելը ցանկացած օտարերկրյա ուժի կողմից ծառայություն չէր լինի նախ խորհրդային ժողովրդին, ապա նաեւ ողջ մարդկությանը: Թե՞ Ստալինը պետք է միլիոնավոր մարդկանց՝ աուլի բնակչից մինչեւ Մեյերհոլդ եւ Մանդելշտամ, գուլագներում տանջամահ աներ: Ո՞ւր է արդարամտությունը: Կամ ի՞նչ է երեք հազար հոգու զոհվելը Սադամից ազատվելու դիմաց, երբ վերջինս հարյուր հազար մարդ է ոչնչացրել /թեկուզ քրդերի/ միայն քիմիական զենքով: Այնպես որ, փոքր-ինչ վերափոխելով անցյալ դարի Մեծ Բրիտանիայի վարչապետներից մեկի խոսքը՝ «Պատերազմները սկսվում են, երբ անհրաժեշտ է, ավարտվում են, երբ հնարավոր է», այժմ կարելի է ասել, դրանք վերահսկելի են այնքան, որ նաեւ ավարտվում են, երբ անհրաժեշտ է: Մնում են հետեւանքները: Կոնկրետ այս դեպքում եթե ամերիկացիները Իրաքի պետական-հասարակական կյանքին նույնքան կշռադատված մասնակցություն ցուցաբերեն, որքան Երկրորդ համաշխարհայինից հետո Ճապոնիայի կյանքին, խաղաղության եւ երկկողմ բարեկամության հեռանկար կուրվագծվի: Եթե ընդհակառակը Իրաքը վերածեն պլացդարմի Մերձավոր Արեւելքում իշխելու համար՝ ավարտված պատերազմը կունենա երկրորդ գործողություն՝ «Սեպտեմբեր 11»-ի ահաբեկչությունների տեսքով: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ