Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՍԸ SOS է ՀՆՉԵՑՆՈՒՄ

Ապրիլ 12,2003 00:00

ՍՈՍԸ SOS է ՀՆՉԵՑՆՈՒՄ Երեւանի պետական կրկեսը թաղված է պարտքերի մեջ։ «Նոր տարվա ներկայացումների՝ ռուսական թանկ ծրագրերի պատճառով ընկել ենք պարտքերի մեջ։ 2000 դոլար պարտք ենք Մոսկվայի դերասաններին, 1 մլն 200 հազար դրամ պետք է վճարենք էլեկտրաէներգիայի դիմաց։ Ընդհանուր առմամբ, մեր բոլոր պարտքերը միասին կազմում են 5 մլն դրամ»,- ասաց նորանշանակ տնօրեն Սոս Պետրոսյանը։ Նա պնդում է, որ դրանք ժառանգել է նախկին ղեկավարությունից։ Կրկեսի նախկին տնօրեն Հմայակ Խազխազյանի ազատման դիմումից հետո նման մի դիմում էլ ներկայացրել է նրա որդին (որին, ըստ մեր ունեցած տեղեկությունների, խոստացվել էր պետկրկեսի տնօրենի պաշտոնը), երբ անկատար է մնացել երազանք-ցանկությունը։ «Ես էլ եմ նման բան լսել»,- առանց փակագծերը բացելու լուրը հաստատեց նաեւ Սոս Պետրոսյանը, այնուհետեւ ավելացրեց, որ չնայած ամեն ինչին, ինքը «Հմայակ Խազխազյանին վերցրել է իր մոտ փոխտնօրեն»։ Սոս Պետրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ ինքը Խուրշուդյան եղբայրների խայտառակ պատմության հետ կապ չունի եւ այդ ամենը նախկին տնօրենի ու նրանց միջեւ կնքված համաձայնության արդյունք էր։ Վերջիններս Հ. Խազխազյանի համաձայնությամբ կրկեսում տարածք էին վարձակալել իրենց ներկայացման համար ու վաճառել սահմանվածից ավելի տոմսեր։ Արդյունքում էլ՝ խառնաշփոթը, որին մամուլը, բնականաբար, պիտի արձագանքեր։ Ըստ Սոս Պետրոսյանի, վարձակալության համար վճարված 500 հազար դրամով օրերս մարվել է էլեկտրաէներգիայի պարտքի մի մասը, քանի որ առաջիկայում ներկայացումներ են լինելու, իսկ կրկեսի շենքը հոսանքազրկված էր հունվարից։ «Ես հասկանում եմ, որ եկել եմ մի փլված շենք, որը տեսքի բերելու համար շատ միջոցներ պետք կգան։ Բայց ես չեմ ընկճվում, փորձելու եմ ամեն ինչ անել, որ կրկեսը վերականգնվի բոլոր առումներով։ Պատրաստ եմ գումար խնդրել գործարարներից, նույնիսկ ինչ-ինչ պայմանավորվածություններ ունեմ նաեւ կրկեսը կենդանիներով ապահովելու ուղղությամբ»,- ասում է նորանշանակ տնօրենը։ Նա ներկայումս համատեղում է գլխավոր ռեժիսորի եւ տնօրենի պարտականությունները եւ համոզված է, որ դրանք միմյանց չեն խանգարի։ Ֆինանսի մասին առայժմ քիչ է խոսում. «Որ շատ խոսեմ, կասեն՝ Սոսը միամիտ է։ Բայց ես գիտեմ կրկես փող բերելու բոլոր ձեւերը»։ Մայիսի 1-11-ը արդեն թարմացված ու հնարավորինս տեսքի բերված կրկեսում բազմաժանր ծրագրով հանդես կգան հայ արտիստները։ Այս ներկայացումներից եւս Սոս Պետրոսյանը լուրջ գումարներ է ակնկալում։ «Կապվել եմ տարբեր մարդկանց ու կազմակերպությունների հետ, որ ծրագիրը լինի հագեցած։ Բերվելու են կոկորդիլոսներ, վիշապներ, մողեսներ։ Կլինեն օդային մարմնամարզիկներ, ակրոբատներ, աճպարարներ, ծաղրածուներ»,- խոստանում է նա։ Իսկ մայիսմեկյան ներկայացումներից հետո պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ բանակցությունների, որպեսզի «Կրկեսը՝ սառույցի վրա» տեղափոխի Հայաստան»։ Հակառակ ստեղծված ավանդույթի, մտադիր է կրկեսը աշխատեցնել նաեւ ամռանը։ Իսկ սեպտեմբերին նախատեսված է անցկացնել աճպարարների միջազգային փառատոն։ Սոս Պետրոսյանը հավաստիացնում է, որ այդ առիթով արդեն եվրոպական երկրների 13 բարձրակարգ աճպարարներ տվել են իրենց համաձայնությունը։ Նա կարծում է, որ պետկրկեսի վարկանիշի վրա բացասաբար անդրադարձող այլ հանգամանքներ էլ կան. «Դիմելու եմ նախարարություն, որպեսզի կրկեսի մենաշնորհը տրվի միայն կրկեսին։ Թե չէ ով ինչ ուզում՝ ցուցադրում է։ Մեկ էլ լսում ես՝ Շամշադինում կամ Արտաշատում ինչ-որ մեկը մի օձ վզին փաթաթած, մի կապիկ ձեռքին՝ շրջում է այստեղ-այնտեղ ու «կրկես» ցուցադրում։ Ժողովուրդն էլ չի հասկանում՝ պետկրկեսի՞ մասին է խոսքը, թե՞ ինքնագործունեության»։ Մեր հանդիպման վերջում նա վստահեցրեց, որ հանուն հայ կրկեսի ավանդույթների վերականգնման, պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ Արա Աբրահամյանից գումար խնդրելու։ Սակայն երբեք չի համաձայնի, թեկուզ ճոխ արենդավճարի դեպքում դռները բացել անորակ ներկայացում տվողների առաջ. «Խուրշուդյանների նմաններին էլ այսուհետեւ կրկեսին թեկուզ 10 կիլոմետր մոտ չեմ թողնելու»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել