Սպասում են հարմար պահի «Ռազմագերիների փոխանակումները կայանում են միայն այն դեպքում, երբ ադրբեջանցի զինվորներն ինչ-ինչ պատճառներով փախչում են մեզ մոտ։ Մենք պահն օգտագործելով, իրենց փոխանակում ենք մեր հայ ռազմագերիների հետ»,- երեկ հայտարարեց պաշտպանության փոխնախարար Միքայել Գրիգորյանը։ Ապրիլի 11-ը Ռազմագերիների միջազգային օր է հայտարարված։ Երեկ Եռաբլուրում հավաքված անհայտ կորած ազատամարտիկների եւ ռազմագերիների ծնողներին իրավասուները մեկ անգամ եւս հավատացրին, որ ոչ մի օր չի դադարում «փնտրելու գործընթացը»։ Վերջիններս խոստովանեցին նաեւ, որ մինչ օրս ունեցած հաջողություններն էլ մեծ չեն եղել։ Անհայտ կորած ազատամարտիկ Վրեժ Գրիգորյանի մայրը՝ Սամարա Գրիգորյանը, պատմում է, որ ինքը դեռեւս երիտասարդ ժամանակ է ցանկացել զինվորական դառնալ, բայց հայրը թույլ չի տվել։ Ուստի իր հայրենասիրական ոգին սերմանել է զավակների մեջ. «Երեխաներիս հայրենասեր եմ դաստիարակել ու այդ հայրենասիրության արդյունքներն այսօր արցունքներով եմ հատուցում»։ Տիկին Սամարայի անհայտ կորած որդին արցախյան պատերազմ է մեկնել դեռեւս 17-ը չբոլորած։ 1992թ. ընդգրկվել է «Արաբո» ջոկատում, եւ մինչ օրս մայրը ոչ մի տեղեկություն չունի որդուց։ Միայն սեփական ուսումնասիրություններից Վրեժի ծնողները պարզել են, որ ջոկատի տղաները գերության մեջ են։ Անհայտ կորած Արշակ Սողոյանի մայրն էլ 1995-ից առայսօր պատերազմ մեկնած տղայից ոչ մի լուր չունի։ Միքայել Գրիգորյանն անդրադառնալով ռազմագերիների թվին եւ փոխանակման հարցերին, նշեց, որ ադրբեջանական կողմը ցանկություն չի հայտնում համատեղ աշխատելու։ Նրա խոսքերով, ադրբեջանական մամուլում մի քանի անգամ նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տարածքում իրենք ունեն 8000-ից ավելի ռազմագերի։ Սակայն հերքելով այս տվյալները, պարոն Գրիգորյանն ասաց, որ ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ ինքը ադրբեջանական կողմին առաջարկել է ցանկացած օր առանց զգուշացնելու այցելել եւ ստուգել՝ «համոզվելու համար, որ իրենց նշած թիվն իրականությանը չի համապատասխանում»։ Մ. Գրիգորյանի ներկայացմամբ, գերիների եւ անհայտ կորած ռազմագերիների հանձնաժողովը, որի նախագահի տեղակալն է ինքը, սերտ կապերի մեջ է գերմանական Կլաուզենի նմանատիպ հանձնաժողովի հետ։ Վերջիններս աշխատանքներ են տանում Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում, Ադրբեջանում։ Այդ հանձնաժողովում ընդգրկված են նշյալ հանրապետություններից ներկայացուցիչներ։ Նույն աղբյուրի հավաստմամբ, հայ անհայտ կորած ռազմագերիների թիվը մոտ 700 է։ Ռազմագերիների հարցերով զբաղվող իրավասուները նաեւ նշեցին, որ նույն խնդրանքով իրենք են դիմել Ադրբեջանին, որպեսզի ապահովեն իրենց այցը, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել։ Հավաքվածների խոսքերով, այս հարցին առնչվող միջազգային նորմը չի կարողանում անցնել այնպիսի պատնեշ, ինչպիսին հակառակորդի կամ հարեւանի անհամաձայնությունն է մեզ հետ։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ