ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Երեկ Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի դիմումի քննության ժամանակ նիստի առաջին մասն անցնում էր միապաղաղ։ Հարցեր էր տալիս դիմումատուի ներկայացուցիչը՝ փաստաբան Աշոտ Սարգսյանը ԿԸՀ-ի ներկայացուցիչ Տիգրան Մուկուչյանին։ Յուրահատուկ մարտավարություն էին որդեգրել կողմերը եւ հարցուպատասխանը ընթանում էր «եթե-ապա» ոգով, ոչ կոնկրետ օրինակների վրա։ Այդ իսկ պատճառով փորձեցի զրույցի բռնվել դատավարությանը հետեւող 2 կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանին ուղղեցինք հետեւյալ հարցը. – Ըստ ՍԴ մասին օրենքի հոդված 47-ի, «կողմերն իրավունք չունեն իրենց ելույթները օգտագործել քաղաքական հայտարարությունների համար։ Դատական նիստին հետեւում են քաղաքական գործիչներ, պատգամավորներ, որոնց իսկ ներկայությունը հուշում է այն մասին, որ խնդիրը ամենեւին էլ ապաքաղաքական չէ։ Ձեր տպավորությամբ, կողմերը կարողանո՞ւմ են հավասարապես օգտվել իրենց ապացույցները, փաստարկները ներկայացնելիս։ – Չեմ կարծում՝ որեւէ անակնկալ կա եւ կլինի։ Պարզ է, կողմերից մեկը քարոզչության նպատակ ունի, ձգձգում է, իսկ պատասխանող կողմը պատասխանում է առաջադրված հարցերին։ Իմ ներկայությունը պայմանավորված է նրանով, որ հետաքրքիր է, թե ինչ փաստեր կան, ինչով է ընդդիմությունը փորձում հիմնավորել իր փաստարկները։ Տեղի է ունենում օրենսգրքի վերաբերյալ տեսական վեճ, որը կարելի էր անել ցանկացած սենյակում։ Նույն հարցը ուղղեցինք ԱԺ պատգամավոր, կոմունիստ Խորեն Սարգսյանին։ Նա պատասխանեց այսպես. – Պետական պաշտոնները քաղաքական են։ Եթե քաղաքական պաշտոնի զատման հարց է գնում, ո՞ւմ պիտի դիմել։ Պետք է գան քաղաքական գործիչներ, որոնք պահանջ ունեն եւ ասելիք։ Դիմումատուի փաստարկները հիմնավորված են։ Այլ հարց է՝ նախագահությունը կհամարի՞ հիմնավորված, թե՞ ոչ։ Այստեղ գոյություն ունի մի մարդ, որն ազատելու եւ նշանակելու իրավունք ունի։ ՍԴ-ն բնավ անկախ մարմին չէ ՀՀ անօրեն երկրում։ Եթե այնպես լիներ, որ մենք ընտրեինք ՍԴ նախագահին եւ ընտրեինք ցմահ, այ, այստեղ կլիներ անկախությունը։ Ընթացքը կախված է նախագահի ռիսկից, թափից, պետության համար սրտացավությունից։ Գ. Իսագուլյանի կանխատեսումը, թե անակնկալներ չեն լինի, այս անգամ չիրականացավ։ Ընդհակառակը, անակնկալ բառը մեղմ է սկանդալի կողքին։ Սկանդալ թիվ 1. Դիմումատուին հետաքրքրեց, թե որքան քվեաթերթիկ է տպագրվել եւ բաժանվել 56 ընտրատարածքներում։ Պարզվեց՝ 2.419.338։ Մինչդեռ դիմումատուն վկայակոչեց արձանագրությունը, ըստ որի, թիվը եղել է 2.423.018։ Այստեղ պոռթկաց դիմումատուի ներկայացուցիչը, որի հարցին, ի դեպ, պատասխանող կողմը որեւէ հակափաստարկով չարձագանքեց. «4000 քվեաթերթիկ ո՞ւր ա, եթե չեք տպել՝ որտեղի՞ց»։ Սկանդալ թիվ 2. Փաստաբան Ա. Սարգսյանին հետաքրքրում էր, թե Արցախի բնակիչները իրավունք ունեցե՞լ են ընտրել եւ ընտրվելու եւ ինչո՞ւ, ինչպես արտերկրում է կազմավորվել ընտրական տեղամասեր, չի ձեւավորվել նույնը Ղարաբաղում։ ԿԸՀ-ի նախագահի տեղակալ, դաշնակցական Համլետ Աբրահամյանը պատասխանեց. «Մենք չունեինք հյուպատոսարան, ինչպես արտասահմանում»։ Նա հայտարարեց նաեւ, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս չէ: Դա զայրացրեց ԱԺ պատգամավոր, դատաքննությանը հետեւող դաշնակցական Կիմ Բալայանին, որը լքեց նիստերի դահլիճը, բղավելով. «Չի կարելի, գրանցման հարց չի եղել»։ Ռ. Քոչարյանի գրանցման խնդիրը վերաբերում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում «Աղասի Արշակյան եւ մյուսներ» հայցադիմումի պատասխանին։ Դատարանը վճռել էր անվավեր ճանաչել նրանց հայցը: Հայցվորները դիմել էին դատարան, ճշտելու, թե Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ հիմքերով է առաջադրվել նախագահի թեկնածու, վերջին 10 տարում ապրե՞լ է Հայաստանի Հանրապետությունում։ Սկանդալ թիվ 3. ԿԸՀ նույն այս ներկայացուցիչը հայտարարեց, որ 1996-ից սկսած քվեաթերթիկները կնքելու նույն կնիքներն են օգտագործվել եւ «ոչ ոք չի կարող ասել, թե այդ կնիքներից չկան դրսում»։ Սկանդալ թիվ 4. Գեւորգ Ներսիսյանը, երբ դիմումատուն վկայակոչեց 20.02.03թ. ժամը 17.45-ին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված ԿԸՀ նախագահ Ա. Սահրադյանի խոսքը. «Ափսոսանք եմ հայտնում, որ իմ կողմից ներկայացվող տվյալները չեն համապատասխանում ժողովրդի ցանկություններին։ Մենք գնում ենք 2-րդ փուլ։ Ես տեղյակ եմ պահել հանրապետության ղեկավարությանը»։ ԿԸՀ ներկայացուցիչ Գեւորգ Ներսիսյանը գնահատեց, որ ասվածը Ա. Սահրադյանի կարծիքն է, ինչին հետեւեց դիմումատուի մեկ այլ ներկայացուցչի՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի թռուցկախոսքը. «ԿԸՀ նախագահի ասածը ԿԸՀ-ի խոսքն է։ Ոնց որ ԱԺ նախագահը, հեռու իրենից, ԱԺ-ն է ներկայացնում»։ Տեղեկացնենք նաեւ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ, ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը, կողմերի միջորդությունների հետ կապված, հայտնեց, որ մերժվել են Վիճակագրության վարչության պետի եւ Փախստականների ու միգրացիայի վարչության պետի՝ իբրեւ վկա հարցաքննելու միջնորդությունները։ Ինչ վերաբերում է դիմումատուի վստահված անձ Մամիկոն Մնեյանի ստորագրությունների իսկության կապակցությամբ նրան իբրեւ վկա հրավիրելուն, ապա այն ուղարկվել է գլխավոր դատախազություն՝ փորձաքննության եւ կգնահատվի ընդհանուր նյութերի մեջ։ Գլխավոր դատախազությունից կնիքների եւ ծրարների հետ կապված լրացուցիչ տեղեկանք պահանջվեց դատախազությունից։ Ալվինա Գյուլումյանը զգուշացրեց դիմումատուին, որ կրկնվող հարցերը կմիջնորդի, որ հանվեն, ինչի կապակցությամբ Վիկտոր Դալլաքյանը գնահատական տվեց՝ «թշնամական է»։ ՍԴ նախագահը անհիմն եւ անընդունելի համարեց նման գնահատականը։ Մի քանի անգամ էլ կողմերին հիշեցրեց, որ ՍԴ իրավասությունը չվերցնեն իրենց վրա։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ