Լրահոս
Օրվա լրահոսը

Գրբացություն՝ ժանտախտից հետո

Ապրիլ 12,2003 00:00

Գրբացություն՝ ժանտախտից հետո Նախագահական ընտրություններից ամիսներ առաջ Քոչարյանը հայտարարեց, թե առաջիկա ընտրություններն իր համար ճակատագրական են լինելու։ Անշուշտ, այնքան էլ հեշտ չէ կռահել, թե «ճակատագրական» ասելով ինչ նկատի ուներ իրեն երկրորդ անգամ նախագահ ինքնահռչակած մեկը, մանավանդ հաշվի առնելով արտահայտությունների նկատմամբ նրա հատուկ վերաբերմունքը եւ որի յուրաքանչյուր բառն անցնում է բարբառից (մայրենի լեզու) ռուսերենի (կողմնորոշման լեզու), սրանից «մաքուր» հայերենի (հարկադրական լեզու) եռաստիճան թարգմանության փշե ճանապարհը։ Այս հարթության մեջ պակաս կարեւոր չէ այլեւս գործող նախագահի այն միտքը, որ իր կենսագրությունն ինքն է ստեղծել եւ դրա համար ոչ մեկին պարտական չէ։ Ինչ խոսք, սեփական կենսագրության Հեփեստոսն առանձնակի սնահավատություն չպետք է ունենար ճակատագրի հանդեպ, ուստի կարողացավ հաջողությամբ շրջանցել ճակատագրի անակնկալը, այսուհետ դառնալով ոչ թե անհատ, որ կերտում է սեփական ճակատագիրը, այլ, քաղաքագետ ընկերոջս արտահայտությամբ՝ ռեժիմ, որ կանխորոշելու է մեր ճակատագիրը։ Նույն ճակատագրի հեգնանքով կամ հեգնանքը խորհրդանշող հանգամանքով Քոչարյանը ստանձնեց նախագահի իր պարտականությունները հենց այն օրը, երբ ամերիկա-բրիտանական դաշնակցային ուժերը գրավեցին Բաղդադը՝ վերջ դնելով տարածաշրջանային բռնապետական ռեժիմներից մեկի գոյությանը, կարծես ակամա հաստատելով նյութի պահպանության օրենքը, ըստ որի բնության մեջ ոչինչ անհետ չի կորչում ու եթե մի տեղ պակասում է, այլուրեք ավելանում է։ Ընտրությունների ճակատագրական լինելու մասին Քոչարյանի սեթեւեթ հայտարարությանը երկրորդեց Արամ Սարգսյանի անսեթեւեթ արտահայտությունը, թե դրանք ոչ պակաս ճակատագրական են լինելու նաեւ իր համար։ Ըստ ամենայնի, Արամ Սարգսյանը նախագահական այս ընտրություններում հայ քաղաքական կյանքի ամենամեծ հայտնությունն էր, մարդ, որի կենսագրությունն ասես ինքնակերտման փորձությունից հեռու էր գոնե այնքան ժամանակ, քանի դեռ ողբերգականորեն կյանքից հեռացած Վազգեն Սարգսյանի պատմուճանն էր կրում եւ այդ պատճառով ետին պլան էին մղված նրա անհատական հատկանիշները։ Պլատոնը ճակատագիրը բացատրում էր «նախորդ կյանքի սովորույթներով», որոնց համար վճարում են։ Վազգենը, վերջին հաշվով, դարձավ այն ռեժիմի զոհը, որի ստեղծման անմիջական եւ կարեւոր դերակատարներից էր։ Պաշտոնի թելադրած բնական շիտակությամբ նա համոզված էր, որ ըղձալի պետություն է ստեղծում, բայց պարզվեց, որ պետություն ստեղծելու պարագայում դեռ հարկավոր է հաղթահարել ռեժիմը, եւ ուշացած գիտակցությունը, թե պետության ճակատագիրը չի կարելի նույնացնել սեփական վարքի ռեժիմին, անտեսեց հենց այն ժամանակ, երբ ռեժիմը զոհ էր պահանջում։ Իսկ դրա համար վճարում են ամենաուժեղները, մանավանդ նրանք, ումից ավելի շատ բան է կախված։ Այդպես է միշտ, երբ կարգը պահանջում է, որպեսզի նա, ով ամենքից պատրաստ է վճարել կյանքով, մտքով ամբողջ կյանքում պատրաստվում է դրան։ Ոչ թե պետություն, այլ ազգային պետություն ստեղծելու գաղափարախոսությունը, որի ջատագովներից էր Վազգեն Սարգսյանը, անհատին անհրաժեշտաբար հարկադրում է ապրել ազգային դիցարանի օրենքներով ու ռիթմով, որտեղ կարեւորագույն գործառույթ ունի «քավության նոխազի» առասպելաբանությունը եւ այլընտրանք չի թողնում։ Եվ իսկապես, ետհոկտեմբերքսանյոթյա քաղաքական իրողությունները փաստում են, որ ազգայինն ազգից բարձր դասող կուսակցությունները՝ ի դեմս Հայ հեղափոխական դաշնակցության եւ Հայաստանի հանրապետականների, բաքոսական վերելքի մեջ են, որովհետեւ առանց էական զոհաբերությունների՝ ուրիշների միջոցով իրագործելի տեսան իրենց ազգային տեսլականը՝ ոչինչ չվճարելով։ Այսինքն՝ ճիշտ ըստ Տիգրան Հայրապետյանի բնութագրած ռենեգատության- ուրացողության հաշվին։ Նախագահական այս ընտրությունները ճակատագրական եղան նաեւ Արտաշես Գեղամյանի համար։ Արդեն կասկածից վեր է, որ դրանք նրա կարիերայի գագաթնակետն էին, որից հետո միայն անկում է սպասում։ Ինչպես նման դեպքերում ասում են օկուլտիստները, հերթական մետամորֆոզներից հետո նա վերջնականապես կորցրեց դեմքը՝ ժառանգություն թողնելով մի ծրագիր, որ հավանաբար պետք կգա ետիրաքյան ճգնաժամը հաղթահարելու գործում։ Իր համար նախագահական ընտրությունների ճակատագրականության մասին բառ իսկ չարտասանեց Ստեփան Դեմիրճյանը։ Հավանաբար, ճակատագիր չպետք է որոնել այնտեղ, երբ նախագահական երկու հերթագայող ընտրություններում ընտանիքի երկու անդամ հաղթում են միեւնույն հակառակորդին եւ երկու անգամ էլ հակառակորդին է հաջողվում հռչակվել նախագահ։ Պետք է կարծել, որ հայր եւ որդի Դեմիրճյանների «պարտությունը» պայմանավորված է ավելի մեծ օրենքով, համաձայն որի անկախ պետության համար որոշիչ դեր խաղացած Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է կարեւոր խաղաքարտ լինել՝ մինչեւ լուծում ստանալը եւ միայն դրանից հետո է հնարավոր դառնալու նոր ուժերի հաղթանակը, որով կհաղթահարվի ազգային կարմայի սանսարայի օղակը։ Մնում է միայն, որ Ստեփան Դեմիրճյանը կարողանա պահպանել համաժողովրդական համբավի պաշարը եւ չընդօրինակի Վազգեն Մանուկյանի՝ «հաղթած նախագահ» դափնեպսակի սինդրոմը, մանավանդ իրաքյան պատերազմում Սադամի պարտությունը նախանշան է լինելու, որ եկել է ինքնաստեղծ ռեժիմների վախճանը։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել