Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԹՈՒՐՍ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՂԱՐԱԲԱՂՆ ԱՆԿԱԽ ՏԵՍՆԵԼ»

Ապրիլ 12,2003 00:00

«ԱՐԹՈՒՐՍ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՂԱՐԱԲԱՂՆ ԱՆԿԱԽ ՏԵՍՆԵԼ» Երբ Արթուր Մկրտչյանի մորը այցելեցի Էդիլլուում, տիկին Լյուսյան հարցրեց. «Դաշնակները ի՞նչ են մտածում, տարուց ավել է անցել, Արթուրի քարը չկա»: Ստեփանակերտում այս հարցին ի պատասխան Գեորգի Պետրոսյանն ասաց. «ԼՂՀ կառավարությունն է զբաղվում դրանով, շուտով հուշարձանը կդրվի»: Հադրութ գնալու պատճառներից մեկն այն էր նաեւ, որ ուզում էի Արթուր Մկրտչյանի ծննդավայրը տեսնել՝ Էդիլլուն, իր տանը լինել… Արթուրենց տան դուռը փակ էր: Տիկին Լյուսյային գյուղի հիվանդանոցում գտա, միասին տուն գնացինք: Ինչպես ընդունված է Ղարաբաղում, տանտիրուհին իսկույն սեղան է գցում: Զրուցում ենք: Տիկին Լյուսյան մենակ է ապրում, երեխաները այլ տեղերում են բնակվում, ամուսինը՝ Ասլանը, ժամանակավորապես Էջմիածնում է ապրում, հարսը՝ Գոհարը, երեխաների հետ հորական տանը՝ Սարդարապատում: Լսում եմ Արթուրի մորը: – Տղաս հենց սկզբից Շարժման մեջ էր, երազում էր Ղարաբաղը անկախ տեսնել, բայց դեմ էր «միացումին», ասում էր. «Մեզ սկզբից անջատվել է պետք»: Արկադի Վոլսկին էլ էր այդ տեսակետին: Վոլսկու նկատմամբ համակրանք ուներ Արթուրս: Ինտերնացիոնալիստ էր՝ սիրում էր բոլոր ազգերին, բայց միշտ ասում էր, որ մենք, որպես փոքրաթիվ ազգ, չպիտի տարրալուծվենք եւ մոռանանք մեր ազգային պատկանելությունը: Զայրանում էր, երբ ղարաբաղցիներն իրենց զավակներին ռուսական դպրոց էին տալիս եւ չէր ընդունում ոչ մի պատճառաբանություն: Արթուրս ուզում էր հայի վերածնունդը, ինքնահաստատումը տեսնել։ Լռում ենք: Որքան էլ ծանր է, բայց մեր զրույցն ի վերջո այն ողբերգական օրվան է հասնում, որը Արթուրի համար վերջինը եղավ: – Ուժեղ էր որդիս, բայց թշնամիներն ավելի ուժեղ գտնվեցին: Արթուրս չորս անգամ Ղարաբաղի Գերագույն խորհրդի պատգամավոր էր առաջադրվել: Ժողովուրդն էր նրան առաջադրել, սիրում էին որդուս, բայց թույլ չտվեցին, որ նա ընտրվեր՝ Հադրութում նրա թշնամիները չէին ուզում։ Չորրորդ անգամ միայն ընտրվեց: Գերագույն խորհրդի նախագահ դարձավ հունվարի 8-ին: Չէինք ուրախացել, որովհետեւ իմ Արթուրի գլուխը գնահատված է եղել ադրբեջանցիների կողմից: 56 տարի աշխատել եմ հիվանդանոցում ադրբեջանցիների հետ, քանի՜ կյանք եմ փրկել: Մենք վատ չէինք իրար հետ ու այդ շարժումը սկսեցինք, որ ոչ թե թշնամանանք իրար նկատմամբ, այլ եղբայրաբար, քույրաբար ապրենք իրար հարեւանությամբ։ Արթուրի միակ նպատակը խաղաղ ճանապարհով Ղարաբաղի անկախությանն հասնելն էր: Որդիս խաղաղություն էր ուզում, խաղաղություն, ուրիշ ոչինչ: Ղարաբաղը շատ ծանր դրության մեջ էր, որդուս սիրտը չէր դիմանում այս կոտորածին, այս ավերին: Նա վերցրեց Շուշին՝ վերցնել տվեց, Լաչինի ճանապարհը բացեց։ Մի օր կանչեց բանկի դիրեկտորներին, ասաց. «Չորրորդ ամիսն է ժողովուրդը աշխատավարձ չի ստացել, ի՞նչ եք մտածում»: Նա ուժ ուներ, բայց թշնամու ձեռքը ավելի ուժեղ էր, թշնամիներ, նախանձողներ շատ ուներ երեխաս։ Անշուշտ, մտերիմ ընկերներ էլ շատ ուներ՝ Աղաբեկյան Արթուրը (Հադրութի պաշտպանական շրջանի հրամանատար), դե, գիտես՝ Մանվելը (Մանվել Սարգսյան՝ ԼՂՀ ներկայացուցիչը Հայաստանում), էստեղի Մանվելը (Էդիլլուի ձորակի հրամանատար): Ապրիլի 3-ին «Նիվայով» եկել էր Հադրութ, կնոջ՝ Գոհարի հետ, էնտեղից էլ էստեղ եկան: Հախուլլու գյուղում ադրբեջանցիները էնքան կրակեցին, որ մեր գյուղացիք դուրս եկան տներից՝ տեսնելու, թե մեքենայում ով է: Երեխեքս տուն հասան, ուրախությունից չգիտեի ինչ անեի՝ ընտրվելուց հետո տղաս առաջին անգամ էր տուն եկել: Երանի թե կրակոցներից երկուսն էլ վիրավորված լինեին, հիմա երեխաս ողջ կմնար: Արթուրս մի քանի րոպե հետո ասաց. «Գնամ շտաբ ու գամ»: Քիչ հետո եկավ, Գոհարին վերցրեց ու գնաց։ Էլ տղայիս չտեսա: Ապրիլի 15-ին, երեկոյան ժամը 6-ին մի աղջիկ եկավ մեր տուն, Ասլանին կանչեց, ասաց. «Շատ չանհանգստանաք, հարձակում է եղել Արթուրի վրա, թեթեւ վիրավորվել է»: Գնացինք Ստեփանակերտ։ Չթողեցին երեխուս երեսը տեսնեմ՝ վիրահատում էին։ Եվ այդպես կորցրի իմ Արթուրին։ Փորձում եմ խախտել ծանր լռությունը: Գոհարից ու երեխաներից եմ խոսում: Ծանոթ եմ նրանց. ձմռանը մեր տուն էին եկել: Արթուրի հորը՝ քեռի Ասլանին հունվարին հանդիպեցի Էջմիածնում։ Հետո Արթուրի կուսակցական պատկանելությանը անդրադարձանք: – Ոչ, տղաս կուսակցական չէր ուզում դառնալ: Նույնիսկ մի անգամ Ստեփանակերտում միտինգի ժամանակ ասաց, որ ոչ մի կուսակցության անդամ չէ։ Վերջում միայն դաշնակցական դարձավ։ Տիկին Լյուսյայի հետ դուրս ենք գալիս այգի: Հսկայական ընկուզենիներն ու թզենիները, նռնենիները կքած էին առատ բերքի տակ: ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ «Հայք», 8 սեպտեմբերի 1993թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել