ԱԺ-ն ֆուտբոլի դաշտ չի՞ Երեկ ԱԺ-ում տապալվեց «Քրեական օրենսգրքի» ընդունումը, փոխարենը, որքան էլ զավեշտական է, ընդունվեց «Քրեական օրենսգիրքը» գործողության մեջ դնելու մասին» օրինագիծը: ՀՀ ոստիկանապետի խորհրդական Միքայել Գրիգորյանն այս առիթով հրաժարվեց մեկնաբանություններ տալ՝ նյարդայնացած հայտարարելով. «Չե՛մ պատասխանում: Գնացեք իրենց /պատգամավորներին- Լ.Ս./ հարցրեք, երրորդ գումարումն է՝ չեն կարողանում մի հատ օրենք ընդունել: Իմ կարծիքով, շատ լավ օրինագիծ է»: Օրինագծի տապալման հիմնական հերոսը ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն էր, որի կեցվածքը «Միասնության» ղեկավար Գալուստ Սահակյանը բնութագրեց որպես կեղծ պոպուլիզմ: Վ. Դալլաքյանը նույնպես «Քրեական օրենսգրքի» նախագծի հեղինակներից էր եւ նախքան քվեարկությունը հայտարարեց, որ օրինագծի տակ դրված իր ստորագրությունը ետ է վերցնում՝ պատճառաբանությամբ, թե այն երաշխիքներ է տալիս ոճրագործ Նաիրի Հունանյանին: Ըստ Վ. Դալլաքյանի, եթե «Քրեական օրենսգրքից» հանվում է մահապատժի կիրառումը, ապա այն «Գործողության մեջ դնելու մասին» օրենքում բացառություններով ընդունելն «անիմաստ» է: «Դա կեղծ պոպուլիզմի արդյունք է, ոչ իրական: Համենայնդեպս, նախընտրական շրջան է՝ պոպուլիզմը խանգարեց, բայց դա չի նշանակում, որ մենք նորից լռելու ենք»,- ասաց Գ. Սահակյանը՝ վստահեցնելով, որ իրենք այն դարձյալ կդնեն շրջանառության մեջ: Իսկ եթե դա չհաջողվի այս գումարման ԱԺ-ին, ապա, նրա հավաստմամբ, դա «կանի նոր խորհրդարանը, խորհրդարանում չլինենք՝ դրսում կանենք»: Բնականաբար, փորձեցինք պարզել, թե ինչպես է Գ. Սահակյանը պատրաստվում «դրսում» օրենք ընդունել, եւ նա տեղեկացրեց, որ իրենք «դրսից» նպաստելու են իրենց խնդիրների լուծմանը: Այնուամենայնիվ, «Միասնության» ղեկավարից հետաքրքրվեցինք՝ եթե «Քրեական օրենսգրքից» բացակայում է մահապատժի կիրառման մասին դրույթը, արդյո՞ք դա չի նշանակում երաշխիքներ «27»-ի ոճրագործներին: Այս դիտարկմանն ի պատասխան, Գ. Սահակյանն ասաց. «Մենք այդպես չենք կարծում: Նախ պետք է մտածել, որ մենք ինտեգրվում ենք աշխարհին եւ երկու տեսքով հանդես չենք գալիս»: Գ. Սահակյանի կարծիքով, իրենք ընդվզելով ԵԽ պահանջների դեմ՝ օրենքում փոփոխություններ են կատարել, ինչը հնարավորություն է ստեղծում «27»-ի ոճրագործների նկատմամբ իրականացնել մահապատիժ: Ըստ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի, այժմ, երբ մահապատիժը կրկին չվերացվեց, ԵԽ-ն կարող է հետեւություններ անել, իսկ թե դրանք ինչպիսին կլինեն, ԱԺ փոխնախագահը դժվարացավ նշել. «Ես չեմ ուզում գուշակել կամ իրենց փոխարեն որոշել: Մահապատժի հետ կապված հարցը չափազանց սկզբունքային է ԵԽ172ի համար սա այն մի քանի սկզբունքներից է, որի վերաբերյալ որեւէ վերապահում իրենք չեն ընդունում»,- ասաց նա՝ հավելելով, թե արդեն սպառվել են բոլոր ժամկետները, ինչից կուսակցություններն ու ԱԺ-ն պետք է հետեւություն անի եւ վճռի՝ ինչն է իր համար կարեւոր՝ մահապատժի վերացո՞ւմը, թե՞ ԵԽ172ի հետ համագործակցությունը: «Սա լուրջ հարց է, եւ կարծում եմ՝ նորընտիր ԱԺ-ն հենց այդպես էլ կվերաբերվի»,- կարծիք հայտնեց նա: Տ. Թորոսյանը նախագծի տապալման համար մեղադրում է ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին. «Նիստը նախագահողը պետք է հաշվի առներ, որ անհրաժեշտ թվով պատգամավորներ չկան, եւ չվտանգեր օրինագծերի քվեարկությունը: Դա տեղի չունեցավ, որովհետեւ նախագահել չի նշանակում մեխանիկորեն ասելով՝ անցնել եւ դնել քվեարկության՝ առանց որեւէ բան հաշվի առնելու: Նախագահողը պետք է ապահովի այնպիսի ընթացք, որն առավել արդյունավետ կլինի ԱԺ172ի համար»: Մինչ օրս ԱԺ մեծամասնությանը հաջողվում էր անցկացնել այն օրինագծերը, որոնք, իրենց իսկ համոզմամբ, անհրաժեշտ էին: Արդյոք նման կարեւորագույն օրինագծերի տապալումը կարելի՞ է դիտարկել որպես ԱԺ մեծամասնության տապալում: Այս հարցին ի պատասխան, Տ. Թորոսյանն ասաց. «ԱԺ-ն ֆուտբոլի դաշտ չի, որտեղ պարտվում կամ հաղթում են: Այստեղ օրենքներ են ընդունվում»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ