Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՆԱՆԵԽԻ ՀԱՏԻԿԻ ՉԱՓ ՀԱՎԱՏ»

Ապրիլ 12,2003 00:00

«ՄԱՆԱՆԵԽԻ ՀԱՏԻԿԻ ՉԱՓ ՀԱՎԱՏ» Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ – Ի՞նչ սպասելիքներ ունեք Սահմանադրական դատարանից։ – Խորին հարգանք ունեմ ՍԴ անդամների եւ, առավել եւս՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հանդեպ, որին ճանաչում եմ վաղուց։ Կարծում եմ եւ շատ եմ ուզում, որ ՍԴ-ն ժողովրդանպաստ որոշում կայացնի, դրանով մենք կապացուցենք, որ մեր երկրում կա մի մարմին, որը չի ղեկավարվում, որն ինքնուրույն է։ Ուզում եմ հավատալ, հավատում եմ, որ ՍԴ-ն մեր հարցին դրական լուծում կտա։ – Կարծես թե չափազանց լավատես եք, որովհետեւ վերջին երկու ամսում ընդդիմության հայտարարած սահմանադրական ճանապարհով պայքարը որեւէ արդյունք չի տալիս։ Իսկ եթե ՍԴ-ն չի կայացնում ձեր սպասած վճիռը, ձեր հետագա քայլերը որո՞նք են լինելու։ – Նախ՝ որեւէ մեկը չի կարող ասել, թե ՍԴ-ն չի բավարարելու մեր դիմումը, որովհետեւ սկսածդ գործին պիտի հավատաս։ Մենք քրիստոնյա ենք, եւ հիմնական մեխը, որ քրիստոնեության մեջ դրված է, դա մանանեխի հատիկի չափ հավատ ունենալն է։ Ես ունեմ այդ հավատը եւ, կարծում եմ, ՍԴ-ն մեզ համար դրական որոշում կկայացնի։ – Ըստ որոշ գնահատականների, «Արդարություն» դաշինքը շարունակում է հանրահավաքներն ու երթերը՝ որպես խորհրդարանական ընտրությունների քարոզարշավ։ Ի վերջո, հստակեցնենք՝ գնալո՞ւ է դաշինքը խորհրդարանական ընտրությունների, թե՞ ոչ։ – Համաձայն չեմ այդ գնահատականների հետ։ Այսօրվա դրությամբ, «Արդարություն» դաշինքն ավելի հակված է մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ – Քանի՞ տոկոսի ակնկալիք ունեք ապագա խորհրդարանում, ոմանք ձեր դաշինքից վստահություն են հայտնում, թե քվեների մեծամասնությունն եք հավաքելու։ Բայց եթե իրոք այդպես լինի, ապա ո՞ւր են մնալու ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն եւ մյուսները։ – Ես չէի ուզենա, որ քաղաքական ներկապնակից դուրս մնային թեկուզ իշխանական որոշ կուսակցություններ։ Շատ կուզեի, որ ընտրությունները լինեին արդար։ Անձամբ իմ հիմնական նպատակը պիտի լինի (եթե մասնակցենք խորհրդարանական ընտրություններին) հնարավորինս ապահովել ընտրությունների արդարությունը, որովհետեւ արդեն նույնիսկ իշխանության թեւի քաղաքական ուժերի կարծիքով էլ եւս մեկ անարդար ընտրությունը Հայաստանը կկանգնեցնի լուրջ վտանգի առաջ։ Կարծում եմ, սա հասկանում են նաեւ իշխանավորները, եւ իրեն նախագահ հռչակած մարդը եւս հասկանում է, որ իր միակ փրկությունն այս իրավիճակից՝ խորհրդարանական ընտրությունները հնարավորինս արդար անցկացնելն է։ Չէի ուզենա, որ խորհրդարանական ընտրություններն անցնեին առճակատումներով։ – Անշուշտ, չեք սպասում, թե մեծամասնություն կստանաք խորհրդարանում: Դա կլինի նախագահի համար ոչ ձեռնտու, եւ նա ամեն կերպ կխոչընդոտի, որ այդպես չլինի, հակառակ դեպքում՝ ինքն իր ձեռքով կդատապարտի իրեն պաշտոնանկության գործընթացի վտանգին։ – Եթե «Արդարություն» դաշինքը որոշի, որ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին եւ ամբողջ ուժով մտնի ընտրարշավի մեջ (իսկ ես ասացի, որ եթե ինչ-որ բանի մեջ մտնում եմ, մտնում եմ հավատով), ամեն ինչ անելու է, որպեսզի մեծամասնություն դառնա։ Կարծում եմ, որ արդար ընտրությունների պարագայում հնարավոր է մեծամասնություն դառնալ։ Խորհուրդ կտայի իշխանություններին ոչ թե ցուցակներ կազմել, այլ՝ ընտրությունները հնարավորինս արդար կազմակերպել։ Այդ առումով քաղաքական կուսակցությունները, անկախ նրանից՝ իշխանական են, թե ընդդիմադիր, որոշակի տարածքներում իրենք պիտի փոխհամաձայնության գան։ Կան մարդիկ, որոնք ԱԺ-ում ուղղակի չներկայացված լինելու իրավունք չունեն։ Այդ մարդկանց թիվը գուցե չի անցնում մեկ տասնյակից, բայց, կարծում եմ, Հայաստանի ԱԺ-ն կորուստ կունենա, եթե այդ մարդիկ չլինեն ԱԺ-ում։ – Դուք նկատի ունեք «Արդարություն» դաշինքի՞ անդամներին։ – Իհարկե, նկատի չունեմ մեր դաշինքը, նկատի ունեմ հակառակ ճամբարը։ – Պրն Սարգսյան, ըստ որոշ կարծիքների, Ստեփան Դեմիրճյանը մեկնել է Մոսկվա՝ խորհրդարանական ընտրությունների հետ կապված ինչ-ինչ հարցեր լուծելու համար։ Դուք տեղեկություն ունե՞ք։ – Ստեփան Դեմիրճյանը Մոսկվա է մեկնել զուտ նեղ անձնական խնդիրներով։ Միանշանակ ասում եմ, որ Ստ. Դեմիրճյանը Մոսկվայում որեւէ քաղաքական խնդիր չի լուծելու։ – Նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն օրերս հայտարարեց, թե որպեսզի կողմերը հանգիստ լինեն, պետք է լինի երկխոսության հնարավորություն եւ, որ ինքը գտնվելով իշխանական ճամբարում, հակառակ կողմից չի տեսնում երկխոսության ոչ մի նախանշան։ – Շատ ուրախ եմ, որ Ա. Թումանյանի եւ իմ տեսակետները համընկնում են, որովհետեւ նման տեսակետ ես հայտնել եմ դեռ նախագահական ընտրություններից վեց ամիս առաջ։ Իսկապես, նորմալ երկրներում իշխանություններն ու ընդդիմությունն առողջ երկխոսության մեջ են լինում, իսկ մեր երկրում՝ առճակատման, եւ այդ առճակատումը ստեղծեց բարիկադներ, փոխադարձ անհանդուրժողականություն, փոխադարձ ժխտում, որն ինչ-որ կերպ անդրադառնալու է մեր ժողովրդի քաղաքական մտածելակերպի, տրամադրության եւ հոգեբանության վրա։ – Ո՞ւմ մեղքով առաջացավ առճակատումը՝ իշխանությունների՞, թե՞ ընդդիմության։ – Ես՝ որպես ընդդիմադիր, պիտի ասեմ, որ առաջինը սկսեցին իշխանությունները, սկսեցին ուժային մեթոդներով։ Բայց ցանկացած վեճում հնարավոր չէ, որ մեղավորը մեկ կողմը լինի, հավանաբար, ընդդիմությունն էլ իր մեղքն ունի, նկատի ունեմ կոնկրետ ինձ, չեմ կարող մյուսների մասին նման տեսակետ ասել։ Արդյունքում լուրջ քաղաքական պատերազմ տեղի ունեցավ, տեղի չունեցան ընտրություններ, արդյունքում տուժեց երկիրը, աշխարհը չընդունեց մեր ընտրությունները։ Սրանք բոլորն այն վատ հետեւանքներն են, որոնք առաջացան երկխոսության կամ առողջ մրցակցության բացակայության պատճառով։ – Ի՞նչ փուլում է Արմեն Սարգսյանի հանդեպ հարուցված գործը։ – Մեր ընտանիքում ամենահանդուրժող եւ ամենաբարի մարդը փոքր եղբայրս է։ Ճակատագրով է այդպես եղել, իմ հորեղբայրը երեխա չի ունեցել, Արմենը մեծացել է հորեղբորս ընտանիքում, եւ իմ ծնողները Արմենի հանդեպ այլ մոտեցում են ունեցել, ու եթե մենք եղբայրներով կռվում էինք, Արմենի հետ երբեք չէինք կռվում։ Արմենը բացարձակ ապաքաղաքական մարդ է, ինքն իր շփումների մեջ բացարձակ անկաշկանդ մարդ է։ Օպերայի շրջակայքում պտտվող կամ «Օրրան»-ում ապրող անտուն երեխաներին կարող եք հարցնել, թե ինչքան են եղել դեպքեր, երբ Արմենը հավաքել է այդ երեխաներին, տարել է Արարատ, պահել իր տանը։ Երեխաներին չափազանց սիրող մարդ է, եւ Արմենին ճանաչող մարդիկ միանշանակ համոզված են, որ իմ եղբայրն իր դեմ հարուցված մեղադրանքի հետ որեւէ կապ չունի։ Նաեւ այն պարզ պատճառով, որ նա «Հ1»-ն ընդհանրապես չէր նայում հոկտեմբերի 27-ից հետո, բացառությամբ Վազգենի ծննդյան օրերի, եթե ինչ-որ հաղորդում էր լինում։ Արմենն առանձնապես աչքի չի ընկել «Հոկտեմբերի 27»-ի դատավարությանը մասնակցությամբ, միտինգներին իր մասնակցությամբ։ Ավելին ասեմ՝ նա Վազգենի նախկին կապերը պահում եւ շփվում էր բոլորի հետ, անկախ նրանից, այդ մարդիկ իշխանության մեջ են, թե ոչ։ Ու երբ Վազգեն Սարգսյանի հուշարձանը բացվեց Զինվորական ակադեմիայում, ընտանիքից հրավիրված էր միայն Արմեն Սարգսյանը եւ Արմենը Սերժ Սարգսյանի հետ մասնակցեց բանկետին։ Այսինքն՝ Արմենը չունի չարություն մեղադրանքներ ներկայացնելու, եթե դրա հիմքերը 100 տոկոսով չունի, ի տարբերություն ինձ։ Ինձ շատ է մտահոգում Արմենի առողջական վիճակը, որովհետեւ թոքաբորբը դեռ չի անցել, եւ առավոտյան ու երեկոյան նա ջերմում է։ Պիտի ասեմ, որ դեղորայք տրամադրելու առումով նույնպես որեւէ խնդիր չունենք, ինչպես նաեւ փաստաբաններն են ուզած պահին հանդիպում։ Չեմ հասկանում, թե ինչու մերժվեց հիվանդանոց տեղափոխելու միջնորդությունը։ – Ձեր ծնողներն ինչպե՞ս են վերաբերվում կատարվածին։ – Երեք-չորս տարեկան երեխային հարցնում են՝ մամայի՞դ ես շատ սիրում, թե՞ պապայիդ, ու եթե երեխան չորս տարեկան է, ասում է՝ երկուսին միասին։ Հաջորդ հարցը որ հնչում է՝ ինչքա՞ն, ասում է՝ ամպի չափ։ Ինձ համար ծնողներիս նկատմամբ սերը մնացել է նույնը։ Ինձ համար իմ ծնողները միշտ երիտասարդ են եւ միշտ երջանիկ, անկախ այս ամենից։ Իհարկե, «Հոկտեմբերի 27»-ը, մինչեւ այդ էլ, դժվար էր, ընդհանրապես քաղաքականության մեջ, իշխանավոր երեխաներ ունենալը դժվար է։ Բայց, կարծում եմ, որ սա պայքար է եւ դա իմ ծնողներին երիտասարդ է պահում, այսինքն՝ իմ ծնողները միշտ անելիք ունեն, իսկ եթե անելիք ունեն՝ իրենց երիտասարդ են զգում։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել