Հաղթեց լրագրողական «ահաբեկչությունը» Դեռ «ԶԼ մասին» օրինագծի քննարկումների ժամանակ էր ՀՀ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը մտավախություն հայտնում, թե չի ընդունվելու իր մշակած՝ «ի նպաստ» լրատվամիջոցների օրինագիծը: Այդպես էլ եղավ: Քվորումի բացակայության պատճառով երեկ ԱԺ մեծամասնությանը չհաջողվեց ընդունել այդ եւ մի շարք այլ օրինագծեր: Ա. Աբովյանի հավաստմամբ, այդքան «սիրո՜վ» ու «պատրաստակամությամբ» աշխատած օրինագծի ընդունմանը խոչընդոտեցին լրագրողական «ահաբեկչության» կողմնակիցները: «Կա լրագրողական որոշակի հատված, որն ուզում է ստեղծել լրագրողական դիկտատուրա: Դա նրանց ձեռքի գործն է: Կոնկրետ չէի ուզենա անդրադառնալ՝ մեկին հիշել, մյուսին՝ մոռանալ»,- հայտարարեց Ա. Աբովյանը: Խնդրեցինք նրան պարզաբանել, թե ո՞րն է լրագրողական «դիկտատուրան», եւ ստացանք հետեւյալ բացատրությունը. «Լրագրողական դիկտատուրան այն է, երբ բոլորը վախենում են: Նշանակություն չունի՝ իշխանությունները, թե ովքեր. վախենո՛ւմ են»: Սակայն նույն Ա. Աբովյանը մեզ վստահեցրեց, որ անձամբ ինքը չի վախենում լրատվամիջոցներից. «Ես երբեք չեմ վախեցել եւ չեմ վախենա: Ես վախենալու բան չունեմ, դա է ամբողջ խնդիրը: Իմ հզորությունն այն է, որ ես վախենալու բան չունեմ»,- արագ-արագ իր քաջության մասին պատմեց փոխնախարարը: «Իսկ եթե վախենալու հիմքեր ունենայիք՝ կվախենայի՞ք»: Այս հարցին ի պատասխան Ա. Աբովյանն ասաց. «Ա՜յ, դա ուրիշ խնդիր է»՝ ավելացնելով, թե ի տարբերություն իրեն, ԱԺ պատգամավորները՝ քաղաքական նկատառումներից ու վախից, ենթարկվեցին լրագրողական «ահաբեկչությանը»: Փոխնախարարը նշեց, որ ինքը հետագայում այս օրինագծի հետ կապված աշխատանքներ կիրականացնի, եթե համապատասխան հանձնարարական ստանա, իսկ եթե նման ցուցում իրեն չտրվի, ապա ինքը կաշխատի այլ «ուղղությամբ»: «Շա՜տ սիրով աշխատանք է կատարված, շատ լուրջ օրենքի նախագիծ է: Երբեք այդ աշխատանքը չի կորչում, ով էլ հետագայում զբաղվի այդ օրենքի վրա, դա լուրջ նյութ է, որպեսզի աշխատանք կատարվի եւ ունենանք ավելի լուրջ օրենք, քան եղել է 1991թ: Այդ օրենքը լավ օրենք է, բայց իր ժամանակին: Լրագրությունը կորցրեց իր երաշխիքները: Լավ լրագրությունը»,- վստահեցնում էր նա: Մեր հարցին, թե ինչ երաշխիք կորցրեց «լավ լրագրությունն» այս օրինագիծը չընդունելով, Ա. Աբովյանը պատասխանեց. «Խոսքի ազատության երաշխիքը»: Մեր հաջորդող հարցին՝ ինչ է, մինչ օրս այդ ազատությունը չի՞ եղել, փոխնախարարը պատասխանեց. «Հա՛, խոսքի ազատություն չի եղել: Այդ օրենքը լուրջ արտոնություններ, առավելություններ էր տալիս լրագրողական աշխարհին: Այս օրենքով անպայման ազատ խոսք կլիներ: Միանշանակ, նույնիսկ կասկած միք ունենա»: Նրան հիշեցրինք իշխանությունների այն պնդումները, թե Հայաստանում խոսքի ազատությունը կատարյալ է, ինչին նա հակադարձեց. «Սխալ են ասում, սխալ է այդ տեսակետը»: ԱԺ «Միասնության» ղեկավար Գալուստ Սահակյանը, ճիշտ է, երկու ձեռքով «կողմ» էր քվեարկել այդ օրինագծին, սակայն նրանից հետաքրքրվեցինք՝ նա վախենո՞ւմ է 4-րդ իշխանությունից եւ հատկապես այն լրատվամիջոցներից, որոնք «լրագրողական ահաբեկչություն» իրականացնողներն են: «Ես ոչ միայն չորրորդից, այլեւ՝ առաջինից էլ չեմ վախենում»: Իսկ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ասաց, թե ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունելով այդ օրինագիծը պետք է ցույց տար, որ «որեւէ մեկի ազդեցությունը, այդ թվում՝ լրատվամիջոցների ճնշումը չպետք է վճռական լինի խորհրդարանում ընդունվող օրենքների եւ որոշումների տեսակետից»: Նա նաեւ կարծիք հայտնեց, թե նոր ձեւավորվող ԱԺ-ին անհրաժեշտ է առաջարկել, որպեսզի քննարկեն եւ քվեարկեն այն օրենքների օգտին, որոնք կարժանանան լրատվամիջոցների հավանությանը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ