ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԼԻՆԻ Փաստորեն դա է «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի պատասխանը նախագահի աշխատակազմի ղեկավարին: Նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության արարողությունից հետո «Առավոտին» տված հարցազրույցում միջոցներ էր առաջարկել, թե ինչպես կարելի է հաղթահարել հասարակության մեջ քաղաքական դիմակայության հետեւանքով առաջացած խզումը. «Միգուցե դա պետք է անել նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպմամբ, ընտրությունների արդյունքներով»: Բավական պարզորոշ այս ակնարկներից կարելի է կռահել, թե իշխանությունը պատրաստ է քննարկել այն տարբերակը, որ 1998-ի նախագահի ընտրությունից հետո գործեց 1999-ի խորհրդարանական ընտրությունների պարագայում, եւ Ռոբերտ Քոչարյանի մրցակից Կարեն Դեմիրճյանը դարձավ ԱԺ նախագահ: Արտաշես Թումանյանը նաեւ ասել էր. «Պետք է լինի երկխոսության հնարավորություն: Հանրահավաքները, դժգոհությունները, քաղաքական գործողությունները չպետք է խանգարեն հակամարտող կողմերին, որ նրանք կարողանան մտնել երկխոսության մեջ: Գտնվելով իշխանական դաշտում՝ այս պարագայում մյուս կողմից չեմ տեսնում երկխոսության ոչ մի նախանշան»: Ահա եւ փորձեցինք ընդդիմադիր «Արդարություն» դաշինքում ամենաարմատական տրամադրված կուսակցության՝ «Հանրապետության» քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանից պարզել, թե հնարավոր համարո՞ւմ են խորհրդարանական ընտրությունների եւ այլ հարցերի շուրջ իշխանության հետ երկխոսությունը: Նրա պատասխանը խիստ կտրուկ էր. «Երկու ամիս առաջ՝ մինչեւ նախագահի ընտրությունը, մենք պատրաստ էինք երկխոսության, որ քննարկենք, թե իրականում իշխանությունը հնարավոր համարո՞ւմ է կազմակերպել իրոք օրինական եւ արդար ընտրություններ: Նաեւ առաջին ու երկրորդ փուլերի «միջանցքում» էինք պատրաստ նման հարցերի շուրջ երկխոսության: Բազմիցս փորձեցինք քննարկումներ սկսել. գրություններ ենք պատրաստել եւ օրենքով սահմանված կարգով՝ պատգամավորները պահանջել են հանդիպումներ տարբեր կարգի պաշտոնյաների հետ՝ վարչապետի, գլխավոր դատախազի, ոստիկանապետի, նախագահի կամ նրա աշխատակազմի որեւէ ներկայացուցչի հետ: Իշխանությունն ի՛նքը բացարձակապես չգնաց երկխոսության ընդդիմության հետ: Իսկ այժմ մե՛նք իշխանության հետ կարող ենք երկխոսություն սկսել մեկ հարցի վերաբերյալ՝ ի՞նչ պայմաններով ենք լուծելու Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի խնդիրը: Քանի որ նրանք արդեն անցել են բոլոր չափ ու սահմանները. ապօրինի ընտրությունների միջոցով բռնազավթվեց երկրի իշխանությունը եւ ստորացնելով Հայաստանի քաղաքացիներին՝ ժամանակավորապես (մեր գնահատականն է՝ քանի որ հնարավոր չէ երկար պահպանել այս վիճակը) կարողացան պահել իշխանությունը: Կրկնում եմ՝ ընդդիմության եւ հասարակության հետ հարաբերություններում նրանք անցել են բարոյական բոլոր նորմերը, ուստի երկխոսություն հնարավոր է միայն այդ հարցի վերաբերյալ»: Սակայն իշխանամետ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենք են ընդդիմությանը մեղադրում, թե խախտում են խաղի կանոնները: Մեջբերենք թեկուզ ՀՅԴ անդամ Կիմ Բալայանի նույն օրն արված դիտարկումը. «Այսօրվա ընդդիմությունն, ի տարբերություն նախկին ընդդիմության, ուղղակիորեն հակամարտություն է զարգացնում եւ երկու բեւեռներ ստեղծում հասարակության մեջ, որն անթույլատրելի է»: Մինչդեռ ներկա ընդդիմությունը նախկինի համեմատ դեռ բավական զուսպ է՝ հիշեցնենք, որ այժմ պետական որեւէ շենքի վրա չեն գրոհել ու որեւէ պաշտոնյայի գլուխը չեն ջարդել (կամ նրան անօգնական թողել՝ ինչի մեջ մեղադրվեց պրն Բալայանը): Անգամ չեն այրել նախագահի խրտվիլակը, որ ժամանակին իրագործվեց դաշնակցական Վահան Հովհաննիսյանի հմուտ ղեկավարությամբ: Սակայն մեջբերենք Ալբերտ Բազեյանի հակափաստարկներն այն մեղադրանքներին, թե ներկա ընդդիմությունն անթույլատրելի հակամարտություն է զարգացնում եւ բեւեռացնում հասարակությանը. «Իշխանությունն ի՛նքը գնաց հակամարտության եւ պատճառներ ստեղծեց դրա համար: Իշխանությունն ի՛նքն արհամարհեց հասարակությանը եւ ուղղակի զրկեց ընտրություն կատարելու իրավունքից: Կրկնում եմ՝ իշխանությունը բացարձակապե՛ս չփորձեց երկխոսության մեջ մտնել ընդդիմության հետ: Տարբեր հեռուստաընկերությունների երբեմն հրավիրած քաղաքական բանավեճերն էին ձեւակերպում իբր երկխոսություն: Դա՛ չի երկխոսությունը: Հիշեցնեմ՝ հանրահավաքներից մեկում մենք դիմում ուղղեցինք հանրապետության նախագահին եւ երթով գնացինք նրա նստավայր, պահանջելով, որ եթե ոչ նախագահը, ապա՝ նրա աշխատակազմի ղեկավարը կամ որեւէ պատասխանատու ընդունի մեր պատվիրակությանը եւ քննարկենք ելքեր իրավիճակից: Բայց որեւէ քննարկում այդպես էլ չեղավ: Դիմեցինք դատական ատյաններ, ասենք՝ ԿԸՀ անգործության կամ ոստիկանության ապօրինի գործողությունների կապակցությամբ՝ չհասանք որեւէ հաջողության: Պատգամավորներն անգամ ոստիկանապետի ընդունելությանը չէին կարողացել արժանանալ, թեեւ օրենքով ունեն ցանկացած պետական պաշտոնյայի մոտ առաջնահերթ ընդունելության իրավունք»: Երբ օրինական բոլոր ճանապարհներն անօգուտ եւ ապարդյուն են դառնում՝ ի՞նչ է մնում ընդդիմությանը: Թե՞ իշխանամետներն այժմ հանրահավաքներն էլ են շատ համարում իրենց քաղաքական հակառակորդներին, ուստի եւ արդարացնում են ցույցերի մասնակիցների նկատմամբ կիրառվող սահմանափակումներն ու բռնությունները: Ի դեպ, դաշնակցական Կիմ Բալայանն ասել էր. «Եթե հասարակության մեջ կան քաղաքական ուժեր, որոնք նաեւ սահմանադրական նորմերն են պատրաստ խախտել՝ ուրեմն, ստիպված են այսպիսի մեթոդներ նույնպես կիրառել»: Կարծեմ մոտավորապես նույն փաստարկով էին նախկին իշխանություններն արդարացնում Դաշնակցության գործունեության կասեցումը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ