ԴԻՄՈՂ ԿՈՂՄԸ ՎՍՏԱՀ Է Սահմանադրական դատարանում Ստեփան Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչներ, փաստաբան Աշոտ Սարգսյանը եւ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը երեկ ՀԺԿ գրասենյակում մամուլի ասուլիս էին հրավիրել։ ՍԴ-ի նիստերի լուսաբանումը վերջիններիս չի բավարարում, եւ դիմող կողմը հայտնվում է ինֆորմացիոն բլոկադայի մեջ. «Մենք արձանագրում ենք, որ այն երեւույթը, որ տեղի է ունեցել Ստ. Դեմիրճյանի նախընտրական քարոզչության ընթացքում եւ, որը մեր կողմից բնորոշվեց որպես նախընտրական կամ ինֆորմացիոն տեռոր Ստեփան Դեմիրճյանի նկատմամբ, իրականացվում է ներկայումս եւս ինֆորմացիոն բլոկադայի տեսքով, եւ, ըստ էության, հանրությունը ստանում է կեղծ, ծիծաղաշարժ ինֆորմացիա ՍԴ-ում տեղի ունեցող պրոցեսների վերաբերյալ»։ «Առավոտը» փորձեց ճշտել՝ ի վերջո, ի՞նչ ակնկալիք կա ՍԴ-ից, արդյոք դիմող կողմը մտածո՞ւմ է, թե իրենց հայցը կբավարարվի։ «Իհարկե, բավարարվելու է, մեր ներկայացրած ապացույցների ճնշման տակ բա ի՞նչ պիտի անեն։ ՍԴ-ին ներկայացված են փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ ընտրություններում կեղծիքները եղել են կազմակերպված, ծրարներով մինչեւ ընտրատարածքային հանձնաժողովներ, իշխանության թեւերի կողմից պլանավորված»,- ասաց Աշոտ Սարգսյանը։ Վիկտոր Դալլաքյանի կարծիքով էլ. «մենք վստահ ենք մեր փաստարկների եւ փաստերի վրա։ ՍԴ-ի որոշումները վերջնական են եւ վերանայման ենթակա չեն, մենք գիտենք, որ Սահմանադրության որոշումից բարձր կա երկու որոշում, դա ժողովրդի որոշումն է եւ Աստծու որոշումն է։ Եթե ՍԴ-ն կելնի ժողովրդի եւ Աստծու որոշումներից, ուրեմն նրա որոշումը կլինի արդարամիտ»։ Վիկտոր Դալլաքյանը եւս հայտնեց, որ ՍԴ ներկայացրած իրենց փաստերն ապացուցում են, որ 2003 թ. նախագահական ընտրությունների ընթացքում պետականորեն կազմակերպվել է անօրինականությունների մի համակարգ, որի նպատակը եղել է գործող նախագահի իշխանության պահպանումը։ Փաստաբան Ա. Սարգսյանի կողմից ներկայացվել են կնիքի ծրարները, որոնց վերաբերյալ մինչեւ այժմ դատախազությունը որեւէ պատասխան չի տվել, հաջորդը՝ փաստաբանը դատարանում ներկայացրել է փաստեր, ըստ որոնց եղել է մոտ չորս հազար քվեաթերթիկ, որոնք տպագրվել են անհասկանալի եղանակներով եւ ձեւերով։ Երեկ ԿԸՀ-ի ներկայացուցիչը հայտարարել է, թե կնիքները եղել են անվերահսկելի։ Թերեւս մեկնաբանություններն ավելորդ են։ Հաջորդը՝ «փաստաբան Սարգսյանը եւ ես մշտապես շեշտում էինք, որ ԼՂՀ-ն Հայաստանի Հանրապետության տարածքի անբաժանելի մաս է, եւ այդ հանգամանքն ընդունելով պատասխանող կողմին ուղղվել է հետեւյալ հարցը՝ եթե ԼՂՀ-ն ՀՀ անբաժանելի տարածք է, ուրեմն ինչո՞ւ ԿԸՀ-ն չի ձեւավորել ընտրատարածք, տեղամասային հանձնաժողովներ եւ ԼՂՀ քաղաքացիներին չի ընդգրկել համապատասխան ցուցակներում»։ Այս հարցումներին ի պատասխան ԿԸՀ-ի ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը պատասխանել է, թե ԼՂՀ-ն ՀՀ տարածք-բաղկացուցիչ մաս չէ։ Եզրակացությունը խիստ թափանցիկ է, եւ Վիկտոր Դալլաքյանը նշեց. «ուրեմն ի՞նչ հիմքով են գրանցել Ռոբերտ Քոչարյանին որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Այդ հարցը պատասխան չունի։ Ուրեմն, ստացվում է, որ մեկ անձը ընտրելու եւ ընտրվելու իրավունք ունի, իսկ 66 հազար քաղաքացիներն այդ նույն հիմքով ընտրելու եւ ընտրվելու իրավունք չունեն»։ Սա գնահատվեց որպես համընդհանուր ընտրական իրավունքի կոպիտ խախտում, իսկ նույն ՍԴ-ի մարտի 24-ի որոշման մեջ (Ա. Գեղամյանի հայցի որոշումը) գրված է, որ կոպիտ խախտումների դեպքում, այդ թվում եւ՝ համընդհանուր ընտրական իրավունքի, ուղղակի, գաղտնի ընտրական իրավունքի խախտումների դեպքում ընտրությունները պետք է համարել անվավեր։ Աշոտ Սարգսյանը նկատեց, որ պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն, «ամենակարեւորի վերաբերյալ հարցեր չի ուղղում. ամենակարեւոր դրույթն այն է, որ թվերն ուռճացված են եւ ներկայացրել ենք թվաբանությունը, համեմատել ենք Վիճվարչության տվյալների հետ, արդյունքում ստացվել է, որ ՀՀ-ում չէր կարող լինել 1 միլիոն 600 մարդու մասնակցություն, երբ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 1 միլիոն 900 հազարը չի գերազանցում։ Ի զարմանս ինձ՝ ո՛չ պատասխանող կողմը, ո՛չ ՍԴ-ն այս մասին հարց մեզ չի ուղղել։ Սա ես գնահատում եմ միանշանակ՝ ուրեմն ընդունել են մեր ներկայացրած թվերը, այսինքն՝ ընդունել են, որ իրոք ուռճացված են թե՛ ընտրողների, թե՛ մասնակիցների թվերը»։ Աշոտ Սարգսյանի ներկայացմամբ՝ գլխավոր կեղծարարը ԿԸՀ-ն է, վերջինս ՍԴ է ներկայացնում փաստաթուղթ, որի մի էջում գրված է, որ ստուգվել է 45 տեղամաս, հաջորդ՝ հավելված էջում դրանք թվարկված են եւ գումարը կազմում է 29. «բայց տպավորություն ստեղծելու համար ասում են՝ 45, իբր էնքան մեծ բան են արել, որ 300 բողոքարկված տեղամասերից բացել են միայն 45-ը, բայց 45-ն էլ չի, ընդամենը՝ 29-ը։ Իսկ մեր իրական տվյալներով՝ ընդամենը 16 տեղամաս»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ