ՁԱԽՈՂՎԱԾ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ Վերջին ժամանակներս հաճախ է խոսվում այն մասին, թե Հայաստանի Հանրապետությունում բռնապետություն հաստատել հնարավոր չէ։ Ինչպես այլեւայլ պարագաներում, այս անգամ էլ համապատասխան փաստարկներ չեն բերվում, թե ինչո՛ւ հնարավոր չէ, ընդամենը շուտասելուկի նման կրկնելով, թե դրա համար ռեսուրսներ չունենք։ Զարմանալին այն է, որ այդ մասին հանրահավաքներում բարձրաձայնում են նաեւ ընդդիմադիրները եւ այնքան համառորեն են առաջ տանում իրենց դրույթը, որ կարելի է կարծել, թե իրենք պայքարում են ամենաժողովրդավարական վարչակարգի դեմ։ Լավ, ռեսուրսներ չունենք, բայց հո 5000-ամյա պատմություն ունե՞նք, հարյուրամյա կուսակցություններ, որոնցից ոմանց մուրազը կիսատ մնաց, մյուսները ժամանակին սոցիալիզմ էին կառուցում առանձին վերցրած մի երկրում, որ չնայած բավականաչափ ռեսուրսներ ուներ, սակայն այդպես էլ հնարավոր չեղավ կառուցել։ Եվ, ինչպես վերջերս սրամտորեն նկատեց ընկերս՝ հակառակ մեր կամքի, սոցիալիզմ կառուցվեց այն երկրներում, որտեղ առանձնապես չէին պատրաստվում այն կառուցել։ Կամ՝ կարծես սոցիալիզմ հնարավոր էր, բայց հո 70 տարի կառուցո՞ւմ էինք, կարծես կարելի էր իրագործել մարդկության երազանքների գագաթնակետը՝ կոմունիզմը, բայց ակնկալում էինք, չէ՞։ Նույն տրամաբանությամբ, շատ չէ՝ մի 10-15 տարի էլ բռնապետություն չենք կառուցելու, բայց դա հո չի՞ նշանակում, թե ձեռներս ծալած նստելու ենք, ինչ է թե՝ Հայաստանում հնարավոր չէ բռնապետություն։ Մյուս կողմից՝ եթե ռեսուրս ունենալը բռնապետության անհրաժեշտ պայմանն է, նույն հաջողությամբ կնշանակի, որ ռեսուրս չունենալը կարող է ժողովրդավարության բավարար հիմք լինել- բա ինչո՞ւ այդպես չէ։ Ստացվում է, որ մենք գործ ունենք տրամաբանական, դրանով իսկ ամենավտանգավոր խաբեության հետ. այսինքն՝ ինչպես Նիցշեն էր պնդում, պատճառը շփոթում ենք հետեւանքի հետ կամ որ ամեն ինչ այդքան անհեթեթ չլինի- Հայաստանում նավթ կա եւ հարկավոր է այն փնտրել Քըրքորյանի միջոցներով։ Այլ ռեսուրսներ եւս կգտնվեն՝ երբեմն Արա Աբրահամյանի, ամենուր հաջողությամբ կիրառվող Հմայակ Հովհաննիսյանի, «գույք պարտքի դիմաց» բանաձեւի եւ եթե դրանք էլ չօգնեն, հոկտեմբերի 27-ի տարբերակը կա ու կա։ Նայեք իշխանական դաշտի քաղաքական շախմատի խաղատախտակին մնացած ֆիգուրներին եւ պարտիայի ելքը անսպասելի չի լինի, մանավանդ անմեղության կանխավարկածը երեք հոգու վրա կարելի է հաստատապես տարածել՝ մեկ՝ Միրզախանյանի, մեկ՝ Պարույր Հայրիկյանի, մեկ էլ Արտաշես Գեղամյանի վրա, եթե դեռ պետք գան, իսկ համաներումը՝ Նաիրի Հունանյանի։ Ի վերջո, բռնապետությունը այն չէ, որ ինչ-որ բան արգելվում է, այլ հարկադրում է ասել մի բան, որ չես մտածել, ավելի հաճախ՝ որ չես հասկացել, թե չէ կստացվեր, որ առաջին բռնապետը Ադամին դրախտը պարգեւած (բոլոր ռեսուրսներով) Աստված էր, որ արգելել էր ուտել իմացության ծառի պտուղը։ Ինչեւէ, ռեսուրսներ ասելով մերոնք հասկանում են բացառապես նյութական միջոցներ եւ համառորեն անտեսում են, որ Քոչարյանը արդեն քանի տարի գործածում է «կազմակերպված պետություն», «տարածաշրջանի ամենակազմակերպված պետությունը», «կազմակերպված ընտրություններ» արտահայտությունները։ Ահա թե որտեղ պետք է որոնել ռեսուրսներ։ Ի՞նչ է նշանակում «կազմակերպված պետություն»։ Պետությունն ինքնին մարդկության ետնախապատմական ժամանակաշրջանի ամենակազմակերպված կազմակերպությունն է եւ նրա մասին ասել «կազմակերպված», նշանակում է ընկնել տափակաբանության մեջ։ Մասնագետները առայժմ հաշվել են պատմությանը հայտնի մոտ 23 պետական համակարգ եւ դրանց շարքում չկա «կազմակերպված պետություն» ձեւը։ Չկա, որովհետեւ «կազմակերպվածը» չի կարելի վերակազմակերպել («վերակառուցման» ճակատագիրը բոլորիս հայտնի է)։ Կազմակերպված լինում է հանցագործությունը, համակենտրոնացման ճամբարը, ինչպես Կամպուչին իր դասական «գերկազմակերպվածությամբ», միտքը, մարդը, ցեղասպանությունը, միջոցառումը։ Պետության հատկանիշներն ու հայտանիշները շատ են, սակայն ցանկացած պետություն հիմնվում է երեք գլխավոր համակարգերի վրա՝ իրավական, տնտեսական եւ մշակութային, որոնցից յուրաքանչյուրի անհամամասնական «շեղումը» հանգեցնում է մյուս երկուսի կաթվածին, ինչը անմիջականորեն արտացոլվում է ողջ քաղաքական համակարգի՝ պետության վրա։ Հայաստանյան տնտեսական համակարգի մասին շատ է խոսվել, իրավականի մասին խոսելը թողնում եմ այդ համակարգի մասնագետների խղճին, իսկ մշակույթի… Դատելով վերջին տարիների մեր մտավորականության դերից ու վարքից, անկեղծ ասած, առաջին անգամ հասկացա, թե ինչու էր Պլատոնը պետությունից (նկատի ունեցեք՝ դեմոկրատական) դուրս թողնում բանաստեղծներին (այդ ժամանակ պոետ լինելը նեղ մասնագիտություն չէր)։ Եթե այդ ամենին գումարենք «մենթալիտետը» եւ «ուժեղ ձեռքի» կարոտից հալումաշ եղողներին, կտեսնենք, որ ռեսուրսներով այնքան էլ աղքատ չենք։ Նախադեպ կամ հերոսություն Հայաստանում ստեղծված վերջին մեկ ամսվա իրավիճակը բոլորիս հայտնի է, սակայն կարծես իշխանափոխության՝ ընդդիմության ակնկալիքները Սահմանադրական դատարանում հարկադիր կանգառից հետո «2003-նախագահական ընտրությունները» մեծ արագությամբ դառնալու են անցյալ։ Թվում է, հասունացած հեղափոխությունը արհեստականորեն կասեցվեց։ Նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ նույնիսկ ամենալավատես վերլուծաբանները այն կարծիքին էին, թե ժողովուրդը քաղաքականապես բացարձակ անտարբեր է, հետեւաբար, չի կարող գործոն դառնալ։ Գործոն էին համարվում Սերժ Սարգսյանը, ընդդիմության դաշտում տեղավորված ականները, Արեւմուտքն ու Պուտինը եւ, իհարկե, Քոչարյանը։ Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ չնայած ժողովուրդը անտարբեր չէր, բայց գործոն դարձան վերոհիշյալ բոլոր անձերն ու պետությունները միաժամանակ, բացառությամբ ժողովրդի։ Ստեղծված իրավիճակում, անշուշտ, ընդդիմության ջանքերով ու ժողովրդական վիթխարի զանգվածների ցանկությամբ կազմակերպված հանրահավաքները ցնցում եւ շարունակում են ցնցել վերարտադրված իշխանության հիմքերը, սակայն իշխանափոխության սահմանադրական ճանապարհ ընտրած ընդդիմության մարտավարությունը հասունացած հեղափոխությունը մտցրեց փակուղի, ոի պատճառով, կարծում եմ հանիրավի, մեղադրանքների է արժանանում։ Ենթադրում եմ, որ այդպիսի վարքով ընդդիմությունը փորձում է 96-ից սկսած ներիշխանական հեղաշրջումների առաջն առնել խաղաղ իշխանափոխության նախադեպ ստեղծելով։ Նախադեպ, որ շատ կողմերով կարող է կանխորոշել մեր պետության ապագան եւ ժողովրդաիշխանությունը իսկապես կդարձնի անշրջելի։ Արդեն գրել եմ. երբ առաջանում է հերոսականության եւ առաջնորդի պահանջ, ուրեմն հասարակությունը հայտնվել է սուր ճգնաժամի առաջ։ Ընդդիմության առաջնորդի խնդիրը լուծված է, իսկ ի՞նչ անել հերոսականության հետ, որ ստեղծված իրավիճակի երկրորդ հրամայականն է։ Նորից կրկնեմ՝ օրինականության ուղին բռնած ընդդիմության պարագայում հերոսականությունը սահմանադրական նորմ չէ, մեղմ ասած, նույնիսկ հակասահմանադրական է, քանի որ դրա համար հարկ է լինում չափազանց թանկ վճարել։ Ինչպես Պոլ Վալերին է գրում. «Հերոսը փնտրում է աղետ։ Առանց աղետի հերոս հնարավոր չէ։ Կեսարը փնտրում է Բրուտոսին, Նապոլեոնը՝ սուրբ Հեղինե, Հերակլեսը՝ թունավոր պատմուճան… Աքիլլեսը գտնում է իր կրունկը, Նապոլեոնը՝ իր կղզին։ Ժաննա դ՛Արկին հարկավոր է խարույկ»։ Այնպես որ, հերոսությունը մնաց նախորդ դարում։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ