Լրահոս
Օրվա լրահոսը

Գրեթե արտակարգ իրավիճակ

Ապրիլ 11,2003 00:00

Գրեթե արտակարգ իրավիճակ Ալվարդ Պետրոսյանը Արշակ Սադոյանը չէ «Երկրի համար աղետ կլինի, եթե ինձ նման կանայք շատ լինեն»,- ասաց ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը՝ խոսելով «Կանանց դերը հայ հասարակական-քաղաքական կյանքում» թեմայի կոնտեքստում: Թեման կլոր սեղանի քննարկման նյութ դարձնելու մտահղացումը Սոցիալիստական ինտերնացիոնալ ՀՅ Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանն էր: Նախ նշենք, որ Ա. Պետրոսյանն իրեն ավելի շատ հասարակական, քան քաղաքական գործիչ է համարում, թեպետ այդ երկուսի սահմանն էլ չի գտնում։ Հրավիրված կին հասարակական-քաղաքական գործիչներից ներկա էր միայն տիկին Պետրոսյանը, եւ թեման էլ պտտվում էր նրա անձի շուրջ: Այսպես. ճիշտ է, Ա. Պետրոսյանը Հրանուշ Հակոբյանին համարում է պրոֆեսիոնալ պատգամավոր, բայց եթե Ա. Պետրոսյանն էլ 3-րդ անգամ ընտրվի, ինքն էլ պրոֆեսիոնալ կլինի: Կամ՝ ճիշտ է, Հերմինե Նաղդալյանը 5 երեխա ունի ու շատ լավ մայր է, բայց տիկին Պետրոսյանն էլ շատ լավ տատիկ է: «Ընտրություններում ինձ ջնջում են կանայք: Նրանք չեն մտածում, որ իրենց դիմացինը (այսինքն՝ Ա. Պետրոսյանը) կարող է իրենցից լավը չէ, բայց իրենցից կազմակերպված է, մեր ձայնը տանք նրան, համախմբվենք նրա շուրջ: Կինը կնոջ համար չի պայքարում, եւ այստեղ է, որ շատ արեւելցի ենք, եվրոպացի չենք»: Սակայն եվրոպացի լինելն էլ է մեզ վնասում, երբ զոհաբերում ենք մեր ընտանիքները՝ կրկնօրինակելով այդ նույն Եվրոպային: Այստեղ տիկին Պետրոսյանը հիշեց իր ընկերուհիներին, որոնք գրանտներ են ստանում (նրանց ասելով «հազիվ բենզինի փող է») ու կանանց համար ապաստարաններ կառուցում, որ վերջիններս, երբ իրենց հոգնած ու գործազուրկ վիճակից նյարդայնացած ու «իմպոտենտ դարձած» ամուսինը գոռա իրենց վրա կամ թեկուզ մի հատ էլ ապտակի, վազեն այդ ապաստարանները: «Թալինցի կամ քյավառցի ավանդապահ տղամարդն ինչպես հետ կընդունի այդ կնոջը: Եթե այս ինտենսիվությամբ շարունակվի, կարճ ժամանակից նոր հիբրիդ ենք ստանալու, ամեն հին չէ, որ վատն է, եւ ամեն նոր չէ, որ լավն է»: Ալվարդ Պետրոսյանը անդրադարձավ կանանց ազատագրության հիմնահարցերի անվան տակ կասկածելի գործունեություն ծավալող այլ կանանց եւս, որոնք այդ ամենն անում են զուտ փողի համար: Իսկ, այ, ՀՕՄ-ը. «Ես չափազանցված ինձ եմ բամբասում, որ գունավոր լինի»,- «արդարացավ» տիկին Պետրոսյանը: Վերադառնալով ընտրությունների թեմային՝ Ալվարդ Պետրոսյանը ցավով հիշեց, որ նախորդ պատգամավորական ընտրություններում Կարինե Դանիելյանը մեծամասնականում պարտվեց Նապոլեոն Ազիզյանին: Ճիշտ է, Ա. Պետրոսյանն էլ Խաչատուր Սուքիասյանին է պարտվել, բայց կարծում է, որ դա արդարացի էր. մարդը փողոցներ է ասֆալտապատել, դպրոցներին է օգնել: Թեպետ, ըստ տիկին Պետրոսյանի, ինքը կարող էր Խ. Սուքիասյանի՝ Վանո Սիրադեղյանի բարեկամը լինելու հանգամանքը օգտագործել եւ հաղթել, «բայց նախ՝ Խաչատուր Սուքիասյանն իրեն շատ քաղաքակիրթ պահեց, եւ հետո նա ինչ մեղավոր է, որ խնամիական կապերի մեջ է Վանոյի հետ»: Ավարտելով կլոր սեղանի թեման, ավելացնենք. Ալվարդ Պետրոսյանը խոստովանեց, որ Արշակ Սադոյանը չէ, ամեն ինչի մասին չի կարող խոսել եւ հաճախ ստիպված է լինում այս կամ այն հարցի քվեարկությանը կոճակ սեղմել՝ անորոշության մեջ լինելով: Նա կարոտով է հիշում իր ստեղծագործ տարիները եւ ամրագրում. «Լավ կյանքից չէ, որ պատգամավոր եմ դարձել»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել